Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Ազատ, անկախ և անկաշառ

Ազատ, անկախ և անկաշառ
19.10.2012 | 12:14

Ժամանակակից հայ հեռուստաէկրանը մոլեգին սեր է տածում հայոց կառավարության և իշխանությունների հանդեպ։ Սիրո մոլեգնության չափանիշը, անշուշտ, սևեռուն ուշադրությունն է։ Այս տեսանկյունից նրանք գերազանցում են մայրական սիրուն` նորածնի, զոքանչային գուրգուրանքին` հնազանդ տնփեսայի, գրպանահատի հիացմունքին` տռուզ դրամապանակի հանդեպ։ Ինձ թվում է, այստեղ չար աչքի կամ թուղթուգրի հարց կա։ Թե չէ, զորօրինակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «չքավոր» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանրապետության տոնին նվիրված բացօթյա համերգ է կազմակերպում, և սույնը դառնում է օրվա լրատվության հիթերից մեկը։ Բռավո՛։ Զուգահեռաբար հանրապետության գլխավոր ցուցասրահներում (Երևան, Աբովյան-16, Հայաստանի նկարիչների միություն) անհատական ցուցահանդեսներ են, կերպարվեստի վարպետների խոստովանանքը` տարիների լռությունից հետո։ Հեռուստաընկերությունների քար անտարբերությունը անգամ եթե ժողովրդական նկարչի բեմելն է այստեղ, ուշագրավ մրցանակաբաշխություն կամ այլ «կերպարվեստային ցունամի»։ (Միակ անուշ բացառությունը «Արմնյուզ» հեռուստաալիքն է)։ Գաղտնիքը բացահայտվեց անսպասելի, երբ հայտնագործեցի հեռուստախցիկների խայծը։ Անհրաժեշտ է, որ ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվի որևէ պետայր կամ պետայրուհի։ Զորօրինակ, արգո տիկնայք Հասմիկը Պողոսյան կամ Հրանուշը Հակոբյան։ Կամ, ասենք, ԱԺ խմբակցության որևէ ղեկավար։ Կամ էլ մեծահամբավ որևէ հյուր, ենթադրենք` չուկչաների առաջնորդը։ Մի խոսքով, խայծ է պետք` բուրումնավետ ու յուղափթիթ, պետայրի, պետայրուհու, քաղվոժդի և այլնի տեսքով։ Տխուր է, հեռուստաընկերությունների տիարք սեփականատերեր, շատ է տխուր և զավեշտալի, զի հրավերի առարկան ցուցահանդեսն է և կերպարվեստի վարպետը, և ո՛չ բնավ ցուցահանդեսն այցելած (գլխավորապես` ի պաշտոնե կամ պատահաբար) տիտղոսակիր հյուրը, ով կերպարվեստի նրբություններում նույնքան է գիտակ, որքան ես և պատվելի իմ ընթերցողը քաջատեղյակ ենք, զորօրինակ, պետական այրերի նախընտրած ուտեստներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ