ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Չեմ հասկանում այն գրողներին, ովքեր ժամանակին վերցրին ստալինյան մրցանակը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» մրցանակը հետ տվեցին»

«Չեմ հասկանում այն գրողներին, ովքեր ժամանակին վերցրին ստալինյան մրցանակը,  իսկ «Մեսրոպ Մաշտոց» մրցանակը հետ տվեցին»
06.05.2014 | 10:59

«Գիտեմ, ազատություն պիտի տեսնեմ ես, բայց չգիտեի, թե որքան, որքան կուզեի այդ ազատությունը վայելել այն ընկերներով, որոնց հետ սպասեցի ազատությանը, և սակայն որոնք այլևս չկան»:
Լեռ ԿԱՄՍԱՐ

Լեռ Կամսարն այն հայ գրողներից է, որոնց գրականությանը խորհրդային իշխանության տարիներին շատ քչերն էին ծանոթ: Դպրոցական, բուհական դասագրքերում Լեռ Կամսարի ստեղծագործությունները չկային որպես պարտադիր ուսումնասիրության նյութ: Իսկ նրա ստեղծագործություններից առանձին նմուշներ տպագրվում էին ժամանակի գրական մամուլում: Հիմա, երբ մեր իրականությունն էլ շատ չի հեռացել Լեռ Կամսարի ժամանակներից, նրա բազմաթիվ ստեղծագործություններ հրատարակվել են առանձին գրքերով, դրանք տարածվում են նաև համացանցով: Եվ Լեռ Կամսարը հետմահու ձեռք է բերել ոչ միայն բազմաթիվ ընթերցողներ, այլև երկրպագուներ: Գրողի ստեղծագործությունները կազմել, հրատարակության է պատրաստել նրա թոռնուհին՝ ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, որն իր պապին հիշում է, երբ տասը-տասներկու տարեկան էր:
«Երեք երեխա ուներ Լեռ Կամսարը: Ես ավագ որդու դուստրն եմ: Տասը-տասներկու տարեկան էի, երբ նա մահացավ։ Չէի գիտակցում, որ նա գրող է: Ինքն արդեն ներանձնացած ծերունի էր, հնամաշ ջոնջոլե պիջակով, ջոնջոլե տաբատով էր ման գալիս: Ճիշտ է, գիտեի, որ գրքեր ունի, բայց միևնույն է, չէի գիտակցում, որ արժեք ունեցող գրող է: Ես նրա գործերին ծանոթացել եմ, երբ արդեն ուսանող էի: Առաջին անգամ հայրիկս հարցրեց, թե ինչու չեմ զբաղվում, գործերը կարող եմ տանել-հանձնել, որ տպագրեն: Ես էլ ասացի՝ եթե լավ գրող լիներ, իրեն մինչև հիմա կտպագրեին, չէին սպասի: Հայրիկս շա՜տ վիրավորվեց: Որոշեցի գործերը տանել «Ավանգարդ»-ի խմբագրություն: Երբ սկսեցի ծանոթանալ իմ պապի ստեղծագործություններին, արդեն լավ ծանոթ էի համաշխարհային գրականությանը: Բայց այդ ժամանակ ինձ համար մի նոր աշխարհ բացահայտվեց: Նա գրում էր պարզ, առանց պաճուճանքների ու շատ անկաշկանդ: Սովետական գրականությունը միշտ եղել է ինչ-որ շրջանակների մեջ: Ես, կարդալով Լեռ Կամսարի գործերը, համոզվեցի, որ ինքը շատ ազատ, անկաշկանդ է ստեղծագործել: Ինձ համար անսպասելի էր, որ գրողը, ապրելով սովետական իշխանության տարիներին, կարող էր այդչափ ազատ լինել: Ես անընդհատ կարդում եմ նրա գործերը. Կամսարը թողել է շատ մեծ, հարուստ գրականություն: Ճիշտ է, երկու, թե երեք անգամ բռնագրավել են իմ պապի արխիվը, գաղթի ճանապարհին վնասվել է այդ արխիվը, 1935 թվականին, երբ ձերբակալել են, տարել են նրա արխիվը, բայց ես հիմա մի մեծ ճամպրուկ ունեմ, որը նրա աքսորական կյանքից է և լցված է անտիպներով: Իր ստեղծագործությունների քառասուն տոկոսն է միայն հրատարակված, մյուսներն անտիպ են»,- պատմում է գրողի թոռնուհին:
Վանուհի Թովմասյանի պատմելով՝ Լեռ Կամսարը հայտնի է դարձել առաջին իսկ ֆելիետոնից հետո: Ավելի ուշ նրա ստեղծագործությունները սկսել են տպագրվել կովկասյան մամուլում:
«Երբ 1915 թվականին գաղթեց, նա դրանից հետո սկսեց հանդես գալ արդեն Արևելյան Հայաստանում: Երբ սկսեց ֆելիետոններ գրել, նրան տարբեր տեղերից հրավիրեցին աշխատակցելու, ու ինքը դարձավ հայտնի: Նա շատ սիրված ու ճանաչված էր և ըմբոշխնում էր իր աստեղային ժամը: 1921 թվականին, երբ 11-րդ բանակը եկավ, նա փախել էր Թավրիզ: Սովետական շրջանում Կամսարից լույս է տեսնում երեք գիրք: Այդ շրջանում պահանջվում էր գովերգել Լենինին, Ստալինին, իսկ ինքը միայն քննադատում էր, երգիծական ոճով անդրադառնում: Դրա համար էլ սովետական պետության մեջ որոշեցին այնպես անել, որ նրա մասին ոչ ոք չհիշի: Նա եղել է առաջին բռնադատվածներից, բռնադատել են 1935-ի նոյեմբերին: Բռնագրավել էին Կամսարի «Պլենար նիստը»: Դատի ժամանակ դատավորը նրան ասում է. «Կներեք, բայց ես ձեզ պետք է երեք տարի տամ: Դուք պետք է ծնված լինեիք ուրիշ ժամանակ»: Նրան երեք տարով ազատազրկում են, ուղարկում են Սիբիր: Սիբիրից վերադառնում է, հետո համաներում են: Կամսարը հայտնի է եղել առաջին հանրապետությունում: Սակայն իր գրչի պատճառով քսան տարի արգելեցին գրել: Պատկերացնո՞ւմ եք, որ գրողին քսան տարի մատնեն լռության: Նրան կարող էին բանտարկել, այդ պատճառով էլ գաղտնի էր գրում»:
ԽՍՀՄ փլուզումից հետո հրատարակվեցին, թարգմանվեցին արգելված մի շարք գրողներ՝ Սերգեյ Դովլաթով, Իոսիֆ Բրոդսկի, Միխայիլ Բուլգակով, Ալեքսանդր Սոլժենիցին և այլք: Հայ գրողների շատ ստեղծագործություններ էլ, որոնք ժամանակին ներկայացվել էին գրաքննության լույսի ներքո, վերահրատարակվեցին ու նորովի մատուցվեցին ընթերցողին: Ի՞նչ ընդհանուր գծեր ունեն նրանք, հետաքրքրվեցինք գրողի թոռնուհուց:
«Կարդացել եմ Սերգեյ Դովլաթովից առանձին պատմվածքներ: Շատ եմ լսել, որ Դովլաթովի և Լեռ Կամսարի ստեղծագործությունները նման են իրար: Իրարից ազդեցություն չէին կարող ունենալ, իհարկե, տարբեր երկրներում մարդիկ կարող են նույն կերպ մտածել»,- ասաց մեր զրուցակիցը:
Վանուհի Թովմասյանը նշում է, որ ժամանակին արգելված գրողների ստեղծագործություններն այսօր մեծ հետաքրքրություն են առաջացրել:
«Ես համացանցում տեղադրում եմ Լեռ Կամսարի ստեղծագործությունները և տեսնում եմ, որ նրա ընթերցողների շարքում տասնհինգ տարեկաններ էլ կան։ Եթե նախկինում իմ պապի գործերը կարդում էին հիմնականում տարեց մարդիկ, հիմա երիտասարդներն են ավելի շատ հետաքրքրվում: Նրա ազատամտությունը շատ են սիրում: Եթե դպրոցներում, բուհերում ուսումնասիրեն Կամսարին, հետագայում կունենանք ազատ մտածողությամբ սերունդ: Գիտեմ, որ Լեռ Կամսարի ստեղծագործությունների հիման վրա մի քանի հոգի պաշտպանել են գիտական թեզեր: Գրականագետ Սամվել Մուրադյանն է գրել մենագրություն: Սփյուռքի վարժարաններում (Հունաստան, Լիբանան) ուսումնասիրում են Կամսարի գործերը, նրան շատ են սիրում այնտեղ»,- ասում է գրողի թոռնուհին:
Վանուհի Թովմասյանը պատմում է, թե ինչպես է Վանի թուրք քաղաքապետն իր պապին ասել ժամանակին. «Աֆարիմ, Կամսար, դու մեծ մարդ կդառնաս»:
«Նրա կսմիթները դիպուկ էին, ծաղրում էր Լենինին, Ստալինին, կենտկոմի քարտուղարներին: Բոլոր ժամանակակիցները տեղ են գտել նրա օրագրերում: Նա անդրադարձել է իր ժամանակի գրողներին, թե ով ոնց է իրեն պահել սովետական իշխանության տարիներին, քծնե՞լ է, թե՞ չի քծնել օրվա իշխանություններին: Նա չէր ներում և զզվում էր բոլոր այն գրողներից, ովքեր գովերգում էին Ստալինին և ժամանակի կոմունիստական կուսակցության առաջնորդներին: Նա իր «Չապրած տարիներ» օրագրությունում օր առ օր նկարագրել է, թե տվյալ օրվա մամուլում որ գրողն ինչ օդա է նվիրել Ստալինին: Անուն առ անուն, ազգանուն առ ազգանուն նա նշել է այդ մասին»,- փաստում է գրողի թոռնուհին:
Ի՞նչ կխորհեր, ինչպե՞ս կանդրադառնար Լեռ Կամսարը մեր իրականությանը, եթե ապրեր այսօր: Չէ՞ որ այսօր էլ չենք ձերբազատվել քծնանքի, երեսպաշտության գնով ամեն ինչի հասնողներից:
«Այդ ամենը կա, քանի որ դեռ պահպանվում է սովետական մտածողությունը, դեռ կան այդ մտածողությունը կրող մարդիկ: Երբ գա անկախ սերունդը, սովետական մտածողությունն էլ կմեռնի կամաց-կամաց: Ճիշտ է, բոլոր ժամանակներում էլ կան ու լինելու են ինչպես ըմբոստներ, այնպես էլ քծնողներ: Երբ այսօր Կամսարի շատ ստեղծագործություններ ես տեղադրում եմ համացանցում, ընթերցողներին թվում է, թե հենց մեր օրերի մասին է նա գրել: Նա այնքան դիպուկ է վեր հանել մարդկային թերություններն ու արատները, որ դրանք վերաբերում են բոլոր ժամանակներին: Նա մի առիթով գրել է՝ սոցիալիզմը սրով է հպատակեցնում, իսկ կապիտալիզմը՝ փողով»,- ասում է մեր զրուցակիցը: Համեմատելով մեր օրերի հետ՝ Վանուհի Թովմասյանը նշում է, որ այսօր մարդը կարող է գնալ այլ երկիր, այնտեղ կայանալ ու վերադառնալ, ինչի հնարավորությունը չկար անցյալում, երբ «Չեկա»-ի նկուղն էին ուղարկում ազատ մտածող մարդկանց:
Բայց ռուս հայտնի գրողներից Ֆազիլ Իսկանդերն էր վերջերս իր հարցազրույցներից մեկում արտահայտել հետևյալ միտքը. «Սովետական իշխանության օրոք ավելի հեշտ էր պահպանել խղճի մաքրությունը, քան այսօր: Այն ժամանակ հստակ ուրվագծված էին չարի սահմանները: Այսօրվա չարիքն անորոշ է, և հենց այդ պատճառով էլ՝ ավելի սարսափելի»: Համամի՞տ չեք,- հարցնում եմ Լեռ Կամսարի թոռնուհուն:
«Ես չեմ զգում այդ փոփոխությունը: Ժամանակին էլ, այսօր էլ ես կարողանում եմ տարբերել կեղծիքը ճշմարտությունից: Երբ լսում եմ լրատվությունը, ես կարողանում եմ տարբերել սուտն ու ճիշտը: Այնպես չէ, որ ամեն ինչ կարելի է հեշտությամբ նենգափոխել»,- ասում է մեր զրուցակիցը:
Վանուհի Թովմասյանը ճիշտ չի համարում պետական մրցանակներից հրաժարվելն այն դեպքում, երբ ժամանակին նույն գրողները չէին հրաժարվում լենինյան կամ սովետական մրցանակներից: Նա հիշեցնում է, որ միայն Բորիս Պաստեռնակն է ժամանակին հրաժարվել Նոբելյան մրցանակից:
«Ինձ համար ընդունելի էր Լևոն Խեչոյանի՝ պետական մրցանակից հրաժարվելը: Բայց չեմ ընդունում և չեմ հասկանում այն գրողներին, ովքեր ժամանակին վերցրին ստալինյան մրցանակը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» մրցանակը հետ տվեցին: Չեմ ընկալում, դա ինձ հոգեհարազատ չէ: Պետության դեմ բան ունես՝ գնա քո հարցերն այլ կերպ լուծիր: Ինչ վերաբերում է Լևոն Խեչոյանին, ապա նա այդ քայլն արեց հանուն իր ազատամարտիկ ընկերների: Եվ ես հասկանում եմ նրա այդ քայլը»,- մեր զրույցը եզրափակեց Վանուհի Թովմասյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ