Գլխավոր դաշնակցի մասին
Եվրոպական երեսպաշտության ու շահադիտության մասին մեր ազգի երևելիներն ու սթափ մտածողները խոսում են վաղուց: Տեսել են, զգացել ու հասկացել: Իրականությունը ոչնչով չի փոխվել ցայսօր: Եվրոպան դարձյալ երեսպաշտորեն դավաճանում է հայերին, ավելի ստույգ՝ չի դրսևորում այն գործուն վարքագիծը, որ ակնկալում են մեր հայրենակիցներից շատերը վաղուց: Երբեմն հայանպաստ խոսքեր ու հայտարարություններ անում է պատեհ առիթով, բայց ահա ցանկալի հստակ քայլեր՝ երբեք: Թուրքիան եվրոպացիների համար ավելի կարևոր է իր տնտեսական, քանակական ու աշխարհագրական տվյալներով: Եվրոպան միշտ նախապատվությունը տալու է թուրքերին՝ հանուն սեփական շահերի: Իսկ հայերին մեկ-մեկ կփորձի պաշտպանել բարոյապես: Եվրոպայի գործնական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ տեսանելի և անգամ հեռավոր ապագայում չի փոխվելու, որքան էլ այստեղ իշխող ուժերն ու այլ «ռոմանտիկներ» եվրաերկրպագություն բեմադրեն: Եվրոպական շահերը դեռ երկար ժամանակ անփոփոխ են մնալու:
Հիմա՝ խնդրի «հակառակ» կողմի մասին: Անաչառորեն կասեմ. Ռուսաստանը երբեմնակի է դավաճանել հայությանը, ավելի հաճախ սատար է կանգնել դժվարին իրավիճակներում: Ռուսաստանը վաղուց, ըստ էության, առաջնային դաշնակցի դերում է՝ իր ձախողումներով հանդերձ: Եվրոպան Հայաստանի համար առաջնային դաշնակից չէ, էդպիսին լինել չի էլ կարող: Որպեսզի Եվրոպայի հետ համակողմանիորեն սերտանանք, նախ, պետք է մտնենք թուրքական խորշը: Իսկ թե դա ինչով է հղի՝ սթափ դատողները գիտեն: Սա՜ է իրականությունը: Հիմա ու՞մ պետք է նախապատվություն տալ որպես գլխավոր դաշնակցի, երբ ունենք անվտանգային՝ գոյաբանական խնդիր… Տեսնում ենք, որ ընտրության հնարավորությունը չափազանց սուղ է:
Հրանտ Ալեքսանյան