ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում նստած՝ ԱՄՆ-ում մեքենա է լիցքավորել. ինչո՞ւ է բանկն անպաշտպան թողնում հաճախորդին

Երևանում նստած՝ ԱՄՆ-ում մեքենա է լիցքավորել. ինչո՞ւ է բանկն անպաշտպան թողնում հաճախորդին
19.11.2026 | 10:46

Քաղաքացին երբեք ԱՄՆ-ում չի եղել։ Նա երբեք չի ունեցել և չունի ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր։ Սակայն պարզվում է, որ վերջինս, Երևանում նստած, ինչ-որ ավտոմեքենա է լիցքավորել շուրջ 170 ԱՄՆ դոլարի բենզինով՝ ԱՄՆ-ում գտնվող «Shell» բենզալցակայաններից մեկում։ Եվ դա՝ «Ակբա բանկ» ԲԲԸ-ի («Acba bank» OJSC) քարտից օգտվելու «շնորհիվ»։
Քաղաքացին պարզաբանման համար դիմում է բանկ։ Շուրջ մեկ ամիս տևած «քննության» արդյունքում բանկից քաղաքացուն «պարզաբանել են», որ վերջինիս քարտը ինչ-որ ժամանակ կցված է եղել Google-ի հավելվածներից մեկին, հետևաբար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում։ Միաժամանակ բանկից քաղաքացուն հայտնել են, որ չգիտեն՝ Google-ի այդ հավելվածը զեղծարա՞ր է, թե՞ ոչ։
Լավ, բա բանկն ի՞նչ գիտի և ինչի՞ համար է պատասխանատու։ Տրամաբանորեն՝ բանկը պետք է պատասխանատվություն կրի իր հաճախորդների ֆինանսների անվտանգության համար։ Եթե բանկը չի ցանկանում նույնիսկ անվտանգության տարրական կանոններն ապահովել, ապա մեզ պե՞տք է այդպիսի կառույց։
Տվյալ դեպքում ի՞նչ է նշանակում չիմանալ, թե Google-ի հավելվածը զեղծարար է, թե՝ ոչ։ Քաղաքացին բանկին է գումար վստահում։ Ուշադի՛ր՝ ԲԱՆԿԻՆ, այլ ոչ թե «թաղի խուժանին», քանզի, ի տարբերություն «թաղի խուժանի», բանկը պարտավորություն ունի ապահովելու հաճախորդի գումարի անվտանգությունը։ Սակայն տվյալ դեպքում բանկը ոչինչ չգիտի կայքի կամ հավելվածի զեղծարար լինել-չլինելու մասին կամ ոչինչ չի ձեռնարկում փաստացի իրականացված զեղծարարության դեմ։ Ի դեպ, ի տարբերություն բանկի, «թաղի խուժանը» լավ գիտի տարածքի բոլոր «խուժաններին»՝ կներեք, զեղծարարներին։
Մյուս կողմից՝ լավ, ենթադրենք բանկը չգիտեր, որ Google-ի հավելվածի միջոցով կարելի է զեղծարարության զոհ դառնալ։ Այժմ հո գիտի՞։ Նախադեպը կա, չէ՞։ Եվ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բանկն այդքանն իմանալուց հետո։ Գրեթե վստահ եմ՝ որևէ միջոց չի ձեռնարկել, հետևաբար տասնյակ քաղաքացիներ նույն զեղծարարության զոհը դառնալու հերթի մեջ են։
Ինչպե՞ս վարվել։
Կարծում եմ՝ բանկերը պետք է անընդհատ աշխատեն հաճախորդների հետ և վերջիններիս պարբերաբար ներկայացնեն իրենց գնահատմամբ «կասկածելի» կայքերն ու հավելվածները։ Եվ, ամենակարևորը, բանկերը պետք է գիտակցեն, որ արմատապես տարբերվում են «թաղի խուժանից»։
Ի դեպ, շուրջ երկու տարի առաջ Ֆրանսիական զարգացման գործակալության անդամ «Պրոպարկոն» («Proparco») գնեց «Ակբա բանկի» 10% բաժնեմասը և դարձավ բաժնետեր։ Փաստորեն, ըստ այդմ, զեղծարարության արդյունքում հաճախորդին պատճառված 170 ԱՄՆ դոլարի վնասի 10%-ի՝ 17 ԱՄՆ դոլարի պատասխանատուն ֆրանսիական կողմն է։
Նկարում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Ակբա բանկի» միջոցառումներից մեկում։

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ