«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Եկեք չսպասենք, որ ինչ-որ մեկը գա իշխանության ու Հայաստանը սիրի մեր փոխարեն

Եկեք չսպասենք, որ ինչ-որ մեկը գա իշխանության ու Հայաստանը սիրի մեր փոխարեն
07.06.2026 | 13:01

Ես կատարեցի իմ ընտրությունը, բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել, որովհետև ընտրությունը մեկ օրվա արարք է, իսկ հայրենիք սիրելը՝ ամբողջ կյանքի պատասխանատվություն։ Ընտրությունը մի պահ է, երբ մտնում ես խցիկ, մենակ մնում քո խղճի, հիշողության, վախերի ու հույսերի հետ, բայց երկիր ունենալը դրանից շատ ավելի խոր բան է․ դա ամենօրյա պատասխանատվություն է, սեր, աշխատանք և այն լուռ հավատարմությունը, որը չի սկսվում ու ավարտվում քվեաթերթիկի հետ։

Ես ընկերներ ունեմ կուսակցական գրեթե բոլոր թևերից: Բայց ես չեմ ուզում, որ վաղը մենք նորից բաժանվենք հաղթողների ու պարտվողների, ճիշտերի ու սխալների, մերոնց ու ձերոնց, որովհետև հայրենիքը չի տեղավորվում կուսակցական սենյակներում, հայրենիքը չի սկսվում ընտրական ցուցակով ու չի ավարտվում պաշտոնական աթոռով: Այո՛, կարևոր է, թե ով է կանգնած ղեկին, որ ուղղությամբ ու ինչ արագությամբ են վարում: Բայց Հայրենիքը նաև մեր տան շեմն է, մեր երեխայի հայացքը, մեր ծնողի հոգնած ձեռքը, մեր զինվորի լուռ հաստատակամությունը, մեր ուսուցչի համառությունը, մեր բժշկի անքուն գիշերը, մեր գյուղացու ճաքած ափը, մեր աշխատողի ազնիվ քրտինքը, մեր չկոտրվելու ցավոտ կարողությունը։

Պետությունը կարևոր է, իշխանությունը՝ պատասխանատու, կառավարողները՝ թերևս ժամանակավոր, բայց երկիրը մենք ենք՝ ես ու դու, մեր վարքը, մեր լեզուն, մեր վերաբերմունքը, մեր աշխատանքը, մեր անկեղծությունը, մեր չգողանալը, մեր չստելը, մեր՝ իրար չոչնչացնելը, սխալված մարդուն վերջնական չթաղելը, համաձայն չլինելով հանդերձ՝ իրար հանդեպ մարդ մնալու կարողությունը։

Մենք շատ ենք խոսել հայրենիքի մասին բարձր ձայնով, բայց գուցե եկել է ժամանակը այն սիրելու ցածր ձայնով, գլուխներս կախ, առանց բղավելու, առանց պարծենալու, առանց ամեն ինչից հերոսություն սարքելու, ուղղակի աշխատելով, շենացնելով, ծառ տնկելով, հարկ վճարելով, փողոց չաղտոտելով, երեխային արժանապատիվ մարդ մեծացնելով, մասնագիտություն սիրելով, գործը մինչև վերջ անելով, ուրիշի հաջողության վրա չմաղձոտելով, պարտության մեջ չչարանալով ու հաղթանակի մեջ չգոռոզանալով։

Հայրենասիրությունը միայն դրոշ բռնելը չէ, երբեմն հայրենասիրությունը բերանդ փակ պահելն է, երբ ուզում ես վիրավորել, երբեմն ձեռք մեկնելը նրան, ով քեզ նման չի մտածում, երբեմն քո աշխատանքի մեջ լավագույնը լինելը, երբեմն սեփական փոքր շահից վեր կանգնելը, երբեմն չհեռանալը, իսկ եթե հեռացել ես, չմոռանալը, եթե հոգնել ես, չատելը, եթե հիասթափվել ես, չանիծելը:

Մենք պիտի սովորենք սիրել մեր երկիրը առանց «եթե»-ների, առանց այն սպասումի, որ նախ ամեն ինչ պիտի կատարյալ լինի, հետո նոր սիրենք: Որովհետև երկիրը մայր է, ոչ թե նախագիծ, որ ձախողման դեպքում փակենք ու ուրիշը սկսենք, երկիրը տուն է, ոչ թե հյուրանոց, որ դժգոհ մնալուց հետո վատ կարծիք թողնենք ու հեռանանք, երկիրը հիշողություն է, պարտք է, ժառանգություն է, և ամենասարսափելին այն չէ, երբ երկիրը դժվարության մեջ է, այլ երբ նրա մարդիկ դադարում են իրար ճանաչել որպես նույն ցավի, նույն հույսի ու նույն հողի մարդիկ։

Ես ուզում եմ, որ մենք սթափվենք, թույլ չտանք այլևս առաջնորդվել չարությամբ ու ատելությամբ, մեր նման չմտածողին պախարակելով ու թաղելով, որովհետև հայրենիքը չի հզորանում միայն ճիշտ կարգախոսներով, հայրենիքը հզորանում է ճիշտ քաղաքացիներով, կարգապահությամբ, կրթությամբ, ստեղծելով, արտադրելով, մտածելով, կարդալով, սովորելով, կառուցելով, իրար բարձրացնելով, ոչ թե ամեն օր իրար գցելով մի նոր անդունդ։

Եվ գուցե այսօր ամենամեծ հայրենասիրական կոչը ոչ թե «կեցցե»-ն է, այլ՝ եկեք չատենք իրար, եկեք չկոտրենք այն կամուրջները, որոնց վրայով վաղը մեր երեխաներն են անցնելու, եկեք մեր երկրի անունը չդարձնենք մեր նեղության պատանդը, եկեք չսպասենք, որ ինչ-որ մեկը գա իշխանության ու Հայաստանը սիրի մեր փոխարեն, որովհետև գահերն անցնում են, պաշտոնները փոխվում են, խոստումները մաշվում են, բայց երկիրը մնում է մեր ձեռքերի մեջ՝ կամ որպես վերք, կամ որպես պարտեզ։

Ես կատարեցի իմ ընտրությունը, բայց իմ ամենակարևոր ընտրությունը այսօր էլ նույնն է՝ չհրաժարվել իմ երկրից, չհրաժարվել իմ ներսի մարդուց, չհրաժարվել հույսից, չհրաժարվել կառուցելու պարտականությունից, և գլուխս կախ՝ առանց ավելորդ աղմուկի, առանց եթե-ների ու գահերի, շարունակել սիրել այս երկիրը այնպես, ինչպես սիրում են այն տունը, որի պատերը ճաքել են, բայց որի ներսում դեռ երեխաներ են ապրում, աղոթք կա, հաց կա, հիշողություն կա ու լույս վառելու սպասող պատուհաններ կան։

Ու վերջում չմոռանալ հայացքդ ուղղել երկինք ու ասել՝ Տե՜ր, օրհնիր երկիրս ու պահիր չարի ամեն ոտնձգությունից...

Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ