Պարբերաբար հետևում եմ «Արմենպրես» գործակալության «Երևանյան բեսթսելլեր» վարկանիշային աղյուսակին, որը ներկայացնում է երևանյան գրախանութներում տվյալ ամսվա ընթացքում ամենաշատ պահանջարկ ունեցող գրքերը: Վերջին ամսվա ընթացքում, ըստ վարկանիշային աղյուսակի, ամենապահանջվածները եղել են գրեթե մեկ ամիս առաջ կյանքից վաղաժամ հեռացած արձակագիր Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները: Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1995 թվականին, իսկ ավելի ուշ՝ վերահրատարակվել, մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում: Ասելը, թե Լևոն Խեչոյանին չէին ընթերցում նրա կենդանության օրոք, սխալ կլինի: Սակայն տարբեր գրախանութներում տարբեր ժամանակներ կատարած հարցումները, վարկանիշային աղյուսակները հօգուտ հայ ժամանակակից գրականության և գրողների չէին խոսում: Պաուլո Կոելյոյին, անուն հանած օտար այլ գրողների նախապատվություն տվող հայ ընթերցողը թե իր կողքին ապրող, ժամանակակից քանի գրողի և բանաստեղծի է ճանաչում՝ դժվար չէ պարզելը: Հայ դասական և ժամանակակից գրողների գրքերը տարիներով «ննջում» են գրախանութների անկյուններում ռուսերեն, անգլերեն և այլ օտար լեզուներով հրատարակված, շքեղակազմ և առանց դժվարության սպառվող գրքերի կողքին: Հեռուստատեսությամբ երբեմն ներկայացնում են Երևանի փողոցներում կատարած պատահական հարցումներ, որոնցից իմանում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը Հրանտ Մաթևոսյանից այս կողմ հայ գրողի չի ճանաչում: Որտեղի՞ց ճանաչեն, երբ նրանք հազիվ կարողանում են իրենց գրքերը տպագրել չնչին տպաքանակներով, ուղարկել գրախանութներ, որտեղ էլ այդ գրքերը «դատապարտված» են անտարբերության: Որտեղի՞ց ճանաչեն, երբ հազվադեպ գրական քննարկումներն ընթանում են ընկեր-ծանոթ-բարեկամ շրջանակներում, որովհետև քչերին է միայն հետաքրքրում, թե ինչ է գրում կամ ինչի մասին է խորհում իր ժամանակակիցը: Որտեղի՞ց ճանաչեն, երբ գրաքննադատությունը «խոհեմաբար» լռում է: Հիմա Լևոն Խեչոյանը հայ ընթերցողին հիշեցրեց հայ գրականության մասին, նրան վերադարձրեց դեպի ժամանակակից գրողը, որին պետք է այսօ՛ր ճանաչել ու կարդալ: Ու նաև՝ գնահատել: Որպեսզի վաղն այլևս ուշ չլինի:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ