Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բացարձակ գեղեցկությունը հավանում են բոլորը

Բացարձակ գեղեցկությունը հավանում են բոլորը
22.11.2013 | 11:51

Վերջերս աչքի անցկացրի Երևանի ավագանու ընտրություններից առաջ տարբեր կուսակցությունների անդամների ելույթները: Նրանք ասում էին, որ Երևան քաղաքը պետք է լինի հաճելի, հարմարավետ, և բազմիցս օրինակ էին բերում Եվրոպան: Այսօր ես չեմ ուզում վերլուծել նրանց խոսքերն ու մտքերը, այլ ավելի շատ կուզեի խոսել մարդու զգայարանների աշխատանքի մի շարք հատկանիշների մասին, որոնք մեծ ազդեցություն են ունենում մարդու զգացողությունների և առօրյա վարքի վրա: Տարրեր, որոնց այսօրվա արևմտյան երկրների քաղաքաշինարարները մեծ ուշադրություն են դարձնում:
Գոյությունի ունի «անտրոպոլոգիում» հասկացությունը. այն թաքնված հարթություն է, որը ներառում է տվյալ ժողովրդի զգացմունքային աշխարհի արտահայտման և ընկալման միջոցները, որոնք նպաստում են, որ մարդն իրեն հոգեպես բավարարված ու երջանիկ զգա: Ամեն ժողովուրդ ունի մեկ կամ երկու գերզարգացած զգայարան: Օրինակ, այժմյան ֆրանսիացիների մեջ զարգացած են տեսողական և համի զգայարանները: Դա է պատճառը, որ ֆրանսիացիները կարող են հաղորդակցվել միայն հայացքներով, իսկ համի զարգացած լինելու մասին վկայում է նրանց խոհանոցը, որը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մեջ: Արաբների մեջ զարգացած է հոտառությունը, և արաբ տղամարդն ամուսնանալուց առաջ իրավունք ունի իր ապագա կնոջ բնական հոտը փորձելու, և եթե այդ հոտը նրան դուր չգա, նա իրավունք ունի այդ աղջկա հետ չամուսնանալու:
Իսկ հայերի ո՞ր զգայարանն է զարգացած. լսողությունը: Վերցրեք հայերեն որևէ գիրք և դանդաղ, բարձրաձայն կարդացեք, կտեսնեք՝ ինչքան հաճելի է լսել հայոց լեզուն: Այդ զգայարանի զարգացած լինելու մասին վկայում է նաև հայազգի մեծաթիվ և որակյալ երաժիշտների առկայությունը: Ավելին, հայ ժողովրդի միակ աշխարհահռչակ, մեծ արվեստագետը դարձյալ երաժիշտ է՝ Արամ Խաչատրյանը: Հայաստանում շատ են թմբկահարում, թե մարդիկ լսում են «ռաբիս» կամ «մուղամ»: Բայց ոչ ոք հարց չի տալիս՝ ինչո՞ւ է հայ ժողովուրդն այն լսում: Զարգացած լսողության շնորհիվ հայը երաժշտությամբ տրամադրություն է բարձրացնում, երաժշտության տարբեր ելևէջներն օգնում են հայ մարդուն նաև խոր դիպչելու սրտին ու հոգուն՝ այդպիսով նպաստելով լիցքաթափմանն ու ադրենալինի հոսքին: Մեր մտավորականներին, ում շատ բնորոշ է բացառելու և քննադատելու կեցվածքը, կհորդորեի՝ ժամանակն է հասկանալու երևույթները տարբեր տեսանկյուններից՝ թե՛ գիտական, պատմական, թե՛ առօրյա ու զգացմունքային: Ի դեպ, ժողովրդական երաժշտության շատ մասնագետներ ասում են, որ «մուղամը» հայկական ծագում ունի: Իսկ գուցե արժե այն ուսումնասիրել և աշխատել այն ապացուցելու ուղղությա՞մբ՝ դրանով վերջ դնելով ներկա պրոբլեմներին:
Ֆրանսիա և հատկապես Փարիզ եկողը սեր ու ռոմանտիկա է սպասում: Հնարավոր է՝ դա ֆրանսիական առասպելն է, ինչը մարդու վրա ազդում է: Բայց եթե անգամ մարդը չի հանդիպում այդ ամենին, ամենևին էլ հիասթափված չի վերադառնում ու շատ հաճելի զգացողություններ է ամբարում իր մեջ: Եվ ինչո՞վ է դա պայմանավորված: Ֆրանսիայում և, իհարկե, Փարիզում ամեն ինչ գեղեցիկ է, ուր նայում ես, աչքդ շոյվում է, հետո ադրենալինն է օրգանիզմում տարածվում՝ երանելի վիճակի մեջ գցելով: Տպավորություն է ստեղծվում, թե մարդը բաց է սիրո համար և հաղորդում է անհասկանալի սիրահարություն:
Ես հաճախ մտածում եմ՝ ինչո՞ւ այժմյան Հայաստանի ստեղծագործողները գեղեցիկ գործեր չեն արարում: Գուցե պատճառն այն է, որ հայաստանցին այնքան է լճացել առօրյայում, որ մոռացել է մյուս բոլոր բաների մասին: Կամ էլ այժմյան հայ մարդու սիրտը փակ է, և ոչ մի բանով հնարավոր չէ այն բացել: Եթե նկատեք, հայկական ոչ մի երգի մեջ չկա ավյուն, պոռթկում կոչվածը: Ի տարբերություն հայի՝ ֆրանսիացին շատ զգացմունքային է ամեն ինչի հանդեպ: Արդեն նշեցինք, որ ֆրանսիացիների տեսողական զգայարանն է զարգացած, ինչը, միանալով մշտապես սիրահարված վիճակին, արվեստագետներին մղում է գեղեցիկ ստեղծագործությունների: Իհարկե, բացի հոգեվիճակից, կարևոր է նաև մարդու ճաշակը. ինչպես է նա հագնվում, ում և ինչ է հավանում, և ի վերջո, ում է նա արել սիրո խոստովանություն, ինչպես է հագնված իր կինը կամ ամուսինը: Տեսնելով, մոտիկից ճանաչելով այսօրվա հայ ստեղծագործող մարդկանց՝ հասկանալի են դառնում հայկական արվեստի արդի վիճակն ու ապագան:
Մի քանի տարի առաջ Հայաստանում Ա. Թամանյանին նվիրված մի ֆիլմ դիտեցի. փորձ էր արվում հասկանալու Թամանյանի ստեղծագործությունների գաղտնիքը և, ոչ մի հիմնավոր սկզբունք չգտնելով, վերջում ասվեց, թե սիրո առկայությունն է նրա ստեղծագործություններին այդպիսի ներդաշնակություն հաղորդել: Սեր, որն ուղղված է դեպի ընտանիքը, կինը, հայրենիքը, դեպի մարդը, ի վերջո: Ծանոթանալով Թամանյանի կյանքին, իրոք, ըմբռնում ես այդ սերերի առկայությունը: Թամանյանն իր կառույցներով ստեղծել է Երևանի գեղագիտության սկզբունքները, որ մարդու համար գեղեցիկն ընկալելու և ճաշակը ձևավորելու անքակտելի տարրն է: Այն ավերելով՝ Երևանը կզրկվի աչք շոյող, աչքի գեղեցիկի ընկալումը զարգացնող քաղաքային կառույցներից:
Մարդը, գեղեցիկին նայելով, նվազագույնը պետք է հանգստանա, եթե չասենք՝ գեղեցիկի գերագույն դերի մասին, որը բավականություն պատճառելն է: Ֆրանսիայում այսպիսի հասկացություն կա՝ շրջակա միջավայրի վիզուալ աղտոտվածություն, որի դեմ պայքարը կարևոր է այնքան, որքան քաղաքի օդի աղտոտվածության դեմ պայքարը: Երկրորդը մարդու ֆիզիկական առողջությանն է անհրաժեշտ, իսկ առաջինը՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր: Այսօրվա Երևան քաղաքում այդ երկու պայքարներն էլ անհրաժեշտ են: Բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է ամեն ինչը մաքրել ու տարածքները դարձնել ամայի: Մի բան, որ այժմ անում է Երևանի քաղաքապետարանը բակերի և այլ տարածքների նկատմամբ: Տարածքները պետք է լինեն հաճելի, գրավիչ ու կենսագործ:
Ես համաձայն չեն այն տեսակետին, որ ամեն մարդ իր ճաշակն ունի: Այդպես չէ: Մարդն ունի բարձր կամ ցածր ճաշակ: Ցածրաճաշակ մարդուն շատ բան պետք չէ, որ հավանի, և այն, ինչ այդ մարդը շատ-շատ հավանում է, բարձր ճաշակ ունեցողն ասում է՝ kom si kom sa: Բայց, հավատացած եղեք, բացարձակ գեղեցկությունը հավանում են բոլորը: Ի վերջո, ինչ պատճառներ էլ բերի ստեղծագործողը, թե մարդիկ չեն հավանում, ճաշակ չունեն, չեն հասկանում և այլն, մարդու աչքը գեղեցիկն ընկալելու շատ ավելի գենետիկ փորձ ունի, քան ստեղծագործության հեղինակի անհիմն պարզաբանումներն են: Գեղեցիկն ընկալում են բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, կրթվածության աստիճանից: Տեղին է հիշել գեղեցիկ երաժշտությանը երեխայի տված սահմանումը՝ գեղեցիկ երաժշտությունն այն է, երբ այն լսելիս մարմինդ փշաքաղվում է: Այսինքն, ելևէջները դիպչում են մարդու հոգուն և մարմնին ու ներդաշնակություն հաղորդում:
Այժմյան Հայաստանում, ցավոք, այդպիսի ստեղծագործություն արվեստի ոչ մի բնագավառում չի ստեղծվում, իսկ ճարտարապետության ու քաղաքաշինության ոլորտներում է՛լ ավելի տխուր վիճակ է: 21-րդ դարասկզբին ճարտարապետներից և քաղաքաշինարարներից պահանջվում է օժտված լինել մարդասիրական հատկանիշներով, ինչը և դարձել է պոստմոդեռնիզմի գլխավոր պահանջներից մեկը, քանի որ նրանք են ստեղծում մարդու կյանքի համար տարածքներ: Ցավոք, մերօրյա Հայաստանի ճարտարապետների և քաղաքաշինարարների ստեղծագործական աշխատանքի վերլուծությունը հանգեցնում է հակառակ հետևությունների:


Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ