Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ինչն էր պայքարիդ գինը

Ինչն էր պայքարիդ գինը
22.07.2026 | 11:00

2020 թվականին, երբ արցախյան պատերազմը դեռ չէր սկսվել, հնչում էին կոչեր՝ կանխելու այն։ Սակայն ամենաբարձր ձայները պահանջում էին պատերազմ։ Պատերազմ եղավ...

Արդյունքում հայրենիքը վճարեց ամենածանր գինը՝ հազարավոր երիտասարդների կյանքերով։ Նրանք չստեղծեցին այդ հայրենիքը, բայց իրենց կյանքը տվեցին նրա համար։ Հազարավորները զոհվեցին, հազարավորները վիրավորվեցին, իսկ շատերը մինչ օրս չեն կարողացել դուրս գալ պատերազմի մղձավանջից։ Նրանց պատերազմը դեռ շարունակվում է՝ ներսում։

Իսկ ի՞նչ շահեց պատերազմը։ Հազարավոր ընտանիքների անսփոփ ցավ, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ և կոտրված ճակատագրեր։ Ոչ մի հաղթանակ կամ պարտություն չի կարող վերադարձնել մոր որդուն, կնոջ ամուսնուն կամ երեխայի հորը։

Իսկ ո՞ւր էին հայրենասիրության մասին ամենաբարձր գոռացողները, երբ պետք էր կանգնել կենդանի հերոսի կողքին։

Օրեր առաջ հրապարակել էի 44-օրյա պատերազմի մասնակցի մասին։ Նրա ընտանիքում մայրը հաշմանդամ է, եղբայրներից մեկը՝ անհետ կորած, իսկ մյուսը պայքարում էր կյանքի և մահվան միջև։ Քույրը աղերսում էր՝ օգնեք, որպեսզի եղբայրը ապրի, առողջանա և արժանապատիվ կյանք ունենալու հնարավորություն ստանա։

Ո՞ւր էին այդ աղմկոտ հայրենասերները։

Ժամանցի, սրճարանների, ակումբների, խնջույքների և ցուցադրական շքեղության համար գումար միշտ գտնվում է։ Բայց երբ հարցը վերաբերում է պատերազմի մասնակցի կյանքին, առողջությանը կամ արժանապատիվ ապագային, հանկարծ բոլորը լռում են։

Եվ նույն մարդիկ յուրաքանչյուր սեղանի շուրջ բաժակ են բարձրացնում սահմանը պահած, զոհված ու կռված տղաների կենացը՝ հայրենիքի, Արցախի և արժանապատվության անունը խառնելով գեղեցիկ, բայց դատարկ խոսքերի հետ։

Հայրենասիրությունը չափվում է ոչ թե բարձր ճառերով կամ լիքը բաժակներով, այլ նրանով, թե որքան ես կանգնում քո զինվորի, նրա ընտանիքի և նրա կյանքի կողքին, երբ նա ամենաշատն ունի քո կարիքը։

Պատերազմը հաղթողներ չի թողնում։ Այն բոլորից խլում է ամենաթանկը՝ մարդկային կյանքը, իսկ նրա վերքերը մնում են սերունդների վրա։

Հիշե՛ք, զոհված հերոսի հիշատակը հարգելը սկսվում է կենդանի հերոսին չմոռանալուց։

Նարեկ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ