Լևոն Ներսիսյանի մասին գրելիս դժվար է բառեր ընտրելը: Դժվար է, որովհետև ինչպես էլ փորձես հիշել կամ նկարագրել նրան, աղքատիկ է թվալու, և նրանք, ովքեր չեն տեսել կամ լսել Լևոն Ներսիսյանի դասախոսությունները, այդպես էլ լիարժեք պատկերացում չեն կազմելու Ներսիսյանի անհատականության մասին: Իսկ Լևոն Ներսիսյանի մասին չպետք է խոսել հուշերից քաղված ինչ-որ պատառիկներ մեջբերելով, ինչ-որ կցկտուր դետալներով: Նման դեպքերում նախընտրելին լռությունն է, որովհետև երբեմն լռությունն ավելի շատ բան է ասում Մարդու մասին, քան՝ ցաքուցրիվ խոսքերը, որոնք շռայլվում են ավանդաբար:
Մեկ տարի առաջ լույս տեսավ Լևոն Ներսիսյանի «ULTIMA VERBA»՝ կամ «Վերջին խոսք» գրքի առաջին հատորը և գրքում ընդգրկված դասախոսությունների խտասկավառակի հետ մեկտեղ ներկայացվեց ընթերցողին: Գնացել էի «Խնկո Ապոր» անվան գրադարան՝ ձեռք բերելու գիրքը: Եկավ Լևոն Ներսիսյանի ուսանողուհիներից մեկը, վերցրեց գիրքը, թերթեց, կարդաց, վերհիշեց և հուզված, խեղդելով արցունքները, գնելով գրքից մի քանի օրինակ, հեռացավ:
Իսկ այսօր Լևոն Ներսիսյանի ծննդյան օրն է: Ու մենք սպասում ենք նրա անտիպ դասախոսությունների հրատարակմանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ