Համացանցի դարաշրջանում ծնված և մեծացած սերունդն այսօր դժվար թե կարողանա պատկերացում կազմել, թե ինչ է «սամիզդատը», ինչ դեր է խաղացել այն Խորհրդային միությունում, որտեղ պաշտոնական տեքստերից և գրաքննված նյութերից բացի այլ բան չէր հրամցվում ընթերցողին: Այդ ամենը, սակայն, մեր` ոչ հեռավոր անցյալն է, որն այսօր դարձել է հիշողություն, պատմություն, որի վկաներն էլ ներկայացնում են այդ ամենը ինչպես կենդանի վկայություններով, այնպես էլ` արխիվային, փաստագրական նյութերով:
Բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի «Անկարելին` կարելի» փաստավավերագրական ֆիլմը երեկ ցուցադրվեց Թումանյան 40 հասցեում գտնվող ակումբում, նեղ շրջանակներում: Ֆիլմը, որի վրա կատարվել էր մանրակրկիտ աշխատանք, պատմում է սովետական իշխանության տարիներին գոյություն ունեցող «սամիզդատ» երևույթի մասին: «Սամիզդատը» ընդհատակում տպագրվող և թաքուն (նեղ շրջանակներում) տարածվող գրական և տեղեկատվական այն շերտն էր, որը պաշտոնապես ներկայացվում էր որպես «հակասովետական» և «զրպարտություն պարունակող»: Պաշտոնական գրաքննության պայմաններում «սամիզդատի» տեքստերը մարդկանց ներկայացնում էին սովետական քարոզչությունից տարբերվող, այլընտրանքային տեղեկատվություն: «Սամիզդատի» ինքնաշեն գրքերը, ձեռագրերը, մեքենագրված տեքստերը ազատ վաճառքում չէին հայտնվում, այլ` ձեռքից ձեռք էին անցնում և ստեղծում ընթերցող-տարածողների յուրահատուկ ցանց: Այդ մարդիկ ենթարկվում էին սովետական իշխանության կողմից հալածվելու, արտաքսվելու, բանտարկվելու վտանգին:
«Անկարելին` կարելի» ֆիլմը փորձում է հարցազրույցների, վավերագրական նյութերի հիման վրա հետսովետական իրականության մեջ ձևավորված սերնդին ամբողջական պատկերացում տալ մի երևույթի մասին, որը ժամանակին մեծ դեր է խաղացել քաղաքացիական հասարակություն, ազատ մտածողություն ձևավորելու հարցում:
«Սամիզդատում» են տպագրվել Աննա Ախմատովան, Ալեքսանդր Սոլժենիցինը, Իոսիֆ Բրոդսկին: Ֆրիդա Վիգդորովայի շնորհիվ «սամիզդատում» պահպանվել է Իոսիֆ Բրոդսկու դատավարության սղագրությունը, Աննա Ախմատովայի «Ռեքվիեմը» տպագրվել է «սամիզդատում»:
Ֆիլմի հերոսները` «Սամիզդատի» գրադարանի հիմնադիր Վյաչեսլավ Իգրունովը, բանաստեղծ, իրավապաշտպան Նատալյա Գորբանևսկայան, ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, այլք հետաքրքիր մանրամասներ էին ներկայացնում «սամիզդատի» պատմությունից: Ի դեպ, ֆիլմում Նատալյա Գորբանևսկայայի հարցազրույցը վերջինն էր, քանի որ նա կյանքից հեռացավ անցյալ տարեվերջին:
Տիգրան Պասկևիչյանը ֆիլմի քննարկման ժամանակ նշեց, որ իրենք օգտվել են տարբեր կառույցներից, որոնք տրամադրել են անհրաժեշտ նյութերը և փաստաթղթերը:
Ազատ Արշակյանը նշեց, որ թեև Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի քսաներեք տարի, բայց մենք շատ քիչ բան գիտենք սովետական ժամանակաշրջանի իրադարձությունների մասին, դրանք մնացել են «լուսանցքում»:
«Ես կարծում եմ, որ երիտասարդ մարդիկ, ովքեր ռոմանտիկ են, կհետաքրքրվեն իրենցից առաջ եղած ռոմանտիկների կյանքով»,- ասաց Ազատ Արշակյանը:
Տիգրան Պասկևիչյանը նշեց, որ դեռևս չի դիմել հեռուստաընկերություններին` ֆիլմը ցուցադրելու նախաձեռնությամբ, սակայն հույս ունի, որ նրանք կցուցադրեն «Անկարելին` կարելի» ֆիլմը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ