1926 թվականի Լենինականի երկրաշարժից հետո ամբողջ աշխարհի հայերը օգնության ձեռք մեկնեցին հայրենիքին` յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում: Այդ օրերին էր, որ մի հուզիչ դեպք պատահեց Բոստոն քաղաքում:
Նոր տարվա առիթով տոնածառի տակ իբրև Հայաստան ուղարկվելիք նվեր մի փոքրիկ տուփ տեղադրեց Գառնիկ Զաթմաճյան անունով մի երեխա: Երբ հանդեսի կազմակերպիչները բացեցին տուփը, այնտեղ ընդամենը 1 դոլար էր` բաղկացած 5 և 10 սենթանոց մետաղադրամներից: Երեխան պատմեց, որ այդ գումարը վաստակել է ծնողներից թաքուն` դասերից հետո զանազան աշխատանքներ կատարելով և հիմա հավաքվածն ուզում է ուղարկել Հայաստանի իր հասակակիցներին:
Գառնիկի մայրն այդ պահին դահլիճում էր: Որդու արարքից անակնկալի եկած՝ նա սկսեց հեկեկալ, իսկ հետո ընտանիքի անունից մի կլորիկ գումար ևս ավելացրեց որդու 1 դոլարին:
Ահա այսպես ապրեցին սերունդները:
Հովիկ Չարխչյան