ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

«Ռազմավարական» կմկմոց՝ փոքր կենտրոնի սրճարանային «էկոհամակարգում»

«Ռազմավարական» կմկմոց՝ փոքր կենտրոնի սրճարանային «էկոհամակարգում»
26.06.2026 | 20:12

Ողբերգական կոմեդիա մեկ դերակատարով։

Գործողության վայրը՝ Երևանյան Փոքր Կենտրոն։

Ամիսներ առաջ ամուսնուն լքած, բայց հետո փեշի քարերը թափած ու կրկին կառավարական կեցավայր վերադարձած «առաջին» տիկինը միայնակ նստել է բացօթյա սրճարանում։

Հեզիկ-նազիկ դիմախաղով, դողդղոցող շրթունքներն ակամա կրծոտելով ու բերանում դժվարությամբ տեղավորվող լեզվի թեթևակի մանևրներով՝ թղթերի տրցակն է հետուառաջ անում։

Անհայտ էջեր, որոնք, ամենայն հավանականությամբ, պատճենվել են անմիջապես ԿԳՄՍ նախարարության աղբամանից վերցված ֆայլերից։

Նրա սեղանի շուրջ թևածում է կրթության ու լուսավորության վեհ գաղափարը։

Տարածքը, հասկանալի է, հերմետիկ փակ է։

Տասնյակ թիկնապահներ՝ անշունչ «шкаф»-ների դեմքերով, աչալրջորեն հսկում են, որ հանկարծ ու որևէ տգետ և անկիրթ քաղաքացի չմոտենա «ազատության, ժողովրդավարության և հավասարության» սրբազան սեղանին։

Իսկ տիկնոջ զգլխիչ հմայքին ու պետական մտահոգությանը բացարձակ անտարբեր՝ թեթևաքայլ սահում են հատուկ հրահանգավորված, երկրորդ պլանի պրոֆեսիոնալ «անցորդները»։

Առաջին արար․ «Կրթվեցիր՝ ավելի լավ ապրեցիր»

Տիկին Աննան ձեռքի թղթերի հետ խաղալով տեսախցիկին պարգևում է հանճարեղ դերասանական ժպիտ ու՞․․․

- Ողջու՜յն, իմ սիրելի ֆեյ․․․ ը՜... ը՜․․․ զոմբ... օ՜յ, կներեք, քաղաքացիներ։ Շարունակում եմ ձեզ խոթել... ը՜... ը՜մ՜մ՜․․․ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» համապետական շարժման ծրագիրը։ Այսօր կընթերցեմ ամենաբարդ՝ «Շարժման ռազմավարական նպատակը» գլուխը, որը գրողը հատուկ ընտրել է դժվարարտասանելի բառեր ինձ տանջելու համար։

Կներեք, լեզվի սայթաքում էր։ Եվ այսպես․

«2026-2030 թվականների ընթացքում պետք է ձևավորել այնպիսի հասարակական և գործառնական միջավայր, որտեղ կրթության նկատմամբ դրական վերաբերմունքը վերածվում է շարունակական մասնակցային վարքագծի, հատկապես երիտասարդների, աշխատող մասնագետների և վերապրոֆիլավորվող քաղաքացիների շրջանում»։

Տիկինը խորը շունչ է քաշում, մատով, ասես, բռնում է տողերը, որ բառերը չփախչեն, և լրջմիտ դեմքով շարունակում.

- «Ռազմավարական նպատակի իրագործման առանցքային արդյունքը պետք է լինի այն, որ կրթությունը Հայաստանում ընկալվի ոչ թե որպես վերացական արժեք... այլ որպես կյանքի որակը բարձրացնող, եկամուտը մեծացնող... և անհատին երջանկացնող գործիք»։

Փոքրիկ դադար։ Տիկինը թերթում է ԿԳՄՍ-ի աղբամանային արխիվի հաջորդ էջը, լեզուն նախապատրաստական մի քանի շարժում է անում, ու հնչում են ռազմավարական ուղղությունները։

- «1․ Գիտակից քաղաքացի և զարգացող անհատ։

ՈՒղղություն 2․ Կրթությունը՝ կիրառական արժեք... Կրթվեցիր, արդյունքում ավելի լավ ապրեցիր օրինակների տարածում։

ՈՒղղություն 3-րդ. օրինակելի հանրային վարք: Նպատակը՝ բարեկիրթ և հարգալից վարքը դարձնել սոցիալական նորմ... Հանրային խոսքի և երկխոսության մշակույթի զարգացման միջոցով... արդյունավետ և անհարիր... ը՜... ը՜... ը՜... վարքային մոդելների նվազեցման․․․ անարդյունավետ և անհարիր վարքային մոդելների նվազեցման միջոցով... փոխադարձ հանգ... հան... հա... հա... հարգանքի և համագործակցային հոգու... ոգու խթանման միջոցով... միջոցով»։

Կողքի թփերի հետևում կանգնած թիկնապահներից մեկը թաքուն սրբում է ճակատի սառը քրտինքը. հերթական բարդ նախադասությունը մեծ կորուստներով, բայց հազիվ ավարտվեց։

Առաջին Տիկինը շարունակում է՝ անցնելով պարզունակության և անկեղծության բարձրակետին.

- «ՈՒղղություն 4-րդ. կրթական հնարավորությունների հասանելիության ապահովում։

Նպատակը․ մարդը ոչ միայն ցանկանա կրթվել, այլ նաև հստակ հասկանա՝ որտեղ, ինչպես և ինչ ձևով կարող է դա անել։

Դրան կարելի... պե՛տք է հասնել հետևյալ կետերով. կար-ճա՛-ժամկետ կրթական ձևաչափերի խթանում և թվային նը՛-վազե՛ցում»։

Տիկինը թղթերը դնում է սեղանին, առաջ թեքվում դեպի տեսախցիկը և անցնում հանպատրաստից բացատրության.

- Կարճ ասած՝ կրթվեցիր, արդյունքում ավելի լավ ապրեցիր։ Օրինակ՝ ես։ Կրթվեցի, հիմա պետբյուջեի հաշվին շրջագայում եմ ամերիկաներով՝ որպես առաջին տիկին։ Իսկ դուք, ձեր ցածր աշխատավարձով գիտնականներ ու մանկավարժներ, ուղղակի մտածեք այս մասին և տարածեք իմ հաջողված օրինակը։

Թերթում է հաջորդ էջը, որտեղ գրված է իր համար անծանոթ մի բառ։

- «ՈՒղղություն 5-րդ. կրթությունը խրախուսող գործընկերային էկո... էկո-համակարգի ձևավորում»։

Տիկինը թեթևակի շփոթվում է՝ հավանաբար մտածելով, թե «էկոն» ինչ կապ ունի կրթության հետ, բայց արագ մտնում է դերի մեջ:

- «Նպատակը․ կրթվելը դառնա ոչ միայն անհատի որոշում, այլև համայնքների, կազմակերպությունների և ինստիտուտների կողմից խրախուսվող վարք հետևյալ կետերով․ գործատուների, կրթական կազմակերպությունների, համայնքների և քաղաքացիական կա․․․ կառույցների հա՛-մա՛-գործակցության խթանում... Կազմակերպություններում շարունակական ուսուցման մշակույթի ներդրում և հանրայնացում... տեղական և ոլորտային նախաձեռնությունների աջակցում, շարժման գործընկերներային ցանցի ձևավորում, ընդլայնում և ամրապնդում»։

Այս տողերն արտասանելիս տիկնոջ դեմքին հայտնվում է այնպիսի գերբնական հոգնածություն, ասես ինքն անձամբ, միայնակ, առանց որևէ օգնության, նոր է ավարտել այդ ամբողջ էկոհամակարգի ձևավորումն ու գործընկերային ցանցի ընդլայնումը։

Երկրորդ արար․ մեծ կոչը կամ «միասին դեպի սեղան»

Տիկին Աննան հաղթականորեն հայացքը կտրում է թղթերից, ուղղում մեջքը և, դեմքին տալով համամարդկային փրկչի արտահայտություն, անցնում է գրոհի.

- Հաջորդիվ կներկայացնեմ «Կրթվելը նորաձև է» շարժման ը՜․․․ ը՜․․․ ը՜․․․ ռազմավարական ծրագրի իրականացման մեթոդները։ Իսկ մինչ այդ ցանկանում եմ խնդրել, որպեսզի շահագրգիռ բոլոր կազմակերպությունները պարզապես լսեն և մտորեն՝ արդյո՞ք կա այստեղ համագործակցության շարժման համագործակցության եզրեր։

Տեսախցիկը խոշոր պլանով ֆիքսում է տիկնոջ հուզմունքը։ Նա խորը շնչում է, որպեսզի միավորի ոչ միայն ջանքերը, այլև սեփական մտքերը։

- Արդյո՞ք մենք կարող ենք միա-վորել, մեկտեղել մեր ջանքերը, արդյո՞ք կարող ենք միասին ը՜․․․ ը՜․․․ ը՜․․․ մեր ռեսուրսը ծառայեցնել նշված նպատակին։ Բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, միություններին, ովքեր շահագրգռված են և ը՜մ՜մ՜... առավել ևս... ը՜․․․ ը՜․․․ ը՜․․․ նույն նպատակի հանար են իրենց առաքելությունը... նույն նպատակն է, խնդրում եմ և կոչ եմ անում նախաձեռնողականություն ցուցաբերել, կապ հաստատել։ Մենք․․․ մենք բաց ենք բոլորի համար, նպատակ ունենալով բացառապես մեկ բան՝ մեկտեղել բոլորի ջանքերը՝ էլ ավելի մեծ արդյունքներ միասին... արդյունքների միասին հասնելու համար։ ՈՒզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը չունի որևէ սահմանափակում՝ քաղաքական, սոցիալական, կրոնական, էթնիկ... կրթությունը համամարդկային արժեք է, և մենք պետք է ազատորեն և առանց որևէ խոչընդոտի կարողանանք նստել մեկ սեղանի շուրջ և գնալ դեպի նշված նպատակը։

Վերջնախաղ

Տեսախցիկն անջատվում է։ Դերասանական պլաստիկե ժպիտն ակնթարթորեն չքանում է դեմքից։

«Առանց որևէ խոչընդոտի մեկ սեղանի շուրջ» նստելու հրավեր հնչեցրած «առաջին» տիկինը, շրջապատվելով անշունչ «шкаф»-ների եռաշերտ կենդանի պատով, արագ սահում է դեպի զրահապատ ամենագնացը՝ հերմետիկորեն մեկուսանալով իր իսկ կրթած տգետ հասարակությունից։

Ռազմավարական գլխավոր նպատակն իրագործված է. նա մեզ կրթելու իր «պարտքը» կատարեց, և հիմա, խղճի լիակատար հանգստությամբ, կարող է պետբյուջեի հաշվին մեկնել հերթական ամերիկյան վոյաժին՝ վայելելու «նորաձև կրթված» կյանքի բոլոր բարիքները։

Իսկ դուք, սիրելի՛ զոմբի․․․ օ՜յ, կներեք, քաղաքացիներ, կարող եք գնալ տուն և հպարտորեն որոճալ ձեր առջև լցրած ինտելեկտուալ խոտը։

Միասի՛ն դեպի լուսավոր ապագա։

Վարագույր

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ