Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Հնագիտական պեղումներից մինչև մարդաբանական խնդիրներ

Հնագիտական պեղումներից մինչև մարդաբանական խնդիրներ
12.05.2017 | 10:09

Արցախի Քարինտակ քարանձավում մասնագետները 20 հազար և ավելի տարվա վաղեմությամբ շերտեր են ուսումնասիրում: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, Արցախի Քարինտակ գյուղի քարանձավի արշավախմբի ղեկավար ԼԵՎՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ, հնագիտական պեղումներից զատ, անդրադառնում են նաև մարդաբանական խնդիրների:

Երկու տարի առաջ գտել են 7 հազար տարվա վաղեմությամբ ատամ, հաջողվել է տարիքը որոշել, նաև որոշակի նյութ առանձնացնել: Արդյունքները չեն հանրայնացվելու մինչև գիտական հոդվածի հրապարակումը:


Արշավախմբի ղեկավարը նշեց, որ Արցախում մեծացնում են աշխատանքների տարածքը, քանի որ Արցախը (Հարավային Կովկասն առհասարակ) հնագույն միգրացիաների` մարդու հնագույն տեսակների, նաև անհետացած կենդանիների տարածք է: Արցախում աշխատանքը սկսել են Ազոխի քարանձավից (2002 թ.), վերսկսել են 1988-ին դադարեցրած աշխատանքները: Հայտնի և եզակի այս քարանձավն ունի 13 մետր հաստությամբ մշակութային շերտ: Յուրաքանչյուր տարի պեղում են մոտավորապես 20 սմ: Ավելի քան 60 տարվա աշխատանք է: Նախորդ պեղումները բարբարոսական ձևով են կատարվել, պայթեցրել են: «Մենք այսօր փորձում ենք աշխատել միջազգային չափանիշների համաձայն, դրանով է պայմանավորված, որ շատ դանդաղ ենք առաջ շարժվում»,- պարզաբանեց Լ. Եպիսկոպոսյանը: Կարևոր ձեռքբերում է նաև «Ազոխի քարանձավը և Կովկասյան միջանցք» գիրքը, որը Ադրբեջանի հարուցած խոչընդոտների պատճառով տպագրվել է մեկ տարի ուշացումով: Բանախոսը փաստեց, որ գրքից հետո պետական մակարդակով ադրբեջանական դիմադրությունն ակնհայտորեն սրվել է:


«Իրատեսի»` «Պաշտպանվա՞ծ են Արցախի քարանձավները» հարցին ի պատասխան Լևոն Եպիսկոպոսյանն ասաց, որ խնդիր կա Ազոխի քարանձավի դեպքում, որն ունի շատ սրահներ, և հետաքրքիր է ոչ միայն մասնագետների համար. «Քարանձավի մուտքը պարսպով փակված է, բայց մարդիկ ցանկության դեպքում մտնում են: Ջահեր են օգտագործում: Երեխաներն անգամ քարերով խփում են չղջիկներին: Ազոխում մնացել է չղջիկների չորս էնդեմիկ տեսակ: 20-30 տարի առաջ 6-8-ն էին: Մենք պետք է մտածենք ոչ միայն պեղումների մասին, այլև բնության բազմազանության»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ