Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Մի շիշ 400-դոլարանոց գինի

Մի շիշ 400-դոլարանոց գինի
11.02.2026 | 12:20

Ես միանգամից երբեք 400 դոլար փող չեմ ունեցել։ Այսինքն՝ ավելի շատ էլ է ձեռքիս եղել։ Բայց դա իմը չի եղել։ Ես չեմ կարողացել ծախսել հենց այնպես, ինչպես սիրտս կուզի, առանց ափսոսելու։

Հիմա ձեռքիս 400 դոլար փող կա, ու ես ուզում եմ դրանով մի շիշ գինի առնել․․․ Ասեմ, որ ես այնքան էլ գինու սիրահար չեմ, բայց շա՜տ եմ ուզում ցուցափեղկում դրված հենց այդ վարդագույն, 400 դոլարանոց գինին գնել․․․

Ես փողը տալիս եմ վաճառողին և վերցնում եմ գինին։

Առանձնապես մի ուրախություն էլ չկա։ Բայց սա, երևի, կյանքում իմ առած առաջին ապրանքն է, որ առել եմ հենց այնպես, առանց հաշվարկի, առանց մտածելու․․․

․․․ Բայց արժե՞ր աշխարհի կենտրոն իմ երկրից ինչ-որ մի կորած-մոլորած Ամերիկա հասնել և ունեցածդ ամբողջ փողդ տալ մի շիշ գինու․․․ Ախր, այդ փողով ես իմ տանը կարող էի երկու ամիս հանգիստ ապրել։ Կարելի՞ է այդ երկու ամսվա ապրուստի ամբողջ գումարը ծախսել ինչ-որ մի շիշ վարդագույն գինու համար․․․ Այդ հարցը ես հետո գուցե տայի ինձ, բայց հիմա ոչ մի հարց էլ չկա․ ես այդ գինին ուզում էի առնել և՝ առել եմ․․․

Շուրջս մարդիկ կան։ Մենք իրար չենք ճանաչում և խոսում ենք տարբեր լեզուներով։ Բայց նրանք նայում են ինձ ու ժպտում են։ Չեմ կարող ասել, թե ծիծաղում են վրաս, անտարբեր էլ չեն։ Նրանց համար ես, չգիտեմ՝ ինչու, երևի, հետաքրքիր եմ։

Իսկ ինձ համար հետաքրքիր է․ ի՞նչ է լինելու հետո․․․

Ընդամենը, 200 գրամանոց, ապակյա մի բաժակ կա։ Ես էլ դրանով պետք է գինին խմեմ և հյուրասիրեմ այդ մարդկանց․․․

Սեղանի փոխարեն մի մեծ, շատ փափուկ ներքնակ կա փռված գետնին։ Եթե ես բաժակը դնեմ այդ ներքնակի վրա ու դրա մեջ գինի լցնեմ՝ այն, հաստատ, կթափվի։ Ուրեմն՝ շատ զգույշ պետք է լինեմ․․․

Ես զգույշ, շա՜տ զգույշ բաժակը պռնկե-պռունկ լցրեցի։ Հրաշալի է, փորձությունը հաղթահարված է։ Ձեռքս տարա՝ վերցնելու բաժակը, և հենց այդ պահին այն շուռ եկավ․․․ Երդվում եմ, ես դրան չէի էլ դիպել։ Բայց այն շուռ եկավ։ Գինին թափվեց ու սկսվեց հանդարտ ծծվել ներքնակի մեջ։ Ներքնակը դանդաղորեն վարդագույն էր ներծծվում։

Մենք բոլորս նայում էինք․․․ Ոչ տագնապ կար, ոչ՝ ափսոսանք․ ոչ ախուվախ։ Միայն շուրջս հավաքված մարդիկ առաջվա պես ժը՜պտում էին․․․

Բայց գինի էլի կար․․․ Գոնե դա անփորձանք խմենք։ Ես բաժակը դնում եմ ներքնակի սպիտակ կեսի վրա և ավելի զգույշ, շա՜տ զգույշ, գինին լցնում եմ․․․ Բոլորը ակնապիշ նայում են․ հանկարծ՝ մի բան չպատահի․․․ Բաժակը լիքն է։ Ես ձեռքս տանում եմ՝ վերցնելու այն։ Երդվում եմ, ես դարձյալ ոչ մի բանի չդիպա։ Բաժակը ծռվեց տեղում, տատանվեց, մի քիչ այդպես մնաց ու՝ ․․․ միանգամից շուռ եկավ․․․

Շուրջս ախուվախ կամ ափսոսանք չկար․ սպիտակ ներքնակը դանդաղորեն վարդագույնվում էր, ու մենք նայում էինք: Սեղանակիցներս դարձյալ անխոս ժը՜պտում էին․․․

Լավ, բա այս ամբողջ երկրագունդը ծայրից-ծայր կտրես, գաս, հասնես Ամերիկա, գնես 400 դոլարանոց մի շիշ վարդագույն գինի ու, առանց համտես անելու՝ թափե՞ս․․․

Մնացել էր կես բաժակ գինի։ Գոնե՝ այդքանը անփորձանք խմենք։ Ես բաժակը լցնում եմ կիսով չափ, և երբ ձեռքս մեկնում եմ վերցնելու՝ այն դարձյալ շուռ է գալիս, և գինին թափվում է․․․

Ձեռնափերով գրկել եմ բաժակը և ջանում եմ, գոնե, մի կաթիլ վարդագույն հեղուկ հասցնել շուրթերիս։ Տեր իմ, օգնի՜ր, ընծայիր ինձ քո մի կում գինին, վերադարձրու գինու մի քանի կաթիլի չափ իմ կյամքի իմաստը․․․

Ես, դողդոջուն ձեռքերով, բաժակը շուրթերիս եմ տանում և ագահաբար ըմպում պատերին կպած կաթիլները․․․

Շո՜գ․․․ Կրակ է թափվում երկնքից․․․ Ամբողջ օրն արևի տակ մնալուց հետո միակ փրկությունը գետի ջուրն է։ Ես տասնհինգ տարեկան եմ, և ինձ համար աշխարհը նոր է բացվում ու երբեք չի փակվելու։ Ջրի մեջ մայրս տրորում է մարմինս, շոյում մրմռացող ուսերս։ Մորս կոշտ ձեռքերի հպումն իմ մատղաշ մարմնին ինձ ընծայաբերում է ապահովության, ջերմության և մայրական սիրո մի զգացում, որը երբեք չի ավարտվելու և ինձ պաշտպանելու է աշխարհի բոլոր արհավիրքներից ու ցավերից։ Մայրս ինձ լողացնում է․․․

Ես կանգնել եմ վարդագույն ներկված ներքնակի կողքին և ձեռնափերով շոյում եմ հարթ, կլոր բաժակը։ Կողքիս կանգնած մարդիկ այլևս այնպես չեն ժպտում՝ ինչպես մի քանի րոպե առաջ։ Երևի՝ նրանց ինչ-որ չափ հասու է եղել, թե ինչու է պետք գնել 400 դոլարանոց մի շիշ գինի, որի միայն մի քանի կաթիլն ինձ հիմա նվիրելու է աշխարհի ամենաթանկ պահը․․․

- Դու երբևէ երջանիկ եղե՞լ ես,- հայերեն հարցնում է չինացու դեմքով մեկը։

- Շա՜տ,- պատասխանում եմ ես։ - Իմ կյանքը երջանկությունների շղթա է։

- Իսկ ո՞րն է վերջին ամենաերջանիկ պահը քեզ համար։

- Հիմա, այս պահին, երբ քեզ հետ եմ, գնել ու թափել եմ 400 դոլարանոց մի շիշ վարդագույն գինի։ Եվ այն, որ ես կարողացա դրանից խմել ընդամենը մի քանի կաթիլ։ Հիմա, օտարության մեջ, այդ կաթիլն ինձ մեր գյուղ տարավ հենց այն օրը, երբ ես 15 տարեկան երեխա էի, և մայրս մեր գետում լողացնում էր ինձ․․․

Պավել Նազարյան

Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ