Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Կյանքը անհատականության մասին է, ոչ թե՝ հորինած դիմակների

Կյանքը անհատականության մասին է, ոչ թե՝ հորինած դիմակների
21.01.2026 | 16:47

Նոր համաճարակի վտանգ կա, անունը՝ իմիտացիա: Նմանակում ենք, ձևացնում, ստեղծում կեղծ իրականություն ու հրամցնում ոչ միայն դիմացինին, այլ նաև մեզ (հենց էստեղ է ամենամեծ վտանգը)։ Հա, հա, խաբում ենք անգամ ինքներս մեզ։ Շարունակ ստեր հորինում ու այնքան ոգևորված, որ ինքներս էլ ենք դրանց հավատում ու ապրում կեղծ իրականության մեջ, որտեղ մենք ամենա-ն ենք, մոլորակն էլ պտտվում է մեր առանցքի շուրջ։ Շրջապատվում ենք մեզ ծափահարողների սարքովի բազմությամբ, ստեղծում մեզ համար պաթոսախեղդ ձևակերպումներ ու վայելում, ու ո՜նց ենք ինքնահաստատվում, ո՜նց ենք հաճույք ստանում էդ պրոցեսից:

Գոռոզանում ենք, քիթներս հասցնում երկինք ու կեղծ դիմակների ներքո խաղում համեստության դերը, թե բա՝ թող անհամեստություն չլինի, ես չեմ սիրում իմ մասին խոսել, բայց․․․․ ու մեր գովքն անում, մեր մասին սերենադներ հորինում ու մեր կեղծ համեստության մասին անկեղծորեն պարծենում։

Մի բարի գործ ենք անում, մեկին օգնում, ու՝ ես չէի կարող անտարբեր գտնվել, ես սիրում եմ մարդկանց օգնել, բարեգործությունն իմ տարերքն է, օ՜, ես, ես, ես, ես․․․ Ու սկսում փառաբանել ու մեծարել ինքներս մեզ՝ չնկատելով, որ երբեմն էլ տրորում ենք դիմացինի արժանապատվությունն ու կարմիր գծեր հատում։

Վերցնում ենք բաժակն ու բոցաշունչ ճառերով ստեղծում հայրենասերի իմիտացիա, երկրի, բանակի, ազգի գովքն անում, բայց ամեն ձև խուսափում տարրական պատասխանատվությունից՝ լիքը «արդարացված» պատճառաբանություններով մեր արածն ու չարածը թաքցնող ծածկոցներ կարելով։

Աստվածաշունչն ասում է.՝ «Ինչ օգուտ մարդուն, որ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի»։ Ճիշտ է, ուրիշ կոնտեքստով է էս համարը, բայց դե՝ ի՞նչ օգուտ ինձ ու քեզ, որ բոլորը խոսեն մեր մասին, օրինակ բերեն, ժպտան, իսկ մենք ներսից լինենք դատարկ ու ֆեյք։ Ախր յուրաքանչյուր ֆեյք տանուլ է տալիս առաջին հերթին հենց ժամանակի՛ ու բովանդակությա՛ն քննությանը․․․

Կյանքը ապրելու մասին է, ոչ թե ձևացնելու։ Կյանքը անհատականության մասին է, ոչ թե հորինած դիմակների։ Ու որքան էլ աշխարհը տարվի բրենդինգով ու PR-ով,միևնույն է, կյանքը պարունակության մասին է, ոչ թե փաթեթավորման:

Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 119

Մեկնաբանություններ

21.01.2026