Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Բաքվի նվերը՝ Փաշինյանին

Բաքվի նվերը՝ Փաշինյանին
04.02.2026 | 11:47

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևի Բաքվում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես ադրբեջանական դիրքորոշման որոշակի մեղմացում։ Սակայն դա մակերեսային ընկալում է:

Ավտորիտար համակարգում որևէ պատգամավորի նման հայտարարություն չի կարող լինել ինքնաբուխ։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության առանցքային հարցին, որը տարիներ շարունակ գտնվում է Ադրբեջանի նախագահի անմիջական վերահսկողության ներքո։ Հետևաբար, այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ:

Ի դեպ, նման հայտարարությունները հաճախ փորձարկում են հանրային արձագանքը և միջազգային դիրքորոշումները՝ առանց պաշտոնական հանձնառության։

Բաքվի հիմնական պահանջը չի փոխվել։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է ստանձնի սահմանադրական պարտավորություն՝ իր հիմնական օրենքում բացառելով Ադրբեջանին ուղղված որևէ տարածքային ակնարկ։ Փոփոխվել է ոչ թե պահանջի բովանդակությունը, այլ դրա ներկայացման հերթականությունը։ Եթե նախկինում Բաքուն պահանջում էր նախ փոխել Սահմանադրությունը, ապա միայն հետո խոսել խաղաղության պայմանագրի մասին, այժմ առաջարկվում է հակառակ տարբերակը՝ նախ ստորագրում, սակայն այն պայմանով, որ պայմանագրի ուժի մեջ մտնելը փաստացի կապվելու է սահմանադրական փոփոխությունների իրականացման հետ։ Այս մոտեցումը խաղաղության պայմանագիրը վերածում է ոչ թե գործընթացի ավարտի, այլ քաղաքական և իրավական ճնշման նոր գործիքի։

«Մինչև հունիս» ձևակերպումը պատահական չէ։ Այն ուղղակիորեն կապված է Հայաստանի ընտրական օրացույցի հետ և հաշվարկված է ընտրություններին նախորդող փուլում ներքաղաքական դաշտի վրա ազդեցություն գործելու նպատակով։ Մինչև ընտրությունները խաղաղության պայմանագրի ստորագրումը գործող իշխանությանը հնարավորություն է տալիս հանդես գալ որպես «խաղաղություն ապահովող» ուժ՝ ապահովելով արտաքին քաղաքական աջակցություն և ներքին լեգիտիմության լրացուցիչ ռեսուրսներ։ Այս համատեքստում խաղաղության գործընթացը դուրս է բերվում անվտանգության և պետական շահի հարթությունից և տեղափոխվում ընտրական տեխնոլոգիաների դաշտ։

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվում է մինչև ընտրությունները, սակայն հետագայում սահմանադրական փոփոխությունները չեն իրականացվում կամ հանրաքվեն ձախողվում է, Ադրբեջանը ստանում է առավել շահեկան դիրք։ Այդ դեպքում Բաքուն կարող է պնդել, որ Հայաստանը խախտել է իր ստանձնած պարտավորությունները։ Սա Ադրբեջանին հնարավորություն է տալիս միջազգային հարթակներում նախաձեռնել ճնշման նոր փուլ՝ արդեն իրավաքաղաքական հիմնավորումներով։

Կարճաժամկետ քաղաքական հաշվարկով այս իրավիճակը կարող է ընկալվել որպես ակնհայտ նվեր գործող իշխանությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն պետական և ռազմավարական տեսանկյունից այն ավելի շուտ թակարդ է, քանի որ խաղաղության պայմանագիրը դառնում է ոչ թե անվտանգության երաշխիք, այլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա արտաքին ազդեցության գործիք։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 5948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ