Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երիտասարդները ստանում են զինծառայությանը վերաբերող հմտություններ

Երիտասարդները ստանում են զինծառայությանը վերաբերող հմտություններ
24.05.2014 | 18:58

ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 30 ուսանողներ այս օրերին մասնակցում են դասընթացների, որոնց ընթացքում ռազմական փորձագետներն ու քաղաքագետները նրանց հմտություններ են փոխանցում բանակային հարաբերությունների, զինծառայության, սպայի, զինվորի լիազորությունների և պարտականությունների մասին:

Անցկացվում է «ՀՀ զինված ուժերը՝ որպես երկրի անվտանգության հիմնական երաշխավորը» ծրագիրը, որն իրականացնում է «Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն՝ ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է բանակ-հասարակություն կապի ամրապնդման միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածության և վստահության մակարդակը հայոց ազգային բանակի նկատմամբ:
Ծրագրի համակարգող, քաղ. գիտ. թեկնածու Ալեն Ղևոնդյանը նկատեց, որ այսօր մեր զինվորը հաճախ հոգեբանական առումով պատրաստ չէ զինծառայությանը և երկրի պաշտպանության մասին տեսական գիտելիքներ ունի: Այնուհետև հավելեց. «Այս դասընթացների միջոցով փորձում ենք երիտասարդներին գիտելիքներ տրամադրել այն մասին, թե ինչ է զինծառայությունը, երկրի պաշտպանությունը, զինված ուժերը: Երիտասարդների մոտ բանակի մասին գիտելիքները հաճախ թերթային ու բամբասանքային են, այնպիսի մտայնություն կա, թե բանակը պետք է հանգստյան տուն լինի, իսկ ծառայությունը՝ հաճելի ժամանցի անցկացում: Չպետք է մոռանալ, որ հենց բանակն է երկրի անվտանգության առաջին երաշխավորը, ուստի ծառայությանը պատաստված պետք է գնալ թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես:»:
Երիտասարդներն արդեն դասախոսություններ են լսել « Հայաստան-Ադրբեջան ռազմական հարաբերակցման խնդիրը ԼՂ սահմանային գոտում», « ՀՀ ազգային շահերի հիմնահարցը և հայեցակարգերը» թեմաներով: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «ՀՀ զինված ուժերը» թեմայով դասընթաց կարդալով երիտասարդներին, նշեց. «Այսօրվա բանակը երեք կամ տասը տարի առաջվա բանակը չէ: Առաջընթացը մեծ է: Բայց մեր նպատակն է ավելի մեծ ուշադրություն դարձնել կրթական համակարգին:Այսօր մեր գերխնդիրը արժեհամակարգի և դաստիարակության հարցն է»:
Խոսելով ՀՀ կրթական համակարգում գոյություն ունեցող խնդիրների մասին՝ Ալեն Ղևոնդյանը նշեց, թե ՀՀ հանրակրթական դպրոցներում ռազմագիտության դասընթացները հիմնականում երիտասարդներին տեսական գիտելիքներ են փոխանցում: Այնուհետև մտահոգություն հայտնեց այն առումով, որ բուհերում այլևս չեն գործում ռազմական ամբիոնները: Հետո նկատեց. «ԿԳՆ-ն այս տարվանից օրենսդրական փոփոխություններ է կատարել իր օրենսդրական ակտերում, որի արդյուքնում բուհ ընդունվող բոլորը երիտասարդները զինապարտ են դառնում, սա կարևոր և անհրաժեշտ փոփոխություն է: Սակայն հարկ է նշել, որ ապագա զինվորը պիտի գիտակցի և հասկանա՝ իրեն ինչ է սպասվում պարտադիր զինծառայության մեջ, ու պատրաստ լինի դրան: Տղաները պիտի հասկանան՝ բանակն ինչ է, զենքն ինչ է, հայրենիքի պաշտպանությունը ինչ է»:
Դասընթացի մասնակից, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատ 4-րդ կուրսի ուսանող Հայկ Սարգսյանը, կարևորելով ծրագրին մասնակցությունը, նշեց. «Այսօր ունենք խնդիր նաև ներբանակային, ներզորամասային միջավայրում ապահովելու նորմալ հարաբերություններ: Ցավալի իրողություն է ներզորամասային միջավայրում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում տարբեր բախումները: Ուստի այս դասընթացները մեզ գիտելիքներ են ընձեռում հետագայում ավելի գիտակից մոտենալու այդ հարցերին և հասկանալու խնդրի էությունը»:
Տեսական 10 դասընթացներին կհաջորդեն գործնական պարապմունքները: Ուսանողները շուրջ հինգ օր կանցկացնեն ԼՂ զորամասերից մեկում, գործնականում կծանոթանան զորմասի առօրյային, կանցնեն կրակային պատրաստվածության, կանոնադրական հարաբերությունների մասին դասընթացներ, կծանոթանան զինտեխնիկայի հետ:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ