Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀԵՐԹԱԿԱՆ «ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՐԹԱԿԱՆ «ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ»
14.02.2012 | 00:00

Մեր իրականությունը, իսկապես, զարմանահրաշ է։ Երբեմն ուղղակի հրաշապատում։ Սակայն չէ՞ որ հրաշապատումից հրեշապատում կես քայլ է։ Ընդամենը պետք է մեկ առու թռչել կամ, ավելի ստույգ, հերթական անգամ էլ արհամարհել հանրային կարծիքը։ ՈՒ ահա արհամարհում են։ Այն էլ` օրենքի ուժով և պետական մակարդակով։ Սակայն դառնանք բուն խնդրին։ Երևանի Ազատության պողոտայի թիվ 12/1, 12/3 և 12/4 բազմաբնակարան շենքերին հարակից կանաչապատ մի տարածք կա. գողտրիկ թփեր ու տնկիներ, հետևապես` թթվածին, ճեմող ծեր ու մանուկ։ Այսինքն, այն ամենը, ինչ աչքդ է շոյում և հանդարտեցնում նյարդերդ։ Բայց ահա օրեր առաջ պուրակը բռնագրավվում է, փոսեր են փորվում և բետոնե հիմքեր գցվում։ Համաձայն Երևանի քաղաքապետարանի անօրինական շինությունների վերահսկման վարչության պետի (ում ահազանգել էր տողերիս հեղինակը)` այստեղ հասարակական նշանակության օբյեկտ է կառուցվում, և դա միանգամայն օրինական է, քանզի վավերացված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ։
ՀՀ շարքային քաղաքացիներիս լավ է հայտնի «հասարակական նշանակության շինություն» հասկացության հակահասարակական էությունը. դրանք կա՛մ պանդոկ են, կա՛մ բուքմեյքերական գրասենյակ, լահմաջոյանոց կամ վրացական խոհանոց։ ՈՒ եթե հաշվի առնենք, որ միևնույն տարածքում է գործում «Սանսեթ» սրճարանը, և տարածքն էլ մշտապես գտնվում է գիշերային խրախճանքի մոլագարների հրթիռակոծման կիզակետում, պարզ կդառնա, որ բնակիչները, իրոք, մտահոգվելու տեղ ունեն։
Այսպիսով, բավականին ուշագրավ է զարգանում մայրաքաղաքը վերջին տարիներին։ Մի կողմից` մայթերն ազատագրվում են պետական ատյանների աչքի փուշը դարձած կրպակներից, մյուս կողմից` նույն եռանդով ոչնչանում են քաղաքի կանաչ տարածքների մնացորդները։ «Անզուգական» փոխատեղում է։ Կամ գուցե քաղաքային իշխանությունները յուրովի՞ են ըմբռնել «աջը չպիտի իմանա, թե ինչ է անում ձախը» պատգամը. մի ձեռքով բարենորոգում են քաղաքը, մյուսով` բռնախեղում այն։
Ի դեպ, գայթաքար հանդիսացող սույն տարածքը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որի ղեկավարը վարչարարական ձեռնածությունների հմուտ վարպետ Արայիկ Քոթանջյանն է։ Սա ինչ-որ բան, անշուշտ, նշանակում է։ Եվ այսուհանդերձ, սպասում ենք քաղաքապետի բացատրություններին, թե ի՞նչ «զորավոր» հիմքով է ոչնչացվում «կանաչ եղեռնի» «դրբի» տակ ընկած հերթական կանաչազարդ տարածքը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ