«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Ո՞ր ընտրությունն է հանուն սեփական շահի, որը՝ ոչ

Ո՞ր ընտրությունն է հանուն սեփական շահի, որը՝ ոչ
07.06.2026 | 10:42

Ընտրակաշառք վերցնելով ընտրություն կատարելը նշանակում է ընտրել որոշակի շահի դիմաց, շահադիտական նպատակով:

Բայց ընտրողների մեծ մասը, միևնույն է, ընտրություն է կատարում հանուն սեփական շահի: Մեկն իշխանավոր է, մյուսը՝ իշխանավորի ընկեր ու բարեկամ, մյուսը իշխանությունից օգտվել է, օգտվելու ակնկալիքներ ունի և այլն:

Իշխանության դեմ քվեարկողների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք անձամբ տուժել են իշխանությունից, պաշտոնի, նյութական շահի և այլ ակնկալիքներ ունեն:

Իրականում, հանուն վեհ գաղափարների, գիտակցված ընտրություն կատարող մարդիկ ավելի քիչ են: Այդ մարդկանց մի զգալի մասն էլ հավատում է կեղծ գաղափարների, մարդն ազնիվ է, բայց ինչին որ հավատում է՝ գոյություն չունի կամ գոյություն ունի բոլորովին այլ ձևով ու նպատակով:

Առհասարակ, ընտրություն կատարելը շատ բարդ բան է: Սուպերմարկետում եթե հետևեք մարդկանց կատարած ընտրություններին, թե ով ինչ ապարանք է նախընտրում, կհասկանաք դա: Մարդուն կարելի է տալ անսահման փող, բայց նա դրանով կարող է գնել թույն կամ աղբ:

Վերջին օրերին հաճախ ենք հանդիպում հրեշտակի թևեր հագած զանազան ակտիվիստների ու անձանց, որոնք թունդ քննադատում են ընտրակաշառք վերցնողներին, նույնիսկ այն դեպքում, երբ այդպիսի դեպքերը դեռևս հաստատված չեն:

Այս վրդովվածներից շատերը վերը թվարկած խմբերի ներկայացուցիչներ են, չոր փողի տեսքով ընտրակաշառք չեն վերցնում, բայց օգտվել, օգտվում կամ օգտվելու ակնկալիքներ ունեն իշխանություններից:

Հայաստանում չոր փողի տեսքով ընտրակաշառք տալը տարածում գտավ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Նախկինում՝ 1990-ականներին, այդ տիպի ընտրակաշառք չկար: Նախ՝ հասարակությունը անհամեմատ ավելի բարձր բարոյահոգեբանական ու գիտակցական մակարդակ ուներ, մարդիկ նման բան իրենց թույլ չէին տա, թե՛ բաժանողները, թե՛ վերցնողները, և հետո այն տարիներին այդքան փող չկար: Այն տարիներին ընտրությունները պարզապես կեղծվում էին, թվեր էին նկարում, քվեաթերթիկներ էին լցոնում, զոռբայավարի հաղթում էին: Դա սկսվեց 1996-ից:

Սերժի թվերին փողը շատացավ, կաշառակերության մասշտաբները մեծացան, հասարակության բարոյահոգեբանական վիճակը ավելի իջավ, և փողով ձայն առնելը դարձավ նորմալ բան: Որովհետև մարդիկ տեսնում էին, որ իշխանավորները, իշխանությունից օգտվողները, կեղծ ընդդիմությունները, միևնույն է, շահում են, իրենց բաժին նյութական շահը պոկում են, իսկ իրենք, անկախ իրենց ընտրություններից, մնում են կոտրած տաշտակի առաջ: Եվ այդպիսի պայմաններում կաշառք վերցնելը դառնում էր «շնից մազ պոկել», վերցնում էին գրեթե բոլորը: Ես այդ չափերը չէի պատկերացնում, բայց տարիներ հետո հաճախակի լսում էի այնպիսի պատմություններ, այնպիսի մարդկանց մասին, որ ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որովհետև մարդկանց մասին ավելի բարձր կարծիք ունեի:

Հիմա ինչու՛ այս հարցին անդրադարձա:

Այո, ընտրակաշառք վերցնելը ամոթալի, քրեորեն պատժելի արարք է: Բայց, հարգելի «հրեշտակներ», երբ հայհոյում եք չոր փողով ընտրություն կատարողներին, իսկ դուք ձեր բաժին կաշառքը վերցրել կամ վերցնելու եք ցանկացած այլ տեսքով, իմացեք, որ դուք ավելի վատն եք, քան չոր փող վերցնողները, դուք պարզապես ավելի շատ եք վերցրել ու վերցնելու, փչացած եք թե՛ ներսից, թե՛ դրսից:

Կոպիտ համեմատություն կա. մարմնավաճառությունը բազմաթիվ երկրներում օրինականացված է, մարմնավաճառը մասնագիտորեն վերցնում է գումար և մատուցում է սեռական բնույթի ծառայություններ:

Բայց կան մասնագիտությամբ ոչմարմնավաճառներ, որոնք ծախվում ու դավաճանում են ոչ միայն մարմնով, այլև հոգով: Մեր օրերի Հայաստանում սա շատ մեծ տարածում ունի, այնպիսի տարածում, որի մասին դրսից պատկերացնելը հնարավոր չէ: Նման նյութապաշտության մասշտաբներ, նման սոդոմ ու գոմոր, մեր երկրում չի եղել: Հաճախ, երբ մոտիկից ծանոթանում ես մեր ներկայիս բարքերի հետ, պարզապես ապշում ես, դուք ինձանից ավելի լավ կիմանաք, իմ երևակայության մեջ շատ բաներ չեն տեղավորվում: Մարդիկ ասում են մի բան, անում այլ բան, սրանից տանում են նրան, նրանից՝ մյուսին: Վերջապես, երևանյան գովելի սրճարաններում ու օբյեկտներում օր ու գիշեր խոսակցության թեման բամբասանքն է, ով ում հետ, երբ, ինչ պոզայով, ինչքանով ու այդ տիպի բազմաթիվ հարցեր, ուրիշ հարցեր չկան, սա է...

Եվ ուրեմն, ձեր «հրեշտակի» թևերը հանեք և ուրիշներին մի փնովեք, երեք մանեթանոց հայրենասիրական ողբ ու երգեր, պաթոսային կենցաներ մի ասեք: Մենք այնքան փոքր երկիր ենք, որ գրեթե բոլորը բոլորին ճանաչում են:

Մարդիկ կան տասը տարի ֆեյսբուքում զուտ շահից ելնելով գրառում ու քոմենթ են անում, բայց նման պահերին ծլում ու սկսում են բարոյական դասեր տալ:

Կաշառքը կաշառք է, լինի դրամով, տարադրամով, պաշտոնով, թոշակով, ապահովագրությամբ, թե մարմնով:

Մի փոր հացը մի հոր հացի հետ չեն փոխում, փոխել ու հասել ենք այս օրին, շփոթվել՝ թացը չորից չենք ջոկում: Դամոկլյան սուրը գլխներիս կախած, մենք էլի մեր գծուծ խաղերի մեջ ենք:

Խելքի եկեք, թանկ է նստել այս ամոթալի արժեհամակարգը, ապագայում ավելի թանկ գին ենք վճարելու, և ոչ մի մեծ ու փոքր կաշառք, շահ ու ակնկալիք պետք չեն գալու, մեր երկիրը կարող է գոյություն չունենալ: Այդպիսի ժամանակներ են...

Հետո մեղավորներ չփնտրեք:

Ի սեր աստծու, ձեր փոշոտված ու շյուղի հետքերով հրեշտակի թևիկները հանեք և պահեք պահարաններում, իսկ ավելի ճիշտ կլինի դրանք նետել աղբաման, որպեսզի սերունդներին չհասնի:

Արա Արայան

Դիտվել է՝ 245

Մեկնաբանություններ