«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեր զրույցի ընթացքում ցույց էր տալիս գրավիչ դիզայնով ու խաղերով ձևավորված այն գրքերը, որոնք հրատարակվել են վերջին տարիների ընթացքում և հասցեագրված են տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր ընթերցողներին: Հրատարակչությունը զբաղված է ինչպես տասնամյակներ առաջ հրատարակված և վաղուց մոռացված գրքերը վերահրատարակելով, ժամանակակից հեղինակների գործերը հրատարակելով, այնպես էլ համաշխարհային գրականության լավագույն գործերը թարգմանելով և հայ ընթերցողին հասու դարձնելով: Երևում է, որ հրատարակիչներն ու խմբագիրները խնդիր են դարձրել սոսկ ոչ միայն ընթերցող ձեռք բերելը, այլև` գրքի նկատմամբ վերաբերմունքը փոխելը:
Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:
-Պարոն Մարտիրոսյան, «Անտարես»-ի գրքերը գրախանութներում աչքի են ընկնում յուրօրինակ դիզայնով, հրատարակում եք տարբեր մատենաշարերով: Հաջողվե՞լ է Ձեզ փոխել ընթերցողի վերաբերմունքը գրքի նկատմամբ:
-Մենք ունենք նախագծեր, որոնք փորձում ենք իրականացնել քայլ առ քայլ: Առաջին հայացքից այդ ծրագրերը թվում են հավակնոտ, բայց հետո համոզվում ես, որ դրանք ընթացիկ գործեր են: Բնագրից կատարված թարգմանությունները հարստացնում են միայն հայ գրականությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, երբ հայ գրականությունը վերելք է ապրել, դրան նախորդել է թարգմանական գրականության վերելքը:
Ժամանակին, խորհրդային իշխանության տարիներին, թարգմանությունը իրականացվում էր ոչ թե բնագրից, այլ` միջնորդ լեզվի միջոցով: Ես ոչինչ չունեմ ռուսերենի նկատմամբ, բայց թարգմանությունը պետք է կատարվի միայն բնագրից: Օրինակ, եթե արաբական գրականության մեջ կա ՙնամուս՚ հասկացությունը, որ անգլերենից չեն թարգմանում, կամ` թուրքական գրականության մեջ կա ՙթասիբ՚ -ը, որ ռուսերենից չպետք է թարգմանեն, այլ` բնագրից: Մենք կարող ենք Արևելք-Արևմուտքի և Հյուսիս-Հարավի միջև լինել կամուրջ, և լուրջ աշխատանք կատարել: Օրինակ, Վիլյամ Շեքսպիրի գործերը նորովի հրատարակելով նոր մշակույթ և նոր լեզու ենք ներմուծում: Շեքսպիրը, շնորհիվ Մասեհյանի թարգմանության, դարձել է հայ գրականության փաստ: Այդ ծրագիրը, որն իրականացնում ենք, նպաստում է երկու ժողովուրդների մշակույթների մերձեցմանը:
-Հայաստանում լուրջ խնդի՞ր չէ օտար լեզուների թարգմանիչներ գտնելը, երբ ավանդաբար բուհերի լեզուների բաժիններում ուսուցանել են միայն ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, վերջին տարիներին միայն դրանց ավելացել են իսպաներենն ու իտալերենը:
-Մենք շվեդերենին տիրապետող թարգմանչի խնդիր ունեինք: Հայաստանում կար այդ լեզվին տիրապետող թարգմանիչ, բայց նա ասաց, որ այլ հրատարակչության հետ է աշխատում: Մեզ հաջողվեց գտնել երեք թարգմանիչների, որոնցից մեկը ապրում է Հայաստանում, մյուս երկուսը` Շվեդիայում: Նրանցից մեկը սկսեց Աստրիդ Լինդգրենի ստեղծագործությունների թարգմանությունը: Հաջողվեց գտնել նաև ֆիններենի թարգմանչի, փնտրում ենք նաև նորվեգերենին, ճապոներենին, չինարենին տիրապետող թարգմանիչների:
-Հայաստանում թարգմանիչները հիմնականում զբաղված են անհատական նախաձեռնություններով, և թարգմանական գրականությունն էլ նրանց ջանքերի, պրպտումների արդյունքն է: Ըստ Ձեզ` Հայաստանում չպե՞տք է հիմնվի թարգմանական ինստիտուտ, որը կարող է մեկտեղել այդ ջանքերը և իրականացնել ծրագրային աշխատանք:
-Մենք Գյոթեի ինստիտուտի հետ իրականացնում ենք ծրագիր, համաձան որի` պետք է թարգմանիչներ ուղարկվեն Գերմանիա, վերապատրաստվեն և թարգմանեն ժամանակակից գրողներ Լևոն Խեչոյանի, Հրաչյա Սարիբեկյանի ու Արամ Պաչյանի ստեղծագործությունները: Մշակույթի և կրթության և գիտության նախարարությունների հետ կա համաձայնեցված ծրագիր, որ տաղանդավոր անձանց ուղարկեն արտերկիր` ուսանելու և կատարելագործվելու: Այդ ծրագիրը պետք է ֆինանսավորեն հենց նախարարությունները: Հայաստանում հրատապ հարց է հենց հայ գրականությունը թարգմանելն ու արտերկրում ներկայացնելը: Դա շատ կարևոր պետական գործ է և հեշտացնում է դիվանագետի աշխատանքը: Ցանկացած սփյուռքահայ իր շուրջը ստեղծում է հայանպաստ մթնոլորտ: Մեզ գիտեն Ցեղասպանության խնդրով, գիտեն Լեռնային Ղարաբաղի խնդրով, բայց երբ այդ գաղափարները մատուցվում են Լևոն Խեչոյանի, Հրանտ Մաթևոսյանի, Հրաչյա Սարիբեկյանի հղկված լեզվով, ավելի մեծ դաշտ են բացում մեր դիվանագետների աշխատանքի համար: Եվ Հայաստանում ստեղծվել է ՙՀայ գրականության հիմնադրամ՚, որպեսզի հայ գրողները թարգմանվեն և ներկայացվեն օտարալեզու ընթերցողին: Եվ պետականության տեսանկյունից սա շատ ավելի կարևոր խնդիր է: Արդեն իսկ տեղի է ունեցել մի կարևոր իրադարձություն: Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը թարգմանվել է անգլերեն, և ԱՄՆ-ում իրականացվելու է նրա կոմերցիոն հրատարակությունը: Եվ սա առաջին անգամ է, երբ իրականացվելու է կոմերցիոն հրատարակություն: Դա շատ կարևոր երևույթ է, քանի որ օտարերկրյա հրատարակիչը ուզում է գումար վաստակել` այդ գործը հրատարակելով:
Մենք փորձում ենք իրականացնել հենց այդ նախագծերը, որպեսզի մեր գրողների գործերը թարգմանվեն կոմերցիոն նպատակներով, ոչ թե բարեգործների նախաձեռնությամբ:
-Դուք գրքերը հրատարակում եք մի քանի մատենաշարերով` «Պարտադիր ընթերցանություն», «Օտար գիր», «Արգելված գրքեր», «Նոբելյան մրցանակակիրներ», այլք: Ի՞նչ սկզբունքով են ընտրվում այդ գրքերը:
-«Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով նախատեսված է հրատարակել հարյուր գիրք: «Պարտադիր ընթերցանություն»-ը պարտադիր է ընթերցողի համար, պարտադիր է կիրթ, բանիմաց ընթերցող ունենալու համար, և մատենաշարում էլ նախատեսել ենք հենց այդ գրականությունը:
Ինչ վերաբերում է «Օտար գիր» մատենաշարին, ապա մենք սկզբում ցանկանում էինք, որ այդ շարքը կոչվի «Արտգրակ», սակայն հետո ինչ-ինչ պատճառներով փոխեցինք: «Օտար գիր» մատենաշարով թարգմանված են արտասահմանյան գրականությունից այն լավագույն գործերը, որոնք հետաքրքրում են հայ ընթերցողին: Նրանց բոլորի հեղինակային իրավունքները պահպանված են: Այդ գործն անելով մենք մաքրում ենք գրական շուկան գողացած գրքերից: Այդ շարքում Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանն» է, հետո` Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը», Հերման Հեսսեի ՙՏափաստանի գայլը՚: Նախատեսել ենք հրատարակել նաև Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպերը, որոնք թարգմանված են ոչ թե բնագրից, այլ` ռուսերենից:
Գրիգոր Նարեկացին ծնվեց թարգմանական վերելքից հետո, Եղիշե Չարենցը ծնվեց թարգմանական աշխատանքից հետո, և ես հույս ունեմ, որ 21-րդ դարի Չարենցն էլ կծնվի մեր թարգմանական աշխատանքից հետո:
«Արգելված գրքեր» մատենաշարով լույս ենք ընծայել այն գրքերը, որոնք տարբեր պատճառներով արգելված են եղել իրենց երկրներում: Դրանք են` Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա»-ն և «1984»-ը, թուրք գրող Է. Շաֆաքի «Ստամբուլի բիճը», Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Վենեդիկտ Երոֆեևի ՙՄոսկվա-Պետուշկի՚,-ն, Կամիլ Լըմոնյեի ՙՏղամարդու սերը՚; 1949 թվականին մահացած գրող Ջորջ Օրվելը իր ստեղծագործություններում նկարագրում է 1970-80-ականնների իրականությունը և այսօրվա Հայաստանի իրականությունը: Հիմա նա հանճա՞ր է, թե՞ ոչ: Վենեդիկտ Երոֆեևի գիրքն արգելված է եղել Խորհրդային Միությունում, որովհետև նա այլախոհ գրող է: Կամիլ Լըմոնյեի և Հենրի Միլլերի ստեղծագործություններն ընկալվել են որպես պոռնոգրաֆիկ ստեղծագործություններ, Շաֆաքի վեպը Թուրքիայում արգելվել է իբր թուրք ժողովրդի ինքնությունը վիրավորելու համար: Կարծում եմ, որ Էլիֆ Շաֆաքը խնդիր չի ունեցել Ցեղասպանության թեման վեր հանելու, նա այդ վեպը գրել է` վեր հանելով այն խնդիրները, որոնք հուզում են այսօվա թուրք հասարակությանը: Ինչ վերաբերում է Միլլերի և Լըմոնյեի ստեղծագործությունները որպես այլասերող գրականություն դիտարկելուն, ապա դա նշանակում է գրականությունից ոչինչ չհասկանալ, որովհետև սեռականությունն էլ մարդու կյանքի մի մասն է:
Այս տարվա ընթացքում նախատեսել ենք թարգմանել ինչպես Նոբելյան մրցանակակիրների, այնպես էլ` արտասահմանյան գրականության մի շարք հայտնի հեղինակների գործեր: Դրանցից են` Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը», Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին», Պետեր Հանդկեի «Վիպակները՚», Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք»-ը, այլք: Բնագրից Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ լույս կտեսնի նաև իտալացի փիլիսոփա, գրող Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» ստեղծագործությունը, որը, կարծում եմ, որ երկու հազար բառով կհարստացնի մեր լեզուն:
«Անտարես»-ը պատրաստվում է հրատարակել Բիլ Գեյթսի գիրքը, Ռըբենշտեյնի «Ինչպես փոխել աշխարհը», որը պատմում է աշխարհը փոխելու հնարավորությունների մասին: Նույն մատենաշարով լույս կընծայենք նաև Ումբերտո Էկո-Ժան-Կլոդ Կարիերի ՙՀույս չունենաք ազատվել գրքերից՚ հարցազրույցը: Այս շարքում նախատեսել ենք հրատարակել գրքեր նաև նշանավոր այն մարդկանց մասին, որոնք փոխել են աշխարհը:
Մենք փորձում ենք գոհացնել նաև մեր մանուկ ընթերցողներին, պոեզիայի և ժամանակակից հայ գրականության սիրահարներին: Եվ բազմաթիվ գրքեր, որոնք ժամանակին լույս էին տեսնում հիմնականում ռուսերենից թարգմանված և ոչ հաջող խմբագրությամբ, այսօր հրատարակվում են բնագրից թարգմանությամբ ու մանրակրկիտ խմբագրական աշխատանքից հետո:
Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ