Պրահայի երեկոն նվիրված էր ամերիկահայ մեծ նկարչի 110-ամյակին
Ըստ orer.eu-ի՝ ապրիլի 30-ին Պրահայի Էվալդ կինոթատրոնում ցուցադրվեց բրիտանական «Առանց Գորկու» ֆիլմը (2011)` նվիրված 20-րդ դարի հանրահայտ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկուն։ Ցուցադրությունը կազմակերպել էր «Արմենիա քլաբ» հասարակական կազմակերպությունը` Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։ Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես է եկել կազմակերպության նախագահ, ակադեմիական նկարիչ Տիգրան Աբրահամյանը և նշել, որ երեկոն նվիրված է նկարչի 110-ամյակին։ Այնուհետև Գորկու կյանքի ու ստեղծագործության մասին չեխերենով հակիրճ ելույթ է ունեցել երիտասարդ կինոռեժիսոր Անդրան Աբրահամյանը։ Այդ ընթացքում էկրանին ցուցադրվել են Գորկու աշխատանքների լուսանկարները։ Դահլիճում հիմնականում հավաքված էին չեխ և հայ արվեստագետներ, ովքեր ֆիլմի ցուցադրությանը հետևած գինու հյուրասիրությանը շարունակեցին մտքեր փոխանակել ֆիլմի և Գորկու արվեստի շուրջ։ Իր ներկայությամբ երեկոն պատվել էր Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։
«Առանց Գորկու» ֆիլմի ռեժիսորն է Արշիլ Գորկու թոռնուհինˋ Կոսիմա Սպենդերը, ով հարցազրույցներ է վարել ոչ միայն Գորկու կնոջ`Մուգուշի (Ագնես Մակգոդերի) , այլև նրա երկու դուստրերի`Մարոյի և Նատաշայի հետ։ Ընտանեկան հարցազրույցների միջոցով թոռնուհին, Մարոյի աղջիկը`Կոսիման, ով ծնվել է 1972 թվականին Իտալիայում, և արդեն երեք ֆիլմի հեղինակ է, բացահայտում է ոչ միայն Գորկի արվեստագետին, այլև մարդուն, ընտանիքի հորն ու ամուսնուն։ Նոր մանրամասներ են ի հայտ գալիս թե՛ Գորկու կնոջ հուշերից, թե՛ քրոջ`Վարդուշի, և թե՛ նրա ժամանակակիցների, և ավելի ակնառու է դառնում մեծ արվեստագետի ապրած հոգեկան դրաման։ Քույրերը ճամփորդում են թե՛ Ամերիկայում, և թե՛ Եվրոպայում, նույնիսկ մեկնում են Արևմտյան Հայաստան տեսնելու այն վայրերը, որտեղ ծնվել է իրենց հայրը։ ԱՄՆ-ում գտնում են իրենց մանկության տունը, միայն Մարոն է հիշում, թե ինչպես էին ապրում, որտեղ ինչ էր դրված։ Ավաղ, փոքր քույրըˋ Նատաշան ոչինչ չէր հիշում և անընդհատ հուզվում էր։ Քույրերը հանդիպում են նաև իրենց մորը, որին վաղուց չէին տեսել։ « Առանց Գորկու» ֆիլմը ոչ միայն վավերագրական ֆիլմ է մեծ նկարչի կյանքի պատմության մասին, այլև խորը հոգեբանական վերլուծություն 20-րդ դարի մարդկային փոխհարաբերությունների մասին։