ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայրենասիրության և պահանջատիրության դասեր

Հայրենասիրության և  պահանջատիրության դասեր
18.04.2014 | 13:25

Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի դահլիճը լեփ-լեցուն էր ուսանողներով, ծնողներով, դասախոսներով և բազմաթիվ հյուրերով: Քոլեջի տնօրենությունը պատրաստել էր հուշ-ցերեկույթ` նվիրված անվանի արձակագիր Վրեժ Իսրայելյանի ծննդյան 65-ամյակին: Գրող, որի ստեղծագործությունն ամբողջովին ներծծված է հայրենասիրությամբ, պայքարի մեծ ոգով ու շիտակ մարդերգությամբ, որի հերոսները Մեծ եղեռնից մազապուրծ, հայրենի տան կարոտով ապրող տարագիր հայ մարդիկ են:
Ցերեկույթը բացեց քոլեջի տնօրեն Ռուբիկ Թովմասյանը: Նա, ներկայացնելով մեր ժամանակների արձակի լավագույն դեմքերից մեկին` Վրեժ Իսրայելյանին, ավելացրեց, որ իր նպատակը հեղինակի երկերը գրականագիտորեն վերլուծելը չէ, այլ նրան որպես մարդ, մանկության ընկեր, մեծ հայրենասեր, հմուտ ղեկավար և կենսափիլիսոփա ներկայացնելը: Ռուբիկ Թովմասյանն ասաց, որ Վրեժ Իսրայելյան գրողի անունն այսօրվա ուսանողին գուցե քիչ բան ասի, ուստի այս միջոցառման նպատակն է, որ ուսանողները ճանաչեն մեծ արձակագրին ու մարդուն, ումից կարելի է շիտակություն, քաջություն, հերոսություն սովորել և նրա երկերից հայրենասիրության դասեր քաղել: «Եթե Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը նամակ է ամբողջ աշխարհին, ապա Վրեժ Իսրայելյանի երկերը ուղղված են հայ ժողովրդին»,- Մուշեղ Գալշոյանի ոճով ասաց Ռուբիկ Թովմասյանը: Վրեժ Իսրայելյանի ստեղծագործություններում կարմիր թելի նման անցնում են խոր հայրենասիրությունը, տառապած, բայց առաքինի հայի` պահանջատեր հայի կերպարը: Դժվար է Վ. Իսրայելյանի ստեղծագործություններից առանձնացնել գլուխգործոցներ, քանզի դրանք բոլորն են արժեքավոր: Բանախոսը անդրադարձավ դրանցից մի քանիսին` «Ճակատամարտը», «Տոնապետ», «Մեկին գումարած մեկ», որոնց մեջ արտացոլված է միամիտ, ազնիվ, միաժամանակ անսահման հայրենասեր սասունցու կերպարը:
Վրեժ Իսրայելյանի հերոսները Մեծ եղեռնից մազապուրծ, հայրենի տան կարոտով ապրող տարագիր հայ մարդիկ են: Նրանք պարզ են ու շիտակ, միամիտ ու ազնիվ: «Երիցս երջանիկ կզգամ ինձ, եթե իմ Տոնապետը ձեր ընտանիքի անդամը դառնա կամ սիրված հյուրը»,- գրել է հեղինակն իր գրքի առաջաբանում: Իսկ նրա գրչակիցն ու մտերիմ ընկերը` Վրեժ Սարուխանյանը, որ ներկա էր միջոցառմանը, իր հիշատակի խոսքում նշեց, որ Վ. Իսրայելյանն իր «Տոնապետ»-ով կտակ է թողնում աշխարհին մարդավարի ապրելու` խղճով, պատվախնդրությամբ, սասունցուն վայել:
Ռուբիկ Թովմասյանն առանձնացրեց Վրեժ Իսրայելյանի գրական հերոսուհիներից մեկին` Գայանեին, ով հեղինակի ոչ միայն սիրասուն կինն էր, կողակիցը, այլև մարտական ընկերը և լավագույն երկերի գործող անձը: «Դժվար է գրողի կին լինելը, նրա քմահաճույքները տանելը, սակայն տիկին Գայանեն պատվով է կատարել հայ կնոջ իր դերը և ոչ միայն չի խանգարել, այլև ամբողջովին նպաստել է Վրեժի տաղանդի դրսևորմանը և ձևավորմանը` իբրև մարդ և գրող»,- ասաց Ռ. Թովմասյանը:
Այնուհետև քոլեջի ուսանողների և հրավիրված դերասանուհի Գոհար Մնացականյանի մասնակցությամբ, իբրև պրեմիերա, բեմադրվեց Վրեժ Իսրայելյանի «Անանուն երեխաներ» հուզիչ պիեսը: Այն իր բովանդակությամբ բողոք է` ուղղված դաժան արյունահեղություններին ու պատերազմներին, որոնք ստիպում են երեխաներին երազել ծաղիկ ու մեղու դառնալու մասին, որովհետև նրանց մեջ թշնամիներ ու բարեկամներ չեն լինում: Երեխաների դերերը կատարում էին հիմնական ընդհանուր կրթությամբ 1-ին կուրսի ուսանողներ Անդրինա Իսրայելյանը և Մհեր Բաղդասարյանը: ՈՒսանողներ Սարգիս Գևորգյանը, Հրանտ Մխիթարյանը և Ավետիք Գալստյանը կարդացին գրողի «Մեկ օրով ֆիդայի», «Եվ ձին իր հեծյալին ասաց», «Չնվաճված աշխարհամաս» պատմվածքները, որոնք ևս դաստիարակչական խոր ազդեցություն թողեցին ունկնդիրների վրա:
Պաշտոնական մասում Ռ. Թովմասյանը տնօրենության անունից հայտարարեց ռեֆերատների մրցույթ ուսանողության շրջանում` նվիրված Վրեժ Իսրայելյանի ստեղծագործություններին, որոնցից լավագույնների հեղինակները կխրախուսվեն դրամական պարգևով:
Ցերեկույթի հաջորդ մասում հայրենասիրական գեղեցիկ երգերի ոգեշունչ կատարմամբ ելույթ ունեցավ երգիչ-երգահան Արսեն Համբարյանը, որը մեկ անգամ չէ, որ հիացրել է քոլեջի համակազմին իր հզոր ձայնով և մեղեդային կատարումներով: Նա Վրեժ Իսրայելյանի պայծառ հիշատակի համար կատարեց իր հեղինակած «Քոչարի-Արմանի», «Եղեգնյա գրչով» երգերը, ինչպես նաև դահլիճը թնդաց բոլորին քաջածանոթ «Ձայն մը հնչեց» երգի նրա հնչեղ կատարումից:
Այնուհետև ելույթ ունեցավ և Վրեժ Իսրայելյանին նվիրված իր բանաստեղծությունն արտասանեց նրա հայրենակից Հայկ Կիրակոսյանը:
Ցերեկույթի վերջում քոլեջի տնօրեն Ռ. Թովմասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին, հատկապես տիկին Գայանեին, գրողի եղբորը` Սասուն Իսրայելյանին և բոլոր հարազատներին ու բարեկամներին, ովքեր իրենց ներկայությամբ պատվել էին ցերեկույթը: Տնօրենը երախտագիտություն հայտնեց նաև բոլոր ներկաներին, դերասանուհի Գ. Մնացականյանին:
Միջոցառման ավարտին հրավիրվածները սեղանի շուրջը բաժակ բարձրացրին և հարգեցին վաղամեռիկ գրողի ու մարդու պայծառ հիշատակը:


Էմմա ՄԽԵՅԱՆ
Քոլեջի դասախոս

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ