Մարտի 24-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի Մահթումկուլի-Ֆրագիի 290-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսը, որին կհաջորդի հռչակավոր թուրքմեն բանաստեղծի ստեղծագործությունների ժողովածուի՝ հայերեն երրորդ հրատարակության շնորհանդեսը:
2014-ին լայնորեն նշվում է թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի-Ֆրագիի ծննդյան 290-ամյակը, և այս կապակցությամբ ինչպես Թուրքմենստանում, այնպես էլ բոլոր բարեկամ երկրներում նախատեսված են մի շարք միջոցառումներ:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, Թուրքմենստանի՝ Մահթումկուլիի անունը կրող պետական համալսարանի, երևանյան «Արտագերս» հրատարակչության և Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան համագործակցության արդյունքում լույս է տեսել Մահթումկուլիի բանաստեղծությունների ժողովածուի երրորդ հրատարակությունը, որի ծավալուն առաջաբանը գրել է Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Ժողովածուի մեջ զետեղված են թե՛ նախկինում տպագրված բանաստեղծություններ (թարգմանիչներ՝ Գ. Բանդուրյան, Ն. Միքայելյան, Ա. Թարյան, Գ. ՈՒմառյան, Մ. Հարությունյան, Վ. Հովակիմյան), թե՛ միանգամայն նոր թարգմանություններ, որոնք կատարել է ժամանակակից ճանաչված բանաստեղծ-թարգմանիչ Վարուժան Խաստուրը:
ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հրատարակության երաշխավորված գրքի շնորհանդեսին կմասնակցեն բարձրաստիճան անձինք, հասարակական ու մշակութային ականավոր գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքմենստանից ժամանած հատուկ պատվիրակությունը:
Նախատեսվում է նաև թուրքմենական բախշիների (գուսանների) ելույթ ու շնորհանդեսի ամբողջական ցուցադրություն թուրքմենական հեռուստատեսությամբ: