ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ռուսաստանը և ՈՒկրաինան աստիճանաբար վերացնում են «կարմիր գծերը»

Ռուսաստանը և ՈՒկրաինան աստիճանաբար վերացնում են «կարմիր գծերը»
21.08.2026 | 13:41

Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը։ Իսկ նախօրեին Կիևին հասցված գիշերային հարվածներն ասվածի հաստատումներից մեկն են։

Ռազմական մի շարք փորձագետներ այն անվանել են այս տարվա ամենահզոր հարվածներից մեկը։ Բաց աղբյուրների տվյալներով՝ Կիևի և Ուկրաինայի ԶՈւ այլ օբյեկտների ուղղությամբ արձակվել է ավելի քան հարյուր հրթիռ՝ «Ցիրկոն»-ներ, «Իսկանդեր»-ներ, «Կալիբր»-ներ, Х-101 և Х-59МК2 ավիացիոն հրթիռներ՝ 320կգ մարտագլխիկով:

Հիմնական թիրախներից մեկը եղել է «Անտոնով» ավիացիոն գործարանը։ Հրդեհի մասշտաբները հաստատվում են ինչպես ԶԼՄ կադրերով, այնպես էլ արբանյակային լուսանկարներով։ Վնասվել են վարչական շենքը և արտադրամասերը, որտեղ հավաքվում էին հեռահար գործողության անօդաչու թռչող սարքեր։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ բալիստիկ հրթիռը խոցել է նաև այն շենքը, որտեղ աշխատում էին օտարերկրյա ինժեներներ։ Ի դեպ, վերջին շրջանում եվրոպական մի շարք երկրներ չեն թաքցնում, որ իրենց անօդաչու սարքերը հարվածներ են հասցնում Ռուսաստանի քաղաքներին։

Լուրջ հարված է հասցվել նաև ուկրաինական բանակի կարիքների համար նախատեսված Բրովարի քաղաքի վառելիքաքսուքային նյութերի պահեստին։

Ռուսաստանը սկսել է ավելի ու ավելի ակտիվորեն հարվածել Ուկրաինայի լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Հարվածի տակ են հայտնվել Մայակի և Զատոկայի կամուրջները, ինչպես նաև Զապորոժի քաղաքի երկու հատվածներն իրար կապող առանցքային կամուրջը: Ըստ որոշ հրապարակումների՝ թիրախում կարող են հայտնվել նաև Դնեպրի վրայով անցնող այլ խոշոր կամուրջներ:

Վերջին շրջանում հրթիռակոծման է ենթարկվել նաև Օդեսայի շրջանը։ Ըստ առկա տվյալների՝ հուլիսի 22-ից Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների աշխատանքը փաստացի դադարել է։ Ուկրաինայի համար դա նշանակում է շուրջ 2 միլիարդ դոլար եկամուտների կորուստ, հացահատիկի արտահանման մոտ 60 % կրճատում, ինչպես նաև երկաթի հանքաքարի ու մետաղական արտադրանքի մատակարարումների դադարեցում։ Հաղորդվում է նաև նավահանգստային ենթակառուցվածքի վնասների մասին:

Ըստ թելեգրամյան ալիքների՝ ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան հազար օբյեկտ։ Նշենք, որ նավահանգիստները միայն տնտեսություն չեն, այլև ռազմական նշանակության լոգիստիկայի կարևոր բաղադրիչ։

Այս ֆոնին, կարելի է ասել, որ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար աստիճանաբար վերացվում են այն «կարմիր գծերը», որոնց հետևում էին։ Ռուսաստանի տարածքում Wildberries-ի օբյեկտներին, նավթավերամշակման գործարաններին, էներգետիկ և թիկունքային ենթակառուցվածքին հասցված ուկրաինական հարվածները, կարծես, փոխում են նաև Ռուսաստանի վերաբերմունքը թիրախների ընտրության և զինատեսակների կիրառման հարցում:

Փաստ է, որ Ռուսաստանին ևս զգալի հարվածներ են հասցվում։ Ղրիմն ու Սևաստոպոլը փաստացի դարձել են առաջնագծային տարածքներ, ինչպիսիք են Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզերը։ Իսկ վառելիքային ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն իրականություն է։

Սակայն խոսել հօգուտ Ուկրաինայի ռազմավարական շրջադարձի մասին՝ չի կարելի։ Ռուսաստանը, կարծես, դեռ նոր է ինտենսիվացնում հրթիռային և ավիացիոն հարվածների քանակներն ու որակները: Իսկ ուկրաինական ՀՕՊ-ը, դատելով իրադարձություններից, գործում է իր հնարավորությունների եզրագծին։

Եթե Ուկրաինայում ռուսական հարվածների այս տենդենցը շարունակվի, ապա, որոշ ժամանակ հետո, կա՛մ պետք է Ուկրաինային ուղղորդեն դեպի բանակցություններ, կա՛մ Արևմուտքը նոր ճակատ(ներ) պետք է բացի: Այդ դեպքում ո՞ր եվրոպական երկիրը կցանկանա առաջինն ընդունել ռուսական հրթիռները: Կարծում եմ՝ ոչ մի երկիր չի ցանկանա հայտնվել այդ վիճակում ու նման կերպ օգնել Ադրբեջանի բարեկամ Ուկրաինային:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ