Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու քայլը կարելի է գնահատել տարբեր կերպ։ Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել նրա քաղաքական հայացքների հետ, կարելի է քննադատել նրա՝ Ռուսաստանի վերաբերյալ գնահատականները։ Բայց կա մի բան, որը չի կարելի անել՝ ջնջել նրա ամբողջ կյանքը և նրա ծառայությունը Հայաստանին։
Մարդը, որը մեծ համակարգում հասել էր գեներալ-լեյտենանտի մակարդակի, 1990-ականներին եկավ Հայաստան և իր ռազմական գիտելիքն ու փորձը ներդրեց հայկական բանակի ստեղծման գործում։ Դարձավ նրա առաջին ղեկավարներից մեկը և տարիներ տվեց հայկական պետականության ամրապնդմանը։
Այսօր նա ասում է՝ այլևս չի ուզում լինել այս պետության քաղաքացին։
Սա պետք է մեզ ստիպի ոչ թե միայն Նորատին դատապարտել կամ արդարացնել, այլ մեզ հարց տալ.
Ինչպե՞ս հասանք այն կետին, որ հայկական բանակի ստեղծման մեջ բացառիկ դեր ունեցած մարդը իրեն օտար է զգում իր իսկ ստեղծած պետությունից։
Բայց հարցն արդեն միայն Նորատը չէ։
Ինչո՞ւ է մեր հասարակությունը հաճախ ճանաչում ու առաջ մղում ոչ թե ամենագիտունին, նվիրյալին, ամենապրոֆեսիոնալին ու ամենապատասխանատուին, այլ ամենաբարձր գոռացողին, ամենաճղճիմին, ամենաշատ փող ունեցողին։
Եվ կա դրանից էլ ավելի ցավոտ հարց.
Ինչո՞ւ է հայը հաճախ իր լավագույն որակները դրսևորում որևէ մեծ համակարգի ներսում, բայց չի կարողանում (գուցե չի ուզում) նույն որակներով կառուցել սեփական պետական համակարգը։
Խորհրդային Միությունը կայսերական և բռնապետական համակարգ էր, բայց ուներ հսկայական գիտական, ռազմական, տեխնոլոգիական և կրթական ենթակառուցվածք։ Եվ այդ համակարգում հայերը կարողանում էին հասնել ամենաբարձր մակարդակների։
Վիկտոր Համբարձումյանը դարձավ համաշխարհային աստղաֆիզիկայի խոշորագույն դեմքերից մեկը։
Ալիխանյան եղբայրները՝ միջուկային ֆիզիկայի առաջատար գիտնականներ։
Սերգեյ Մերգելյանը՝ մաթեմատիկայի բացառիկ դեմքերից մեկը։
Արտեմ Միկոյանը՝ համաշխարհային ավիացիայի պատմության մեջ մնացած «ՄիԳ» կործանիչների գլխավոր կոնստրուկտորներից մեկը։
Արամ Խաչատրյանը՝ 20-րդ դարի համաշխարհային երաժշտության մեծագույն կոմպոզիտորներից մեկը։
Եվ այս շարքը կարելի է երկար շարունակել։
Այսինքն՝ խնդիրը մեր ունակությունների բացակայությունը երբեք չի եղել։
Հայը կարողացել է դառնալ աշխարհի լավագույն գիտնականներից մեկը, ինժեներ, զինվորական, ճարտարապետ, երաժիշտ, երբ հայտնվել է այնպիսի համակարգում, որը կարողացել է ճանաչել նրա կարողությունը, պահանջել արդյունք և այդ արդյունքը դարձնել համակարգի հարստությունը։
Բայց ինչո՞ւ նույնը չենք կարողանում անել մեր սեփական պետության մեջ։
Խնդիրը հայի գենը չէ։
Խնդիրը հայի ունակությունների պակասը չէ։
Խնդիրը համակարգն է։
Եվ այստեղ առաջանում է ևս մեկ՝ գուցե ամենացավոտ հարցը։
Ինչպե՞ս եղավ, որ խորհրդային սերունդը, որը մեծացել էր օտար պետության պայմաններում, 1990-ականներին կարողացավ հաղթել պատերազմում, ստեղծել բանակ և ազատագրել հայկական տարածքներ, իսկ արդեն անկախ Հայաստանում մեծացած սերունդը ոչ միայն զինվորին թողեց միայնակ պատերազմի դաշտում ու տարավ պարտության, այլև երեք անգամ ձևավորեց այն իշխանությունը, որը երկիրը տանում է դեպի աղետ և պետականության թուլացում։
Ինչո՞ւ առաջին սերունդը, որը չուներ անկախ Հայաստանում ապրելու փորձ, կարողացավ հաղթել արցախյան առաջին մեծ պատերազմում, իսկ անկախության պայմաններում ձևավորված սերունդը հայտնվեց պարտության և պետական ճգնաժամի առջև։
Սա միայն իշխանությունների մասին հարց չէ։
Սա նաև հասարակության, մեր ընտրության չափանիշների և մեր պետական մտածողության մասին հարց է։
Եվ գուցե հենց այստեղ է պետք հիշել Անդրանիկին ու Նժդեհին։
Ինչո՞ւ նրանց ժամանակին լիարժեք չգնահատեցինք։
Ինչո՞ւ հաճախ մեր մեծ մարդկանց հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն անցել են պատմության մեջ։
Մենք սիրում ենք մեր հերոսներին, երբ նրանք այլևս չեն կարող մեզ հակաճառել։
Այսօր ևս, կենդանի, անկախ մտածող, պահանջկոտ և իշխանությանը անհարմար մարդը մեզ համար հաճախ ավելի դժվար է ընդունելի, քան նրա արձանը։
Ի՞նչ ենք մենք փոխանցել սերունդներին անկախության տարիներին։
Ի՞նչ կրթություն, ի՞նչ արժեքներ, ի՞նչ պետական մտածողություն և ի՞նչ պատասխանատվության զգացում։
Եթե պետության մեջ ընտրության չափանիշները փոխարինվում են ծանոթությամբ, փողով, պոպուլիզմով, և հասարակության մակերեսային պահանջարկով, ապա համակարգը սկսում է դուրս մղել իր լավագույն մարդկանց։
Ու այդ ժամանակ տեղի է ունենում ամենավտանգավորը։
Լավագույնները հեռանում են, միջակները մնում են, իսկ հասարակությունը աստիճանաբար սովորում է միջակությանը։
Հետո ասում ենք՝ «մեզ մոտ լավ մասնագետ չկա»։
Կա՛։
Միշտ էլ եղել է։
Պարզապես մենք հաճախ չենք ստեղծում այնպիսի պետություն, որտեղ նրա որակը պահանջված է։
Եվ այստեղ Նորատի պատմությունը դառնում է խորհրդանշական։
Սա միայն մեկ մարդու որոշում չէ, որի շուրջ պետք է վիճել՝ «ճի՞շտ արեց, թե՞ սխալ»։
Գուցե ավելի կարևոր է մեկ ուրիշ հարց տալ.
Մենք ունա՞կ ենք վերջապես կառուցել այնպիսի հայկական պետություն, որտեղ մեր լավագույն մարդիկ ոչ թե կայսրությունների ներսում են դառնում մեծ, այլ հենց Հայաստանի ներսում են ստանում իրենց կարողություններին համապատասխան տեղն ու նշանակությունը։
Որովհետև պետությունը միայն տարածք, սահման ու անձնագիր չէ։
Պետությունը նաև այն համակարգն է, որը պետք է կարողանա ճանաչել, պահել և օգտագործել իր լավագույն մարդկանց։
Գևորգ Կարապետյան