ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալաքրամ Հումաթովը, հայ-թալիշական կապերն ու բաց թողնված հնարավորությունները

Ալաքրամ Հումաթովը, հայ-թալիշական կապերն ու բաց թողնված հնարավորությունները
19.11.2026 | 10:54

2019 թվականին, երբ արդեն վստահ էի, որ մեզ պատերազմ է սպասվում, սկսեցի ուսումնասիրել թալիշներին։ Ուսումնասիրությունս ինձ տարավ մինչև 1990-ականներ, ու առաջին անգամ լսեցի Ալաքրամ Հումաթով անունը։ Այդ ժամանակ շատ բան կտայի նրա հետ ծանոթանալու համար, բայց ժամանակն ու համառ փնտրտուքս ինձ ավելի մոտ բերեցին թալիշական անկախության գաղափարախոսին՝ Թալիշ-Մուղանյան Հանրապետության առաջին ու վերջին (ո՜վ գիտի) առաջնորդ Հումաթովին։
Զարմանում էի, որ իրանագիտության ամբիոնի, թալիշագիտության կենտրոնի ջանքերն աննկատ էին մնացել… Այնքա՜ն մեծ հույսեր ունեի, որ հայ-թալիշական գործակցություն կկարողանանք կրկին ստեղծել, ինչպես հեռավոր 90-ականներին, բայց… (ովքեր տեղյակ են, գիտեն, թե ինչ էր եղել Հումաթովի՝ Լենքորան գնալուց առաջ ու ինչ եղավ դրանից հետո):
Հումաթովի հետ զրույցներում անընդհատ փորձում էի հարցնել, թե ինչո՞ւ չստացվեց հայ-թալիշական զինակցությունը, բայց նա վարպետորեն շրջանցում էր այդ թեման, մինչև մի օր մի ընկեր որոշ նրբություններ բացեց։ Ուսումնասիրություններս հասան նաև Վազգեն Մանուկյանի գործունեությանը, որը լրջորեն զբաղվել էր հայ-թալիշական զինակցության հարցերով՝ այն աստիճան, որ բանը հասել էր իրական գործնական քայլերի, մինչև այն պահը, երբ…
Այնուամենայնիվ, չնայած հնից մնացած անվստահությանը, թալիշները դեռ հույսեր կապում էին մեզ հետ… 2020 թվականի պարտությունը վերջնականապես ջնջեց այն հույսերը, որոնք գուցե կային Հոլանդիայի վտարանդու մտքում։ Արդյունքն այն էր, որ նա անգամ ինձ ջնջեց ընկերների ցանկից, կարծես երբեք չէինք խոսել, ապագա ծրագրեր կազմել, հեռավոր 90-ականները հիշել ու Թալիշ-Մուղանյան Հանրապետության վերածնունդը պատկերացրել։
Հումաթովը թեպետ շատ զգուշավոր, բայց միաժամանակ բավականին իրատես, հեռատես ու իմաստուն մարդու տպավորություն թողեց։ Չնայած հայերից ունեցած նեղացվածությանը՝ նա վստահ էր, որ անկախ Իրանի ու Ռուսաստանի հնարավոր աջակցությունից, առանց Հայաստանի Թալիշ-Մուղանյան Հանրապետության ստեղծումը հնարավոր չէր։ Ի դեպ, երբ իմացավ, որ տարված եմ Սուն Ցզիով, ինձ խորհուրդ տվեց անպայման կարդալ Կաուտիլիայի «Արտհաշաստրան», ու ցավոք՝ այն կարդացի միայն Հումաթովի մահից հետո։
Ես չգիտեմ, թե արդյո՞ք թալիշ ժողովուրդը կունենա Հումաթովի նման առաջնորդ, սակայն վստահ եմ, որ մի օր, երբ թալիշները կթոթափեն պարտադրված ադրբեջանական ինքնությունը, նորից կվերադառնան հումաթովյան երազանքներին, ու այդ ժամանակ իսկապես Հումաթովի նման գործիչների կարիք կզգացվի։ Ամեն դեպքում՝ կյանքը հնարավորի մասին է, իսկ քաղաքական կյանքը՝ առավել ևս։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.
Այս գրառումը 2023 թվականի է, ու ամեն օր հիշում եմ բաց թողնված հնարավորությունները:
Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ