Ամեն ինչի մասին ասվել է։ Եվ ասվել է ամենայն ձևով։ Եվ ասել են բոլորը։ Եվ ասվել է, քանզի ասելն ու բանավորելն են եղել ի սկզբանե՝ ավետարանական-մարդաբանական առաջին զրույցի (փաստ է, որ ուղղաձիգ մենախոսության) համատեքստում։ Եվ ուրեմն ասվել է, նախ, ասելիքը, քան եղել է լսելիքը, հասկացվելիքը։
Թե՞ սխալ եմ ասում։ Թե՞ չեմ հասկանում։ Ի սզկբանե Բանն էր։
Հասկացողն է ասել, ոչ՝ ես (գրվածն ու գրվելիքը լսածի՝ մեր ձեռամբ արտագրածն է)։ Լա՜վ, հասկացողներ են ասել՝ Ճշմարտախոսի, ճշմարիտ Հասկացողի Ասելիքը բառակերպելով։
Եվ եթե Բանն էր նախագո, ուրեմն՝ վարակիչ էր ու ճակատագրական։ Ուրեմն՝ կոդավորում-կենսագործելակերպ էր, ավելին՝ մարդաբանություն էր, չէ՞ որ ասում ենք ամենքս՝ ճչացողից մինչև համր։ Վերջինի խոսքը մենք չենք լսում։ Սակավ ենք լսում։ Սակավներն են լսում։ Երջանիկներն են լսում, առավել երանահոգիները՝ հասկանում։
Թե՞ սխալ եմ լսել։ Թե՞ միայն ջանում եմ հասկացնել՝ առանց հասկանալի լինելու։
«Չխոսող» երեխան Բան է ուզում ասել (հասկանալի է, ի՛ր՝ մանկական, աստվածասեր լեզվով, ճչալո՛վ), մենք սաստում ենք՝ լռիր, սու՜ս, խելո՜ք մնա: Խելացի երեխան դառնում է խելոք։ Թե՞ չի դառնում։ Թե՞ չենք թողնում։ Թե՞ մեզ էլ չեն թողել, ու մենք էլ չենք դարձել։
Ո՞վ է հասկանում, ո՞վ կասի, ո՞վ կհասկացնի:
Սիրեցյալն ասում է՝ մի Բան ասեմ, ճիշտը կասե՞ս... Հետո էլ հավելում՝ ա՜հ, մեկ է՝ չես հասկանա կամ միևնույն է՝ ճիշտը չես ասի։ Խզումը, անհավատությունը բանավորում ենք՝ պայմանավորում լսելիքը, ասելիքը հասկացնելու փոխարեն։
Ասելը փաստ է, բայց ոչ՝ վավերագրություն։ Հասկացել, թե չեն հասկացել, ասել, թե չեն ասել, լսել, թե չեն լսել, սրանք եղել են առանձին փաստեր, բայց ոչ ամբողջական վավերագրություն։ Մարդկային ըմբռնումի, հիմնական ասելիքի կամ էական լսելիքի փաստագրություն։ Փաստաբանել ենք, չենք փաստագրել։
Եվ իմ ասածն էլ այս երկուսի զուգաթելերում է՝ մեծ սարդոստայն-մտոստայնն ընկած ճանճի պես։
Ասելիքը անհասցե արտանետել ենք՝ միայն հետադարձ հասցեն չնշելով։ Ասելով՝ տեսե՜ք, է՜ (տեսեք, ոչ թե լսեք, հասկացեք), մե՜նք ենք ասել, հետո չասեք, թե չենք ասել, թե չեք լսել: Այսպես է եղել քարանձավում՝ այլ ասելալեզվով, այդպես է եղել մեր էպոսային ծուռ կենսագրությունում («Հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ՝ գնաց»)։ Ասելը համարում ենք գթասրտություն, մեծահոգություն, մինչդեռ ինքն իսկ խղճահարության կարիք ունի՝ խոհից Բան դառնալու, բանաձևվելու անհամեստության, տկարամտության համար, ոչինչ չասելու ամբարտավանության համար՝ չհասկացողի ասածը մատնելով:
Ճիշտ ենք ասում այնքան, որքան խոստովանում ենք, որ չենք հասկանում։ Ճշմարտությունը, միգուցե, չասվածի խորհրդավորության շղարշով է պարուրված, բայց Ճշմարիտ ասելիքն էլ մորեմերկ չէ, որովհետև նույնիսկ դրախտում խաղողի թուփը ծածկում էր Ադամի ու Եվայի մարմնական անհանդերձությունը:
Ասելը, ի վերջո, ինքներս մեզ ճշմարտության և որ ոչ պակաս կարևոր է, մեր սխալականության վրա բռնացնելն է, ոչ թե լսողին կամ այլ մեկին ճիշտ կամ սխալ հանելը։ Ասելը ճշմարտության որոնումն է, ոչ թե ասելիքի։ Մինդեռ մենք շարունակում ենք միամտաբար ու դժբախտաբար, Բա՜ն, բառե՜ր ընտրել՝ Խոսելու համար:
Ասում են՝ ասողին լսող է պետք, այո՛, բայց ի՞նչ է ասվել Լսողին և Ինչու՞ է ասվել, ոչ մեկը չի մտաբերում ու հասկանում։
Ես ասացի, լսողը՝ կլսի, հասկացողը կհասկանա, չհասկացողն էլ, իմ պես, կշարունակի «ասել»: