ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

TRIPP․ վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկար

TRIPP․ վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկար
08.03.2026 | 13:07

Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցումը բացահայտում է մի կարևոր իրողություն․ հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» նկատմամբ։

Թեև իշխանությունը վերջին ամիսներին փորձում է այն ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության, Հայաստանի ապաշրջափակման և նույնիսկ պետականության պահպանման կարևոր գործիք, հանրային տրամադրությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր։

Հարցման տվյալներով՝ հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է TRIPP-ի իրականացմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։ Միաժամանակ նախագծին լիովին աջակցում է հարցվածների 24 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ մասամբ։ Այս թվերը փաստում են, որ հասարակության մեջ չկա վստահ և կայուն կոնսենսուս այս նախաձեռնության շուրջ։ Ավելին, զգուշավոր կամ բացասական վերաբերմունքը գերակշռում է։

Սա նշանակում է, որ հասարակության զգալի հատվածը չի ընդունում իշխանության այն պնդումը, թե TRIPP-ը ինքնին ապահովելու է խաղաղություն, Հայաստանի պետականության կայունություն կամ տարածաշրջանային հաղորդակցությունների իրական ապաշրջափակում։ Այս անվստահությունը ունի նաև ավելի խորքային պատճառներ։ TRIPP-ը հայկական ռազմավարական մտածողության արդյունք չէ։ Այն ձևավորվել է մեծ տերությունների աշխարհաքաղաքական հաշվարկների շրջանակում, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես տարածք, որի միջոցով փորձ է արվում իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիոն և քաղաքական նախագծեր։ Այդ պատճառով հասարակության մեջ ձևավորվում է ինտուիտիվ զգացողություն, որ նախաձեռնությունը ավելի շատ ծառայում է արտաքին խաղացողների շահերին, քան Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին։

Միաժամանակ նախագծի ապագան կախված է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական քննարկումներից, այլ նաև տարածաշրջանում արագ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացներից։ Իրանի շուրջ աճող լարվածությունը և ռազմական էսկալացիայի մեծացման հավանականությունը արդեն իսկ TRIPP-ի հեռանկարը դարձնում են առավել անորոշ։

Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կարողանան ռազմավարական հաջողություն արձանագրել և Իրանում ձևավորվի Վաշինգտոնի և Թել Ավիիվի համար ավելի լոյալ իշխանություն, տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի ամբողջ տրամաբանությունը կարող է վերանայվել։ Այդ դեպքում TRIPP-ի ներկայիս աշխարհաքաղաքական նշանակությունը կարող է նվազել, քանի որ Իրանի գործոնը՝ որպես տարածաշրջանային հակակշիռ, էականորեն կթուլանա։

Եթե հակառակը՝ Իրանը կարողանա դիմակայել արտաքին ճնշմանը և պահպանել իր ռազմավարական դիրքերը, ապա ԱՄՆ-ը դժվար թե կարողանա ապահովել այնպիսի քաղաքական և անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են նման նախագծերի կայուն իրականացման համար։ Այդ դեպքում TRIPP-ը կարող է մնալ քաղաքական հայտարարությունների և դիվանագիտական քննարկումների մակարդակում։

Սակայն այս անորոշությունը ունի նաև անվտանգային հետևանքներ Հայաստանի համար։ Եթե տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերը երկար ժամանակ մնում են կասեցված կամ կախված վիճակում, մեծանում է հավանականությունը, որ Ադրբեջանը փորձի իր օրակարգը առաջ մղել ոչ թե բանակցությունների, այլ ուժային ճնշման միջոցով։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Բաքուն իր ռազմավարական նպատակների առաջմղման համար մշտապես օգտագործում է ռազմական գերակայության գործոնը։

Այս պայմաններում TRIPP-ի ճակատագիրը կարող է որոշվել ոչ այնքան Երևանի կամ նույնիսկ Բաքվի որոշումներով, որքան այն լայն աշխարհաքաղաքական մրցակցության արդյունքում, որն այսօր ձևավորում է ամբողջ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ապագան։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 3038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ