ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցից հետո հանրային դիսկուրսի կենտրոնում բախվում են երկու քաղաքական դիրքորոշումներ:
Իշխանության հիմնական թեզիսներն են.
1. ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության երաշխիքն է
2. TRIPP-ի իրականացումը վերջ է դնում Հայաստանի շրջափակմանը
3. Հայաստանում բացվում են դռները 9 մլրդ դոլար ներդրումների համար
4. Հայաստանը ստանում է անվտանգային երաշխիքներ
5. Նոր հնարավորություններ են ստեղծվում միջուկային էներգետիկայի զարգացման համար
6. Իշխանության դիվանագիտության հաղթանակն է սա, կամ, այլ կերպ ասած, բալանսավորված և բալանսավորվող արտաքին քաղաքականության նվաճումը
7. Առաջիկա 99 տարում Հայաստանի պետականության գոյությունն ապահովված է:
Ընդդիմությունը հակադարձում է.
1. ԱՄՆ-ը տարածաշրջանում ռազմական ներկայություն չունի, և ռազմավարական համագործակցությունը կա և կմնա թղթի վրա
2. Թրամփի ուղին, ըստ էության, Զանգեզուրի արտատարածքային միջանցքն է, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման, և փաստացիորեն դա այդպես է. բաց սահմաններ մնում են միայն Վրաստանի և Իրանի հետ
3. Խոսքը ոչ թե ներդրումների այլ 9 մլրդ դոլարի գնումների մասին է, որը Հայաստանը երբեք չի ունենա
4. Անվտանգությունը պատերազմի հնարավորության բացառումն է. պատերազմի վտանգը գալիս է Ադրբեջանից, որի հարձակողական և հայկական պետության նկատմամբ ժխտողական վերաբերմունքն ու պահանջները պահպանվում են, խաղաղության պայմանագիրը չի կնքվել
5. Մոդուլային ատոմակայանները փորձարկված չեն, դրանց արդյունավետությունը ապացուցված չէ և չի համապատասխանում ՀՀ էներգետիկ պահանջներին
6. Ոչ թե արտաքին քաղաքականության բալանսավորում, այլ խառնաշփոթ, երբ, մնալով ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներում, համագործակցության ես գնում դրանց հետ կոշտ ռազմաքաղաքական և տնտեսական բախման մեջ գտնվող ԱՄՆ -ի և ԵՄ-ի հետ
7. Տնտեսական և կոմունիկացիոն ծրագրերը պատմության մեջ երբեք պետականության գոյության երաշխիքներ չեն եղել:
Ես փորձեցի հնարավորինս առանձանացնել իշխանության փաստարկներն ու ընդդիմության հակափաստարկները: Մասնակցությունը այս դիսկուրսին պահանջում է շատ նեղ դիվանագիտական և հատուկ տեղեկատվության տիրապետում: Փորձագետներն ու վերլուծաբանները չունեն դա: Իրականում ինչ ստվերային պայմանավորվածություններ կան, ցույց կտան ապագա իրադարձությունները: Բայց կա երկու իրողություն, որոնցով պայմանավորված են այս գործընթացների զարգացումները, դրանց տապալումն ու իրականացումը: Աշխարհի վերաբաժանումը ազդեցության և շահերի գոտիների՝ դեռևս ավարտված չէ: ԱՄՆ-ի երկու հիմնական հակառակորդները՝ ՌԴ-ն և Իրանը, մասամբ նաև Չինաստանը ամերիկյան ազդեցության սահմանների ընդլայնումը համարում են սպառնալիք: Նաև Վրաստանը ոգևորված չէ, որովհետև թուլանում են նրա կոմունիկացիոն հնարավորությունները, և կա նաև Արևմուտքի հետ հստակ ընդգծված հարաբերությունների սառեցում:
Եվ վերջում. երբ գալիս է պատերազմի և հաշվեհարդարի, հակառակորդին անպատիժ խփելու և վնասելու հնարավորությունը, թղթի վրա գրված տեքստերը կորցնում են իրենց նշանակությունը:
Գարիկ Քեռյան