Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Պետք է վերագտնել բառերի ու արժեքների իմաստը, հետո միայն՝ շնորհավորելու ձևը

Պետք է վերագտնել բառերի ու արժեքների իմաստը, հետո միայն՝ շնորհավորելու ձևը
21.09.2026 | 15:25

Անկեղծ՝ ես չեմ գտնում բառեր կամ մտքեր, որոնք կեղծ չհնչեն այն շնորհավորանքի մեջ, որը պիտի այսօր հղեի ձեզ։ Չգիտեմ՝ ինչպես շնորհավորել անկախությունը, երբ դրա նախորդ երեկոն այսպիսի քաղաքական պատկեր ուներ։

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանը նշում էր իր Պետական ինքնիշխանության օրը։ Բաքուն այդ օրը պաշտոնապես կապում է 2023-ի սեպտեմբերի 19-20-ի իրադարձությունների և Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանության «ամբողջական վերականգնման» հետ։ Նույն երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարության շենքը կապույտ–կարմիր–կանաչի մեջ էր՝ Ադրբեջանի պետական դրոշի երեք գույներով։

Սա պարզապես գույների մասին չէ։ Աշխարհում ուրիշ պետության ազգային տոնի օրը խորհրդանշական շենքը նրա դրոշի գույներով լուսավորելը ճանաչելի քաղաքական ու դիվանագիտական ժեստ է՝ շնորհավորանքի, հարգանքի կամ համերաշխության արտահայտություն։ Մենք ինքներս այսօր աշխարհի տարբեր քաղաքներում հայկական եռագույնով լուսավորված շենքերը հենց այդպես ենք ընկալում։ Ուրեմն նույն քաղաքական լեզուն Երևանում չի կարող հանկարծ նշանակություն չունենալ։

Հարյուրավոր գույներ կային, հազարավոր համադրություններ։ Բայց Ադրբեջանի «Ինքնիշխանության օրը» Հայաստանի Կառավարության շենքի վրա հայտնվեցին հենց Ադրբեջանի դրոշի երեք գույները։ Լուսային գրաֆիկան նախագծվում է, գույներն ընտրվում են, իսկ ՀՀ կառավարության շենքն էլ վստահաբար մոնիտոր չէր գունային փորձակումների համար: ՀՀ կառավարթյան շենքը ուղերձներ ու սիմվոլներ պատկերելու շենք է: Ինչևէ, ուղերձը երեկ պատկերվեց քողարկված, բայց վստահաբար ավելի լավ ու լայն նկարներ կան՝ ոչ ներքին, այլ արատաքին քաղաքականության համար օգտագործման ենթակա:

Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը։ Երբ այլևս հստակ չէ՝ որն է դավաճանությունը, և որն է հավատարմությունը պետությանը, դժվար է հասկանալ նաև՝ ինչն ենք անվանում անկախություն։

Անկախությունը, նախ, տոն չէ։ Անկախությունը սահման է՝ քոնի և ուրիշինի, սեփական պետական շահի և ուրիշի օրակարգի, հավատարմության և դավաճանության միջև։ Երբ այդ սահմանները լղոզվում են, բառերը մնում են, իսկ դրանց բովանդակությունը՝ անհետանում։ Մնում են դրոշը, համերգը, լուսային շոուն, շնորհավորանքը, արարողակարգը, Իվետայի դաջվածքն ու Թաթայի կեպկան։ Մնում է անկախության ձևը՝ առանց անկախության իմաստի։

Երեկ Բաքվում տոնում էին իրենց ինքնիշխանությունը։ Նույն օրը Երևանում Հայաստանի Կառավարության շենքը ստացել էր նրանց պետական գույները։ Իսկ այսօր մենք նույն հրապարակում տոնում ենք մեր անկախությունը։

Այս երկու օրերի միջև ընդամենը կեսգիշեր է։ Բայց պետության համար դրանց միջև պետք է լիներ հստակ քաղաքական և արժեքային սահման։

Գուցե դրա համար էլ այսօր պատրաստի շնորհավորանք չունեմ։

Գուցե նախ պետք է վերագտնել բառերի ու արժեքների իմաստները, հետո միայն շնորհավորելու ձևերը։ Մի բանում վստահ եմ՝ սեպտեմբերի 21-ի անկախությունը սկսվում է նաև շատ պարզ բանից՝ սեպտեմբերի 20-ին պետք է իմանալ, թե Հայաստանի Կառավարության շենքի վրա ո՛ր երեք գույները չպետք է լինեն։

P.S. Նկարը՝ ջնջման ենթակա:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ