ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Մինչ քաղաքական վերնախավը զբաղված է անցյալի «կեղտոտ սպիտակեղենը» լվանալով՝ պետության ապագան մնացել է անտեր

Մինչ քաղաքական վերնախավը զբաղված է անցյալի «կեղտոտ սպիտակեղենը» լվանալով՝ պետության ապագան մնացել է անտեր
28.03.2026 | 14:06

Ամեն անգամ, երբ միացնում եմ ԱԺ ուղիղ եթերը, տպավորություն է, թե մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Դրսում անվտանգային փոթորիկներ ու օրհասական մարտահրավերներ են, իսկ ներսում՝ «դու ես մեղավոր, չէ, դու ես» էժանագին բեմականացում։

Մարշալ Բաղրամյան պողոտայի հայտնի շենքում ժամանակը ոչ միայն կանգ է առել, այլև հետ է գնացել՝ հանգրվանելով 1453 թվականի շրջափակված Կոստանդնուպոլսում։ Այնտեղ էլ, երբ քաղաքը կոլապսի մեջ էր, իմաստունները թեժ վիճում էին հրեշտակների սեռի մասին...

Այսօր էլ մենք նույն վիճակում ենք, մինչ թշնամին չափագրում է մեր լեռները, մեր պաշտոնյաները չափագրում են միմյանց մեղքերի ու վիրավորանքների աստիճանը։ Մինչ քաղաքական վերնախավը զբաղված է անցյալի «կեղտոտ սպիտակեղենը» լվանալով, պետության ապագան մնացել է անտեր՝ նմանվելով բյուզանդական սինդրոմի, բայց հայկական մատուցմամբ։

Մաքիավելին ասում էր. «Իշխանը պետք է շրջապատված լինի ճշմարտախոսներով, այլ ոչ թե շողոքորթներով»։ Մեզ մոտ պատկերը ճիշտ հակառակն է։ Տասնամյակներ շարունակվող քաղաքական բամբասանքի ու հաճոյախոսության այս մարաթոնում հաղթում է նա, ով ավելի ստեղծագործաբար կգովերգի ու կպաշտպանի թիվ մեկին...

Այս ամենի ֆոնին, քաղաքական քծնանքի այս ինքնամոռաց շքերթում խախտվում է այն բարոյական սահմանագիծը, որն անցնելուց հետո սկսվում է անհատի լիակատար դեգրադացիան և սեփական սկզբունքների զոհաբերումը՝ հանուն կցորդի կարգավիճակի։ Սա հենց այն կետն է, որը հատելով՝ մարդն այլևս դադարում է լինել կողմնացույց ու վերածվում է ընդամենը հողմացույցի։ Տոտալ հաճոյախոսության այս մթնոլորտում այդ սահմանի խախտումը դառնում է անդառնալի, մարդն այլևս ի վիճակի չէ վերադառնալ իր իսկությանը՝ վերջնականապես վերածվելով համակարգի անդեմ ու կամազուրկ արձագանքին։

Նայեք վերջին նիստերի օրակարգին։ Քանի՞ տոկոսն է վերաբերում սահմանամերձ բնակիչների կյանքին, տեխնոլոգիական թռիչքին կամ կրթական բարեփոխումներին։ Գրեթե ոչինչ։ Փոխարենը՝ դատարկախոսություն և ներկուսակցական սին հաշվեհարդարներ, համատարած բառերի ավելցուկ և իմաստի սով, որի արդյունքում կուսակցությունների ողջ էներգիան ծախսվում է ոչ թե լուծումներ գտնելու, այլ թիմի ներսում կամ դրսում դիրքերն ամրապնդելու վրա։

Չեք էլ պատկերացնում, թե որքան եմ հոգնել այս իրականությունից, պետական ու գիտական վերնախավի պարապուրդից և պետական պաշտոնյային ոչ բնորոշ հայհոյանքներից ու բառապաշարից։ Վերջիվերջո, պետականությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում են անձնական հավակնություններն ու փողոցային մակարդակի վեճերը։ Մինչդեռ մեզ մոտ դեռ փնտրվում է այդ սահմանը, որն արդեն վաղուց հատվել է։

Իսկ հատվելու դեպքում, երբ պետական այրի բառապաշարից անհետանում է արժանապատվությունը, իսկ օրակարգից՝ վաղվա օրը, մնում է միայն անփառունակ մի թատրոն, որտեղ վարագույրն արդեն վաղուց իջել է, բայց դերասանները դեռ շարունակում են գոռալ դատարկ դահլիճում։ Եվ ցավս նաև այն է, որ այդ դահլիճը մեր հայրենիքն է...

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ