Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

ՊԵԿ-ն ընդդեմ թոշակառուների

ՊԵԿ-ն ընդդեմ թոշակառուների
20.01.2026 | 17:24

Ուրեմն, երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն թոշակառուին տեղեկացնում է, որ 4 տարի առաջ (՞՞՞) վերջինս իրավախախտում է կատարել և պետք է տուգանք վճարի, այն էլ` 4 տարվա տոկոսներով: Դե, Նոր Հայաստանում ենք ապրում, հետևաբար` չենք զարմանում, որ այստեղ չեն գործում դասական իրավական հասկացություններն, օրինակ` հայցային վաղեմությունը: Նոր Հայաստանում արմատավորվել է «վայրի իրավունքը»: Տեսականորեն` այստեղ կարող են պահանջել և ստանալ ՀՀ քաղաքացու ապուպապի` սուլթան Աբդուլ Համիդին չվճարված հողի հարկը: Սակայն, դա էլ մի կողմ: Պարզվում է` Նոր Հայաստանում նույնիսկ տուգանք վճարելը «խաղ ու պար» չէ: Շարունակեմ:

Թոշակառուն, չհավատալով Նոր Հայաստանի արդարադատությանը, որոշում է վճարել տուգանքը: Քանի որ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանն ասել է, որ թոշակառուներն իրենց ծախսերը պետք է կատարեն բացառապես անկանխիկ եղանակով, մեր հերոս-թոշակառուն վերցնում է թոշակի քարտը և գնում «ՀայՓոստ»` տուգանքը վճարելու: «ՀայՓոստ»-ում վերջինիս տեղեկացնում են գործարքը կատարելու անհնարինության մասին: Բանկերում նույնպես չի ստացվում վճարել տուգանքը: Նոր Հայաստանի անցուդարձից հասկացողներից մեկը թոշակառուին բացատրում է, որ ամենասկսբից վերջինս պետք է այցելի ՊԵԿ, ստանա ՀՎՀՀ, այնուհետև` գնա բջջային օպերատորի գրասենյակ և էլեկտրոնային ստորագրություն ստանա: Դրանից հետո` լրացնի տարեկան հայտարարագիրը, որտեղ ներառի 4 տարի առաջ ունեցած եկամուտը և այդ քայլերն իրականացնելուց հետո միայն թոշակառուն կկարողանա վճարել 4 տարվա վաղեմություն ունեցող և օրեկան աճող տուգանքը:

Թարսի պես, թոշակառուն գյուղում է ապրում` ՊԵԿ չկա, բջջային օպերատորի գրասենյակ չկա: Բացի դրանից` թոշակառուն չգիտի օգտվել համակարգչից, առավեևս` հայտարարագիր գրել: Ստիպված մի քանի անգամ քաղաք է գնում, հաշվապահությունից հասկացող մարդ վարձում: Մի խոսքով, թոշակառուն բացի 4 տարվա վաղեմություն ունեցող և օրեցօր աճող տուգանքից, ստիպված է վճարել տրանսպորտի, էլեկտրոնային ստորագրություն ձեռքբերելու և հաշվապահական ծառայությունների համար: Եվ, «ամենակարևորը»` թոշակառուն չի կարողանում կատարել Փաշինյան Նիկոլի «պատվիրաններից» մեկը` վճարել քարտով:

Зато 2027 թվականին մեր պաշտոնյաների պարգևավճարներն էլ ավելի կբարձրանան: Չէ՞ որ ինչ անում ենք, նրանց համար ենք անում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ