Հին հայկական ավանդազրույցն ասում է, որ Արշակ Բ թագավորը, երբ ստիպված մեկնում էր պարսից արքա Շապուհ Բ-ի մոտ բանակցությունների, իրեն լրիվ տարբեր կերպ էր պահում՝ նայած, թե որ հողի վրա էր կանգնած։ Շապուհն իր վրանում Հայաստանից բերված հող էր շաղ տվել։ Պարսկական հողին ոտք դնելիս՝ Արշակը վախվորած զիջում էր և ամեն ինչում մեղադրում նախնիներին, բայց հայրենի հողին վերադառնալուն պես՝ միանգամից դառնում էր համարձակ, անկոտրում ու վճռական։
Նայելով հայկական ղեկավարության՝ Մոսկվա կատարած վերջին այցի արդյունքներին՝ ուզում ես նրանց այս լեգենդի հիման վրա մի պրակտիկ խորհուրդ տալ։ Եթե հնարավոր չէ ձեզ հետ տանել հայրենի հողից մի մեծ կտոր, արժե վերցնել գոնե ալոեի մի փոքր ծաղկաման, հայկական գորգ կամ նույնիսկ լինոլեումի մի կտոր։ Դրանց դիպչելը գուցե բանակցողներին ավելի շատ ուժ, արժանապատվություն և քաղաքական խելամտություն տար։
Մոսկվա կատարած այցը կարելի է բնութագրել այսպես. «քաղաքավարի և ըստ էության»։ Կողմերն իրենց միանգամայն ընկերաբար էին պահում, համենայն դեպս՝ հանրության աչքի առաջ։ Բայց միևնույն ժամանակ ՌԴ առաջնորդը հստակ ցույց տվեց իր դիրքորոշումը. միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է։ Ինչին ի պատասխան՝ այս խմբի ղեկավարն ասաց, որ «առայժմ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չկա»։ «ԱՌԱՅԺՄ» բառի տակ պետք է գիծ քաշել ու դեղին մարկերով նշել։ Այսինքն՝ շարժումն այդ ուղղությամբ շարունակվելու է։
2022 թվականին Հայաստանի պաշտպանությանը ՀԱՊԿ-ի չմասնակցելու վերաբերյալ դժգոհությունը, որն, ի դեպ, անհիմն չէր, արտահայտվեց շատ անորոշ կերպով։ Պրահայում Արցախի դավաճանությունն ու հանձնումը զրկեցին Ռուսաստանին մեղադրելու որևէ հնարավորությունից, թե իբր նա լքել է արցախցիներին։ Չէ՞ որ կար նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որտեղ Ռուսաստանը միջնորդ էր, և Արցախում դեռ հայեր էին մնացել։ Խոսվեց նաև հիբրիդային պատերազմի, ընտրությունների և կալանավորված ՌԴ քաղաքացիների մասին։
Անվերջ մանևրելը, անհասկանալի, խելագար քաղաքականությունը, դաշնակցի ու այլ երկրների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու, միջազգային իրավիճակը ճիշտ գնահատելու և ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը, անփորձությունը, անխոհեմությունն ու էմոցիոնալությունը ճակատագրական դեր խաղացին Հայաստանի համար։ Իհարկե, ռուսական կողմն էլ սխալներ ու բացթողումներ ունեցավ։ Արցախի կորուստը հանգեցրեց ամբողջ Հարավային Կովկասի կորստին, տարածաշրջանում Թուրքիայի գերիշխանությանն ու ՆԱՏՕ-ի՝ Կասպից ծով դուրս գալուն. մի բան, ինչի մասին մենք տասնամյակներ շարունակ գրում էինք։ Բայց հայերի այն վատ սովորույթը՝ Ռուսաստանի փոխարեն որոշել նրա շահերը, մտածել, թե իրենք առանձնապես անելիք չունեն, և հուսալ, որ ռուսները միշտ պատրաստ են փրկել իրենց, հանգեցրեց այս դառը պարտությանը։ Այս մասին ևս մենք տասնամյակներ շարունակ զգուշացնում էինք։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին հայտարարություններին և այն պնդմանը, որ Եվրոպան առայժմ դրանց այլընտրանք չէ, ապա դա կարելի է միայն ողջունել։ Մնում է միայն մի հարց. էդ դեպքում, գրողը տանի, ինչո՞ւ եք հալածում այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ ձեզ նույն բանն են ասում։ Որ Եվրոպայի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, բայց Ռուսաստանի հետ դրանք փչացնել պետք չէ։ Որ պետք է ունենալ հավասարակշռված, խելամիտ արտաքին քաղաքականություն։ Որ պետք չէ ժողովրդին եվրոհեքիաթներ պատմել։ Որ կարելի է լինել Ռուսաստանի դաշնակիցը և Արևմուտքի լավ գործընկերը։ Որ պետք է լինել կամուրջ, ոչ թե պատերազմի պլացդարմ։ Բա էլ ինչո՞ւ եք ձերբակալում ու հալածում այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ փորձում էին դա ձեզ բացատրել, և նրանց վրա եք քսի տալիս ձեր քարոզչական շներին։
Միգուցե Մոսկվայից մի քիչ ռուսական սևահո՞ղ բերեիք։ Որպեսզի և այս մարդը, և «Դոնոսավանի» քաղաքապետը, և «Առաջին ալիքի», «ՍիվիլՆեթի», «1in.am»-ի անձնակազմն ու բակային տաղավարների տհաս վերլուծաբանների ողջ թիմը, հերթական հակառուսական էքստազի մեջ ընկնելով, կանգնեին դրա վրա, լսեին իրենց ղեկավարին ու սթափվեի՞ն։ Ու վերջապես ձեռք քաշեի՞ն մեզանից։
Արթուր Խաչիկյան