ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Օկուպացիայի լեգիտիմացում՝ «խաղաղության» շղարշով

Օկուպացիայի լեգիտիմացում՝ «խաղաղության» շղարշով
20.08.2026 | 20:39

(ինչպես է հայրենիքը վերածվում կենցաղային «չափումների»)

Աստծուց մեզ տրված այս հրաշք երկիրը, որը մինչ 2020-ի նոյեմբերի 9-ի, լույս 10-ի չարաբաստիկ գիշերը 42 500 քառակուսի կիլոմետր ամբողջական հայրենիք էր, «օրգանիկ» մի ձայնագող տարբեր հարթություններում վերածել է իսկական «հատվածական» դժոխքի․ անվտանգային, պաշտպանական, առողջապահական, իրավական, բարոյական ու սոցիալական․․․ ցանկն անվերջ կարելի է շարունակել։

Մերօրյա դանթեական դժոխքի սույն «ճարտարապետն» արդեն 8 տարի 3 ամիս է՝ անարգել հնձում է մարդկային կյանքերն ու պատառ-պատառ հոշոտում Հայաստանի սահմանները։

2026-ի հունիսյոթյան հոգեցունց երկրաշարժից դեռևս ուշքի չեկած մեր հասարակությունն այսօր՝ օգոստոսի 20-ին, ենթարկվեց հետընտրական հերթական հզոր աֆտերշոկին․

«Քյարքին Հայաստանի տարածք չի։

Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։

Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։

Սա փաստ ա, որի հետ մենք պետք ա առնչվենք»։

Հայկական անվանումները «մոռացած» ու թշնամու բառապաշարը որդեգրած հայրենազրկման սույն օտարալեզու «օրգանիկն» անվրդով ազդարարեց նաև․

«Հիմա մեր ընկալումը ի՞նչ ա․ որ էս հարցը կա։ Էս հարցը պետք ա լուծվի՞, թե՞ չպետք ա լուծվի։ Այո, էդ հարցը պետք ա լուծվի։ Արդյո՞ք կա տարբերակ էս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ո՛չ, չկա էդպիսի տարբերակ․․․ Դա անցյալ և փակված էջ ա։ Ինչպե՞ս լուծել էդ հարցերը։ Լուծել և երկու երկրների համար էնպես, որ մարդկանց համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար»։

Այո՛, հենց այդպես․ «մարդկանց համար լինի հարմար»․․․

Ի՞նչ է թաքցնում վարչաֆեստի սույն գաղտնագիրը։ Արդյո՞ք այդ ձևակերպումը հստակ ու անողոք ուղերձ չէ սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին․

«Կապեք եղած-չեղածը, հրաժեշտ տվեք ձեր պապենական գերեզմաններին ու սրբավայրերին, լքեք ձեր տներն ու կրկին տնանկ դարձեք»։

«Հարմարավետությու՞ն», թե՞ այս էլ որերորդ անգամ հային սեփական հողում փախստական ու տնանկ դարձնելու ՔՊ-ական հերթական դաժան դատավճիռը՝ «խաղաղության» կեղծ շղարշով քողարկված։

Երբ հայրենիքն ու նախնյաց հողը հանգեցվում են կենցաղային «հարմարվողականության», իսկ պետական սահմաններն ու ինքնիշխանությունը զոհաբերվում են բարձր ամբիոնից հնչեցված լսելիքը սղոցող ֆալցետին, այլևս ասելիք էլ չի մնում։ Ամենացավալին ու ողբերգականն այն է, որ «խաղաղության» կեղծ փաթեթավորմամբ մատուցվող այս կրկնակի կապիտուլյացիան հասարակության վրա իրացվում է որպես «անխուսափելի փաստ»՝ անջատելով ազգային արժանապատվության բնազդն ու կաթվածահար անելով անվտանգային վերջին երաշխիքները։

Ալիևի սույն խամաճիկը՝ «Եվ էսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա՝ այլ կերպ ա» շինծու թեզով փորձում է սովորական, ընդունելի ու անխուսափելի իրողություն դարձնել թշնամու ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Ջերմուկում, Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում։ Պետության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան՝ ՀՀ սուվերեն տարածքն ու թշնամու զավթած պատառները հավասարեցնելով միմյանց։

Մինչդեռ, եթե առաջնորդվենք քարտեզների տրամաբանությամբ, ապա պատմական ու իրավական կշիռ ունեցող բազմաթիվ քարտեզներով Արցախն ու Նախիջևանը երբեք էլ Ադրբեջան չեն եղել, Գյանջան հայկական պատմական Գանձակն է, Շուշան՝ հայոց մշակութային ոստան Շուշին, իսկ Բաքուն՝ Բակուրակերտն ու Բակուրավանը։

Բայց սույն «օրգանիկը» նախընտրում է կուրորեն սպասարկել թշնամու «հարմարվողական» քարտեզագրությունը՝ հենց Երևանի սրտից լեգիտիմացնելով մեր պատմական ու պետական տարածքների հանձնումը։

ՔՊ-ական նեոբոլշևիկները հայրենիքի սահմաններն ու մեր հայրենակիցների ճակատագրերը դարձրել են կենցաղային «հարմարվողականության» ու «խաղաղասիրական» փուչ լեզվակռվի առարկա։ Երբ սեփական հողում ապրելն ու այն պաշտպանելը իշխանական ամբիոններից հռչակվում են «անցյալ ու փակված էջ», պետության ապագան դառնում է ավելի քան անորոշ, իսկ ժողովրդի գոյությունը՝ անմիջականորեն վտանգված։

Ըստ էության, ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունն ինքնակամ թշնամու առջև բացում է բոլոր դռները։ Դիվանագիտության մեջ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումն առանց փոխադարձ երաշխիքների նշանակում է կամովին հանձնվել հակառակորդի քմահաճույքին։

Անտարբերությունն այլևս հանցակցություն է։

Երբ քեզնից խլում են հայրենիքիդ վերջին պատառները, իսկ փոխարենը մատուցում «հարմարավետության» կեղծ օրորոցայինը, լռելը նշանակում է համաձայնել սեփական տանը կամավոր գերի դառնալու դատավճռին։ Պետությունը չի չափվում «հարմարավետությամբ», պետությունը չափվում է արժանապատվությամբ ու սահմանի անառիկությամբ։ Իսկ զիջումներով ու խաղաղություն մուրալով ապրելու փորձերը երբեք որևէ ազգի փրկություն չեն բերել․ դրանք բերել են միայն վերջնական հայրենազրկում։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Բայց որքան էլ ներքին թշնամին փորձի հանձնվողականությունը մատուցել որպես «անխուսափելիություն», պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովրդի դիմադրողականությունն ու ապրելու կամքն անհամեմատ ավելի ուժեղ են, քան որևէ ինքնահռչակ վարչաբենդ-վարչաֆեստի փուչիկ քաղաքականությունը։ Հայրենիքը մեկ անձինը կամ խմբակինը չէ, հայրենիքն այստեղ ապրող, արարող ու իր հողին տեր կանգնող հայի հավաքական արժանապատվությունն է։ Իսկ այդ արժանապատվությունը հնարավոր չէ ջնջել ոչ մի կեղծ քարտեզով կամ ամբիոնային ճառով։

Դիտվել է՝ 281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ