ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դպրոցներում սկսել են օրենք խախտել և իրավունք ոտնահարել

Դպրոցներում սկսել են օրենք խախտել և իրավունք ոտնահարել
21.09.2026 | 17:57

Եթե խոսքը գնում է անվտանգության ապահովման մասին, ապա տեսախցիկի առկայությունն անհրաժեշտություն է: Սակայն, եթե տեսախցիկը տեղադրվում է բացառապես անկարգապահ աշակերտներին հետևելու նպատակով, ապա այդօրինակ գործողությունը անօրինական է և ռիսկային մի շարք պատճառներով:
Պատկերացնենք` դասարանում կա 35 աշակերտ, որոնցից մեկը կամ մի քանիսը անկարգապահ են: Ուսուցիչները չեն կարողանում վերջիններիս սաստել: Ավելին` ուսուցիչների նկատողություններն ապարդյուն են, իսկ անկարգապահ աշակերտների ծնողները վստահ չեն իրենց զավակների անկարգապահության մեջ: Այլ կերպ ասած` չեն հավատում ուսուցիչներին: Եվ իրավիճակից դուրս գալու համար ուսուցիչն ու անկարգապահ աշակերտների ծնողները պայմանավորվում են ԴԱՍԱՐԱՆՈւՄ տեսախցիկ տեղադրել, հետևաբար` դասարանի բոլոր աշակերտներից տեսախցիկի գնման և յուրաքանչյուր ամսվա ինտերնետ-ծառայության համար գումար հավաքել:
Նախ` ինչու՞ թվով շուրջ 30 կարգապահ աշակերտի ծնողները պետք է տուժեն, առավելագույնը` 4-5 անկարգապահ աշակերտի պատճառով:
Բացի դրանից` եթե դասարանում տեղադրված լինի տեսախցիկ, ապա անկարգապահ աշակերտներն անկարգապահություն կանեն ՄԻԱՅՆ դասարանից դուրս: Այդ դեպքում, ի՞նչ իմաստ ունի դասարանում տեսախցիկ տեղադրել:
Սա խնդրի ամենապարզունակ կողմերն են: Խնդիրն ունի նաև այլ` շատ ավելի լուրջ, կողմեր:
Օրինակ` ի՞նչ իրավունք ունեն օտար անձինք օնլայն ռեժիմով հետևել օտար երեխաներին, նրանց գործողություններին և անցուդարձին առանց վերջինների ծնողների պատշաճ համաձայնության: Վստահաբար` սա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աներկբա խախտում է:
Իսկ ամենակարևորն այն է, որ տեսախցիկների առկայությամբ ուսուցիչները փորձում են խուսափել իրենց պարտականությունից, այն է` անկարգապահ աշակերտի նկատմամբ կիրառել ընթացակարգով սահմանված պատիժ և «լավամարդ» ձևանալ վերջինիս ծնողների մոտ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում պետք է տեղյակ լինեն և տեղյակ պահեն անտեղյակներին, որ դպրոցի ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում միջին և ավագ դպրոցի աշակերտի նկատմամբ կարող են կիրառվել՝
նկատողություն,
խիստ նկատողություն։
Իսկ, եթե նույն ուսումնական տարվա ընթացքում աշակերտի նկատմամբ խիստ նկատողությունը կրկնվում է, դպրոցը կարող է դիմել սոցիալական աջակցության ոլորտի լիազոր մարմնին՝ երեխայի համար համապատասխան սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկությամբ։
Այլ ընթացակարգ, առավելևս` տեսախցիկների օգտագործմամբ, օրենքը չի նախատեսում:
Եվ, ուրեմն, թարգեք խախտել օրենքը և ոտնահարել իրավունքը:

Կարեն Հեքիմյան
Դիտվել է՝ 9038

Մեկնաբանություններ