Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իր ընտրած պատգամավորներից հաշվետվություն է պահանջում

Իր ընտրած պատգամավորներից հաշվետվություն է պահանջում
06.05.2014 | 12:37

Վարդգես Գասպարին այն հազվադեպ հանդիպող ՀՀ քաղաքացիներից է, ով հետևողականորեն պայքարում է մարդու իրավունքների համար և փորձում հրապարակային հաշվետվություն պահանջել այն ԱԺ պատգամավորներից, որոնց ինքը ընտրել է: Ընտրել է խղճի մտոք, ոչ թե բազմաթիվ ՀՀ քաղաքացիների նման իր քվեն վաճառելով հինգ կամ տասը հազար դրամով: Նա իր ակցիաների, պիկետների մասին նախօրոք տեղյակ է պահում սոցիալական ցանցերի միջոցով:

Օրեր առաջ էլ, օրինակ, Վարդգես Գասպարին տեղեկացրել էր, որ ինքը մայիսի 6-ին պատրաստվում է պիկետ անել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի տան մոտ: Նա պատրաստվում է առաջիկա օրերին նման պիկետներ անել նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի տների մոտ: Թե ինչու է հատկապես ԱԺ այս երեք պատգամավորներին ընտրել պարոն Գասպարին` պատճառը շատ պարզ է. քաղաքացիական ակտիվիստին առավելապես հետաքրքրում է մարդու իրավունքների ոլորտը, և նա իր պահանջները ներկայացնում է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներին:
«Պահանջում եմ ներկայացնել հրապարակային հաշվետվություն ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀԱԿ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ: Ես նրանց ընտրել եմ որպես ԱԺ պատգամավոր, հիմա էլ իրավունք ունեմ պահանջելու հրապարակային հաշվետվություն»,- այսպես է իր պահանջները ձևակերպել Վարդգես Գասպարին:
Ի՞նչ արդյունք տվեց Վարդգես Գասպարիի պիկետը Ստեփան Դեմիրճյանի տան մոտ:
«Ոչ մի ձևով չեն արձագանքել: Ես անում եմ այն ամենն, ինչն իմ հնարավորությունների սահմաններում կարող եմ անել»,- այսպես արձագանքեց մեր հարցին քաղաքացիական ակտիվիստը:
«Ժամանակս չի բավարարում, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորների տան մոտ էլ անցկացնեմ նման պիկետներ: Նրանք, բացի այդ, ընդգրկված են այլ հանձնաժողովներում: Իսկ Լևոն Զուրաբյանը ՀԱԿ խմբակցության ղեկավարն է, Արամ Մանուկյանը` քարտուղարը»,- ասաց մեր զրույցում Վարդգես Գասպարին:
Թեև Վարդգես Գասպարիին ԱԺ պատգամավորներն առաջարկել են հանդիպել և զրուցել, սակայն նա պահանջում է հաշվետվություն իրենց գործունեության համար և առաջիկայում էլ իր ուժերի ներածի չափով շարունակելու է պայքարել:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ