ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադաթի վերջին զոհը Լոռվա ձորերում

Ադաթի վերջին զոհը  Լոռվա ձորերում
14.03.2014 | 11:59

2005-ին Երևանում տպագրվեց ստվարածավալ մի գիրք` վերնագրված «Մուսա լեռան ողջույնը», որի հեղինակն է Պողոս Արմենակ Լազիսյանը: Գիրքը ակնարկների, պատմվածքների մի ժողովածու է, հիմնականում նվիրված հերոսական Մուսա լեռան բնակիչների պատմական անցյալին ու նրա 6 գյուղերի ազգագրությանը: Բայց գիրքը նշանավոր դարձավ նրանով, որ Սարոյին սպանելուց հետո, շուրջ 100 տարի անհայտության մեջ գտնվող Մոսիի մասին տեղեկություններ էր տալիս: Բնականաբար, «Անուշ» պոեմի ընթերցողները մտածել են, թե ինչ եղավ մարդասպան Մոսիի հետագա ճակատագիրը:
Բոլորից արհամարհված մարդասպանը, որ նաև քրոջ ողբերգության պատճառ դարձավ, անհայտ մնաց: Ըմբշամարտի դարավոր սովորույթը` ադաթը, խախտող Սարոյի պատիժը, որն ընդամենը մի ապտակով պիտի լուծվեր, իր թասիբը (պատիվը) փրկելու համար քրոջ սիրածին մահվան դատապարտեց:
Ադաթ կար սակայն էն մութ ձորերում,
ՈՒ միշտ հնազանդ հնոց ադաթին,
Ամբոխի առաջ իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։
Մի պահ մոռանալով այս ադաթը` Սարոն զգետնեց ընկերոջը, չմտածելով, որ խայտառակված աներձագը կուլ չի տալու իր պարտությունը:
Գրքի հեղինակը, որ շատ էր սիրում ճանապարհորդել Հայաստանում, երբ այցելեց Դսեղ` Թումանյանի տուն-թանգարան, անակնկալի եկավ, թանգարանը նորոգող վարպետ Օհաննեսից լսելով 97-ամյա մարդասպանի` Մոսիի կենդանի լինելու պատմությունն ու գրի առավ իր գրքում: Ահա գրքի այդ հատվածը.
...Դա Մոսիի ուշացած զղջման և մեղքը քավելու տվայտանքների տանջալից պատմությունն է: Ասում են, երբ հանցագործը չի պատժվում, շատ ծանր են լինում նրա ապրումները: 1946-ի աշնանը վարպետ-հյուսն Հովհաննեսը, որին կանչել էին դպրոցները նորոգելու, ահա թե ինչպիսի անակնկալի է հանդիպում։ Դսեղի կոլխոզի գրասենյակում աշխատելու ժամանակ նախագահը ներս է մտել, խնդրել է վարպետին մի քիչ հանգստանալ: Հովհաննեսը դուրս է եկել գյուղամեջ, մոտեցել հավաքվածներին, որոնց մեջ եղել է նաև բարձրահասակ, թիկնեղ, մինչև գոտկատեղը հասնող սպիտակ մորուքով, ազդեցիկ տպավորությամբ մի տղամարդ` Անուշի եղբայրը` Մոսին: Նա բարևել է նաև Մոսիին, նստել կողքին, երկար զրուցել, հետո հարցրել է.
-Մոսի ախպեր, չես փոշմանե՞լ, որ սպանել ես Սարոյին ու երկու ջահել կյանք խորտակել:
97-ամյա զառամյալ ծերունին, սրբելով աչքերից իջնող արցունքները, ասել է.
-Բա չեմ փոշմանե՞լ, բա որ իմանայի, որ աշխարհի ադաթները փոխվելու էին, էդ ղալաթը կանեի՞: Ամեն օր նրանց ման եկած վայրերը ման եմ եկել ու լաց եղել և ոչ մի օր չեմ մոռացել նրանց: Շատ ափսոս, որ երկու ջահել կյանք խորտակեցի:
Ապա, թաշկինակով սրբելով աչքերը, շարունակել է.
-ՈՒստա Հովհաննես, եթե վաղը ազատ ես, արի գնանք անտառ, քեզ բան եմ շանց տալու:
Հաջորդ օրը Հովհաննեսը Մոսիի հետ գնացել է անտառ, անցել ձորերով, բարձրացել սարերի բարձունքները, մտել անտառի խորքերը, դուրս եկել մի բացատ, որի կենտրոնում եղել է մի դարավոր ընկուզենի և, մոտենալով ընկուզենուն, նայել է նրա բնին ու հիացած բացականչել.
-Համա թե նախշել ես, հա՜, Մոսի ախպեր, սա հո հրաշք է:
Մոսին ծառի բնի վրա դանակի ծայրով փորագրած է եղել Սարոյին, ապա ինքնասպան եղած հերարձակ Անուշին` արտասվելիս: Նրա արցունքները կարծես շիթ առ շիթ կաթում էին Սարոյի կիսաբաց աչքերին` նրան իր սիրո լույսով կենդանություն տալու: Անուշի ու Սարոյի չորս կողմերը Լոռվա սարերի գլխահակ սպիտակ կակաչներ էին քանդակված, որոնք նաև իրենց բույրն էին ցողում նրանց վրա: Հիացմունքից քարացել էր Հովհաննեսը: Երկար էր դիտել սիրո սպանված զոհերի քանդակը:
-Գնանք, Մոսի ախպեր, դու արդեն երկար տարիներ շատ ես լացել:
Հաջորդ տարի ձմռանը Մոսին մահացավ (էջ 429-431):
Իհարկե, Մոսիից վրեժ կարելի էր լուծել, եթե Սարոն եղբայր ունենար` արյան վրեժ, ինչպես ընդունված է կովկասյան ցեղերի, քրդերի մեջ և Կորսիկայում (vendetta):
Լավ է, որ ողբերգությունը շարունակական չի եղել:


Ներսես ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ