Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Ինչո՞վ են հայազգի բնակիչները տարբերվում հրեաներից

Ինչո՞վ են հայազգի բնակիչները տարբերվում հրեաներից
08.08.2026 | 18:13

Այսօր ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենի անկման (հանձնման, փոխանակման) 34-րդ տարին է, իսկ ես մտածում եմ... Իսրայելի մասին:

Ուրեմն, տարբեր ժամանակահատվածներում միջազգայնորեն ճանաչված Իսրայելի տարածքի տարբեր հատվածներ` Գազան, Արևմտյան և Արևելյան Երուսաղեմը, գտնվել են օկուպացիայի տակ: Ըստ վկայությունների, չկար գեթ մեկ հրեա, որը հրապարակավ հրաժարվեր այդ տարածքների վերադարձից կամ կասկածի տակ դներ դրանց վերադարձի նպատակահարմարությունը: Ավելին` այժմ Իսրայելի կազմում կան տարածքներ, որոնք վիճելի են համարվում, օրինակ` Հոլանի բարձունքները, Շեբաան, Ղաջարը: Դրանց հետ կապված Իսրայելի բնակչության շրջանում ևս առերևույթ տարակարծություն չկա:

Հայաստանում պատկերը տրամագծորեն տարբերվում է: Նախ` մեր բնակչության զգալի մասը նույնիսկ Արծվաշենի տեղը չգիտի և «թքած ունի» ոչ միայն Հայաստանի դե ֆակտո օկուպացված, այլև բոլոր այն տարածքների վրա, որոնք գտնվում են իր շենքի բակից այն կողմ: Բնակչության մեկ այլ հատվածն էլ (հիմնականում` գործակալական ցանցերի ներկայացուցիչները) «քաղաքագիտական վերլուծությունների» արդյունքում «որոշում» են, թե Հայրենիքի որ հատվածն է «լավը», իսկ որը՝ «վատը» և առաջարկում են «վատ» Հայրենիքը փոխանակել «լավ» Հայրենիքի հետ: Որևէ հրեայի համար չկա «լավ» կամ «վատ» Հայրենիք: Հոլանի բարձունքներում գրեթե բնակչություն չկա: Ավելին` առկա բնակչության կազմում հրեաներ գրեթե չկան: Սակայն, չեք գտնի գեթ մեկ հրեայի, որը Հոլանի բարձունքներն իր Հայրենիքը չի համարում կամ ցանկություն է հայտնում այն փոխանակել այլ տարածքի հետ:

34 տարի առաջ այս օրը ՀՀ միջազգանորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենն օկուպացվեց (հանձնվեց, փոխանակվեց): 34 տարվա ընթացքում Հայաստանն իր տարածքից օտարերկրյա զորքերը դուրս բերելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու պահանջով չդիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, չիրականացրեց հակաահաբեկչական գործողություն: Եվ դա տրամաբանական է: Եթե պետության բնակիչներն իրենց պետության տարածքով հետաքրքրված չեն, ապա ինչու՞ պետությունը պետք է այդ խնդրով զբաղվի: Չէ՞ որ բնակչությունը պետք է պետական այրերին այդ խնդրով զբաղվելու մանդատ տա: Իսկ, ինչպես հասկացաք, Հայաստանի բնակչության զգալի մասը «թքած ունի» ամեն ինչի վրա: Ավելին` քիչ չեն արծվաշենցիները, որոնք Արծվաշենի վերադարձը չեն ցանկանում: Վերջիններս, իրենց իսկ բառերով, չեն ցանկանում այսօրինակ «լոլոներ լսել»: Եվ, եթե Արծվաշենի վերադարձը «լոլո է» նույնիսկ արծվաշենցու համար, ապա պետությունն իրոք անզոր է: Այժմ հասկացա՞ք, թե ինչով են հայազգի բնակիչները տարբերվում հրեաներից, իսկ Հայաստանը` Իսրայելից:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ