ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է հետևյալը.
«Պատրաստ եմ հրաժարական տալ, եթե դուք աջակցեք կառավարության՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը»։
Փաշինյանի խոսքով՝ անկախ հանրաքվեի արդյունքներից, ինքը կհեռանա վարչապետի պաշտոնից։ Եթե ՀՀ քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, Փաշինյանն անմիջապես հրաժարական կտա։ Իսկ եթե մեծամասնությունն արտահայտվի նոր Սահմանադրության օգտին, ապա 2031 թվականին նախատեսված հաջորդ խորհրդարանական ընտրություններին նա չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ընդդիմության համար սա հիանալի առաջարկ է։ Սակայն այստեղ մի շարք ռիսկեր կան։
Առաջին. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, որի շրջանակում Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում է որպես կարգավորման անբաժանելի մաս։ Բայց ո՞վ է երաշխավորում, որ Բաքուն նոր նախապայմաններ չի առաջադրի։
Երկրորդ. միայն Աստծուն է հայտնի, թե ինչ տեղի կունենա մինչև 2031 թվականը։ Օրինակ, հնարավոր է, որ Փաշինյանը որոշի փոխել երկրի կառավարման ձևը, և Հայաստանը կրկին դառնա նախագահական հանրապետություն։ Այդ դեպքում նա, պահելով իր խոստումը, չի հավակնի վարչապետի պաշտոնին, սակայն կփորձի դառնալ Հայաստանի նախագահ։
Անդրանիկ Հովհաննիսյան