Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Մորգենշտերնի իբր «դարձի գալու» մասին

Մորգենշտերնի իբր «դարձի գալու» մասին
06.10.2026 | 12:23

Մորգենշտերնի համերգի վերաբերյալ հրապարակումներից հետո ամենատարածված հակափաստարկներից մեկն այս է․ «Նա այլևս նախկին Մորգենշտերնը չէ, փոխվել է, դարձի է եկել, դաջվածքներն է հեռացնում, հավատացյալ է դարձել (ավելի ճիշտ՝ ընդունել է հուդայականություն) և բարեգործությամբ է զբաղվում»։
Եկե՛ք քննենք։
Քրիստոնեական իմաստով դարձը պարզապես նախկին կյանքի համար ափսոսանքը, դաջվածքների հեռացումը, սթափ ապրելը կամ ընդհանրապես «Աստծուն հավատալը» չէ։ Դարձը մեղքից դեպի Աստված դառնալն է՝ ապաշխարությամբ և կյանքի փոփոխությամբ։ Իսկ Մորգենշտերնի արածները քրիստոնեական իմաստով «դարձ դեպի Քրիստոս Աստված» անվանելը պարզապես անհնար է։
Բայց կա ավելի կարևոր հանգամանք։ Եթե խոսքը միայն նրա անցյալի մասին լիներ, հարցը բոլորովին այլ կլիներ։ Սակայն նախկին բովանդակությունը դեռ ապրում է նրա ներկա բեմում։ Հենց այդ «արտիստը» սեփական պաշտոնական ալիքում չափազանց խոսուն ձևով նկարագրել է իր վիճակը. մեկ օր երիտասարդներին պատմել է, թե ինչպես է «վերադարձել Աստծու մոտ», իսկ հաջորդ օրը, իր իսկ բառերով, բեմում կրկին կատարել է իր հայտնի գռեհիկ երգը՝ «հայհոյանք է, չեմ ուզում գրել անունը»։
Մենք չենք կարող մարդու սիրտը քննել, բայց կարող ենք քննել նրա գործերը և դրանց պտուղները։ Բարեգործությունը չի սրբագործում սրբապիղծ բովանդակությունը, իսկ դաջվածքից «666»-ը հեռացնելը դեռ չի հեռացնում տարիներով ստեղծված արտադրանքը բեմից, եթե այդ նույն արտադրանքը շարունակում է կատարվել, վաճառվել և մատուցվել հանդիսատեսին։
Ուստի հարցը շատ պարզ է. եթե ասում եք՝ «նա փոխվել է», ապա ցո՛ւյց տվեք՝ փոխվե՞լ է այն, ինչ նա այսօր բեմից տալիս է մարդկանց։ Եվ արդյո՞ք նա հրապարակավ զղջացել է իր նախկին պղծությունների համար՝ քրիստոնեական խորհրդանիշների ծաղրի, եկեղեցական միջավայրի սրբապիղծ օգտագործման, իր մոր հասցեին հնչեցրած գռեհկությունների, հայհոյախառն երգերի և երիտասարդներին այլասերող դեգեներատիվ մշակույթի տարածման համար։
Այսպիսով, եթե մարդը մի կողմից պատմում է Աստծուն «վերադառնալու» մասին, իսկ մյուս կողմից շարունակում է բեմ բարձրացնել իր նախկին գռեհիկ ռեպերտուարը, մենք իրավունք ունենք գնահատելու ոչ թե նրա սրտի խորհուրդները, այլ նրա հրապարակային գործունեության պտուղները։
Եվ հենց այդ պատճառով չի վերանում մեր հարցադրումը Երևանի 18+ համերգի վերաբերյալ․ պե՞տք է արդյոք այդ բովանդակությունը մեծ բեմ ստանա առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած Հայաստանում։
Մենք ասում ենք՝
• Ո՛չ պղծությանը,
• Ո՛չ այլասերմանը,
• Ո՛չ քրիստոնեական սրբությունների ծաղրին։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ