Դանիել Վարուժանի ձերբակալման հաջորդ օրը դպրոցում, որտեղ նա դասավանդում էր, սահմռկեցուցիչ լռություն էր։ ՈՒսուցիչները լուռ նստած էին ուսուցչանոցում, աշակերտները՝ դասարաններում։ ՈՒսուցչանոց է մտնում թուրքերենի ուսուցիչ Թովմաս էֆենդին՝ մի հայ դարձուկ, որ երբեք հայերեն չէր խոսում:
Տալիս է զանգը և պահանջում, որ դասի գնան։ ՈՒսուցիչները վերցնում են մատյաններն ու գնում։ Մնում է մի մատյան։ Դա այն դասարանի մատյանն էր, ուր պետք է գնար Վարուժանը․․․
Թովմաս էֆենդին վերցնում է մատյանը ու գնում Վարուժանի դասարանը:
Երբ ներս է մտնում, նրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։
Աշակերտները քարացած, գլուխները կախ մնում են տեղերում նստած՝ կարծելով, թե հայերենի տեղ թուրքերեն են անցնելու:
Հանկարծ, բոլորի համար անսպասելի, Թովմաս էֆենդին մաքուր, գեղեցիկ հայերենով ասում է․
- Բարև՛ ձեզ, սիրելի՛ աշակերտներ։
Աշակերտները ոտքի են թռչում ու պատասխանում բարևին։
- Ո՞րն է ձեր դասը։
- Ֆրիկը, - պատասխանում են աշակերտները։
- Հայ գրականության դասը շարունակվում է, - ասում է Թովմաս էֆենդին և հրաշալի դաս է անցկացնում Ֆրիկի ստեղծագործությունների մասին։
Հաջորդ օրը Թովմաս էֆենդուն ձերբակալում են։
1915 թվականի օգոստոսի 25-ը 31-ամյա Վարուժանի երկրային կյանքի վերջին օրն էր:
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լիլիթ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՖԲ էջից