Ստրուկի հոգեբանությունը մեզ միշտ խանգարել է իրերն ու երևույթներն իրենց անունով կոչելու, փորձելու վերականգնել մեր իսկական արժեքները, ընդվզելու ամենուր ամեն ինչ ապականող երգի դեմ։ Ապա համարձակվիր բռնել աներևույթ չարագործի ձեռքը, որ պարտադրում է իրենը` ապազգային-օտարահունչը։ Բանն այնտեղ է հասել, որ մեր դարավոր թշնամին է արդեն բողոքում իր երգերը հայերի կողմից զավթելու դեմ։ Դժբախտաբար, այս անգամ իրավամբ։
Ի՞նչ են ցանկանում ասել այսքան անճաշակ, այսքան ապաշնորհ, հակաբեմական արտաքինով ու ներքինով, պարբերաբար եթեր դուրս գալով, իրենց կատարումներով մեր երգիչները, ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում, ո՞վ է պատվիրատուն, ի՞նչ ազգության է պատկանում։ Արդյո՞ք Հ2 հեռուստաալիքը, իր «Սիրված երգեր» հաղորդաշարով, Արթուր ՈՒմրոյանի գլխավորությամբ, պիտի շարունակի այսպես սղոցել մեր լսողությունը։ Իհարկե, ողջունելի է, որ մեր եզդի բարեկամ ՈՒմրոյանը ջանադրորեն աշխատում է հասարակությանը ներկայացնել հայ երգը, բայց մտահոգիչ է, որ նա հեռուստաեթերից ավելի շատ հնչեցնում է ցածրաճաշակ երաժշտություն, աղարտելով մեր երգի զուլալ, հայ երգի ոգին։ Ո՞Ւր էր, թե միայն ինքը լիներ, եզակի` ճաշակ ապականող կատարումով։ Անճաշակ ու ապազգային են, առանց բացառության, ոչ միայն այդ հաղորդաշարի, կարծես միտումնավոր ընտրված, բոլոր երգիչները, այլև իրենց նվագակցող երաժիշտները։ Հաղորդաշարի վերնագիրը, թվում է, բավական է, որ «Սիրված երգերը» անարգել մտնի մեր բնակարանը և պարտադրի իրենը` աղետալին։ Չի փրկում նույնիսկ հանճարեղ երգի կատարումը` Սայաթ-Նովա, Շերամ, Հավասի... Կարող ենք շարունակել մեր մեծերի անվանացանկը։ Ինչ լավ է, որ դուք չեք լսում, մեր բազմաչարչար հանճարներ։ Մի՞թե քիչ էին ձեր ժամանակների քաղաքական, սոցիալական հետապնդումներն ու հալածանքները։ Հրաշքով բացեիք ձեր ունկը և ականջ դնեիք այս կատարումներին։ Ցավալին այն է, որ դուք հալածվել եք ձեր իմաստուն, բարձրարվեստ արարումների համար, իսկ այսօրվա մեր «երգիչները» խրախուսվում են ձեր մեղեդին ու խոսքը խեղաթյուրելու համար։ Ամիսներ առաջ նույն հաղորդման ժամանակ սև ակնոցով, սև վերնաշապիկով, անբարետես արտաքինով մի երգիչ մուղամախառն մի այնպիսի ոռնոց էր գցել, որ զայրույթից չգիտեիր ինչ անել. հեռուստացո՞ւյցը ջարդել, թե՞... Իսկ ՈՒմրոյանը ցնծում էր։ Ո՜Ւր էր թե միայն մի ալիք, տվյալ պահին Հ2-ը, այսպես ներկայանար։ Չնչին բացառությամբ, արդեն մեր բոլոր ալիքներն են իրենց այսպիսի «ճոխություն» թույլ տալիս։ Այո՛, հենց «ճոխություն», քանզի մեր` հաճախ սիրված երգիչներն արդարանում են, որ հենց իրենց այսպիսի կատարումներն են վճարվում պատշաճ չափով ու «մակարդակով»։
Արման Հովհաննիսյան. անշուշտ, շնորհալի մի երգիչ, որ ձայնով, ներքինով իրավամբ կարող է առանց ավելորդ կլկլոցների էլ նվաճել ունկնդրին։ Բայց արի ու տես, որ մեր շատ սիրված երգիչն էլ ոչ միայն իրեն թույլ է տալիս, օրինակ` Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհը» արաբա-թուրքական ելևէջներով զարդարել, այլև չի էլ փորձել հասկանալ երգի տեքստի իմաստը, որն ինքնին, հանճարեղ երգ լինելուց զատ, նաև հանճարեղ բանաստեղծություն է։ Երգն ավարտվում է այսպես`
Հնդու-ղալամքարու վրեն
ծածկիլ իս մարմաշ նազանի...
Իսկ մեր երգիչը կրկնում է երգի առաջին քառատողի վերջին տողերը`
Ասում է` վաշ-վաշ նազանի...
Այս դեպքում մեր դիտողությունը ոչ թե ատելությամբ, այլ ցավով ենք բարձրաձայնում, որ այս օրինակով մեր մյուս երգիչները նույնպես ավելի ուշադիր լինեին ոչ միայն մեղեդու, այլև խոսքի, այն էլ հանճարեղ խոսքի նկատմամբ։
Աշխարհով մեկ փառաբանված «Երգ երգոց» հաղորդաշարը կոչված է վերականգնելու մեր հին երգերը, հիշելու հեղինակներին, ովքեր շատ չեն հիշվում։ Անշուշտ, խրախուսանքի արժանի է։
Բայց արդյո՞ք բոլոր երգերն ու բոլոր կատարումներն են հրաշալի, որոնց մասին այդպես գովեստով են արտահայտվում սրահում նստած մեր երգահաններն ու պրոֆեսորները։
Ի հակադրություն մեր դիտարկումների, չենք կարող չտեսնել նաև մեր երգի դրական դրսևորումները, օրինակ` «Շանթի» «Ժողովրդական երգիչ» համահայկական մրցաշարը։ Երիտասարդ երգիչների մի ամբողջ բանակ ցանկանում է ճիշտ, միաժամանակ սրտահույզ երգել։ Ցանկանում է և փորձում է։ Խոստովանենք, որ դա նրանց հաջողվում է լավ ուսուցիչների շնորհիվ։ Ժողովրդական, աշուղական, նույնիսկ Արցախի դժվարամարս բարբառով ստեղծված չքնաղ երգերի մի ամբողջ շարք մեր ապագա երգիչները երգում են պրոֆեսիոնալ, արտիստիկ, ներքին ու արտաքին հետաքրքիր ձևավորումներով։ Մնում է միայն մաղթել, որ նմանատիպ հաղորդաշարեր ավելի հաճախ լինեն մեր եթերում։ Այս դեպքում սկսում ես հավատալ, որ անառողջ երգի դեմ պայքարելու ամենաարդյունավետ ճանապարհը մաքուր, բյուրեղյա, իմաստուն կատարումների հաճախակի հնչեցումն է։ Եթերից, թե բեմից, միևնույն է, միայն թե փորձենք վերջապես մեր հանդիսատեսին, ունկնդրին ընտելացնել երգի բարձրարվեստ կատարումներին, մի բան, որ ցավալիորեն հազվադեպ է հանդիպում։ Հայ երգի ճշմարտացի, անկեղծ, հետաքրքիր մեկնաբանությամբ մեր կատարումները միայն կարող են ռեստորանի ցածրորակ, անպատվաբեր երգին հակադրվել։ Ռեստորանի երգը թող մնա ռեստորանում։ Մի կերպ կարելի է հաշտվել դրա հետ, օտարածին նեյնիմներով համեմված երգերին։ Թող երգեն իրենց տանը, իրենց ծնունդին կամ կնունքին։ Այսպես, իսկապես սիրված երգի ավերողները` արթուրներն ու ալիկները... այլևս հանդիսատես չունենան և իրենց հանդուգն պահվածքով չհայտարարեն, որ իրենք ավելի են սիրված, քան բարձրարվեստ երգի ջատագովները։ Ինչպես «Ազատ գոտի» հաղորդաշարի ժամանակ Աննա Մայիլյան երգչուհուն պատասխանեց Արթուրը... Նման դեպքերում լեզվակռիվ է, ոչ թե առողջ բանավեճ կամ քննարկում։ Արդեն շատ են քննարկումներն ու բանավեճերը, ժամանակն է, որ ընդամենը վերափոխվենք ինքներս, փոխենք մեր վերաբերմունքը դեպի կատարյալը, ազգայինը։
Այո՛, երգը կարող է ապաքինել, երգը կարող է վնասել թե՛ մարմինը, թե՛ հոգին։ Անճաշակ, գռեհիկ երգը հասարակության հիվանդությունն է։ Փորձենք ազատվել այդ հիվանդությունից։
Բնականաբար, չենք կարող խուսափել ազդեցություններից։ Բայց կարո՞ղ ենք հնարավորինս անաղարտ պահել մերը, սեփականը, անկրկնելին։
Եվրոպացիները նախանձում են մեր շարականների անզուգական կառուցվածքին, այն հատուկ է միայն մեզ` հայերիս։ Հիշենք, թե գերմանացի երգիչները ինչ սիրով ու նվիրումով էին երգում մեր երգերը, այն էլ բնագրով։ Թույլ չտանք, որ Հ2-ի արթուրները, ովքեր հպարտությամբ հայտարարում են, որ իրենք ավելի շատ ունկնդիր ունեն, շարունակեն իրենց հաղթարշավը։
Շատ ունկնդիր ունենալը դեռևս բարձր արվեստի երաշխիք չէ։ Ավելին, լավը, բարին միշտ էլ ավելի քիչ լսարան են ունեցել։ Հիշենք, որ Հիսուսին խաչեց ամբոխը։ Չարի ջատագովը բոլոր դեպքերում, բոլոր ոլորտներում` կրոնական, թե մշակութային, քաղաքական, թե սոցիալական, միշտ ավելի շատ է։
Չվախենանք լավի համար պայքարելու ընդվզումից։ Թույլ չտանք, որ բոլոր եթերներով հեռարձակվող ռաբիսը` արթուրներ, արտաշտիգրանասատրյաններ, ալիկգյունաշյաններ, ներսիկիսպիրյաններ...., պարտադրեն իրենց ողբալի ապազգային-վնասակարը ու ձևավորեն անճաշակ երգի մթնոլորտ։
«Քնար»
երաժշտասերների միություն ՀԿ