Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒրեմն իշխանությունը լավ չի պայքարում

ՈՒրեմն իշխանությունը լավ չի պայքարում
06.12.2013 | 16:26

«Արտագաղթի մասին այնքան եք խոսել, որ արտագաղթողներին դարձրել եք պատմության հերոսներ: Որևէ մեկը արտագաղթի դեմ այնպես չի պայքարում, որքան մենք: ՈՒ մեր ուժերի ներածի չափով պայքարում ենք»: Սրանք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերն են, ով, ի դեպ, ԱԺ պատգամավոր է 1995-ից` արդեն 18 տարի: Նա, հավանաբար, ամենաերկարակյաց օրենսդիրն է մեր երկրում: Նկատի ունեմ հետանկախացման տարիները: Դատելով այս քաղաքական երկարակեցությունից ու տարիքից, կարելի է ենթադրել, որ պատգամավորի ունեցած փորձը պարզ տրամաբանությանը պիտի հանգեցրած լիներ` եթե պայքարում ես ու արդյունք չկա, ուրեմն լավ չես պայքարում: Սա ճշմարտություն է բոլորի համար, թե ընդդիմության, թե իշխանության: Փաստ է, որ արտագաղթի տեմպերը գնալով ահագնանում են: Վերջին օրերի ընթացքում ամերիկյան «Green Card» շահած երեք ընտանիքի մասին իմացա, երիտասարդ ընտանիքների` երկուական երեխաներով: Երիտասարդներ գիտեմ, որ չեն ամուսնանում, քանի որ ընտանիք պահելուն պատրաստ չեն` աշխատանք չունեն, տուն չունեն ու աչքները դրսում է` մի ծանոթ գտնեն, Հայաստանից դուրս գան: Իշխող կուսակցության ներկայացուցիչն ասում է, թե որևէ մեկը արտագաղթի դեմ այնպես չի պայքարում, որքան իրենք, այսինքն` իշխանությունը: Երկրի կառավարման բոլոր լծակները իշխանության ձեռքում են, ուրեմն և տրամաբանական է, որ առաջին հերթին գործող իշխանությունը պիտի պայքարի ժողովրդագրական այդ աղետի դեմ: Պատգամավորը նաև ասել է, թե իշխանությունը պայքարում է իր ուժերի ներածի չափով: Իշխանության քթի տակ բավականին երկար ժամանակ գործում էր «Հայրենակիցներ» ռուսական ծրագրի գրասենյակը, որը հայաստանցիներին խմբերով Ռուսաստան էր ուղարկում, իսկ իշխանությունը ոչինչ չէր անում: Հայաստանում շատ այլ արտագաղթային ծրագրեր են գործում, ու չեմ կարծում, թե իշխանությունը սրանց մասին չգիտե: Բայց նույնիսկ իմանալը ոչինչ չի տալիս, եթե երկրում չկան այն պայմանները, որոնց մեջ քաղաքացին իրեն ապահովագրված զգա: Դատական համակարգը կոռումպացված է, առողջապահականը` նույն վիճակում, դպրոցական կրթական համակարգը, կարելի է ասել, խարխլված, տնտեսական ոլորտում շարքային քաղաքացին, եթե իշխանամերձ-իշխանամետ հովանավոր չունի, դատապարտված է հարկայինների ու թաղայինների հալածանքին: Հարազատներից հեռացող յուրաքանչյուրը ծանր սրտով է այստեղից գնում: Նրանք պատմության հերոսներ չեն, բայց պատմության զոհեր են ինչ-որ իմաստով: Պատմության, որի էջերում կերտվում է այսօրվա` բազմաթիվ թերություններով հագեցած քաղաքականությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ