ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեր երկրի, ժողովրդի պատմության մի մեծ ժամանակահատվածի յուրատեսակ մատենագիրը

Մեր երկրի, ժողովրդի պատմության  մի մեծ ժամանակահատվածի  յուրատեսակ մատենագիրը
09.05.2014 | 15:29

Մկրտիչ Սարգսյանի (1924-2002) գրական ժառանգությանն առնչվում ենք դպրոցական տարիներից. «Կյանքը կրակի տակ» (1963), «Ճակատագրով դատապարտվածները» (1967), «Սերժանտ Կարոն» (1970) գրքերը, որտեղ ամփոփված նրա՝ Հայրենական մեծ պատերազմի թեմայով վիպակները, պատմվածքները մի քանի սերունդների համար հոգեշահ ընթերցանության նյութ էին, թեմատիկ առումով՝ թարմ խոսք։

Մ. Սարգսյանի գրականության լավագույն գիտակներից էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշալույս Բաբայանը, որի հետ գրողին նվիրված զրույցներ հաճախ էինք ունենում. բարեկամներ էին, ու պատմելու, քննարկելու նյութ շատ կար։ Կրկնվողը գրականագետի, ընկերոջ բարյացակամությունն ու անակնկալների միշտ պատրաստ լինելն էր. համարձակությունը Մկրտիչ Սարգսյան մարդու և գրողի նկարագրի անբաժան մասն էր։
Անակնկալը չուշացավ.1980-ին լույս տեսավ «Քաջ Նազար» վեպը։ Խորհրդային երկրի (հետո հասկացանք՝ ոչ միայն) քաղաքական կյանքի այդքան ճշմարիտ ու խոսուն պատկերը շատ կրքեր բորբոքեց, բայց հաղթեց գրողը, որ արյուն էր թափել պատերազմի դաշտում, իրավունք ուներ և ասաց իր ճշմարիտ խոսքը՝ առանց վերապահումների, զինվորի համարձակությամբ։
Իր սքանչելի ծննդավայրի՝ Ախալքալաքի բնաշխարհից անբաժան էր Մկրտիչ Սարգսյանը. երկար տարիներ ապրեց Երևանում, գրական կյանքի կազմակերպիչներից ու պատասխանատուներից էր, բայց եղավ ու մնաց Ջավախքի կարոտով շնչող բանաստեղծ, արձակագիր։ Նրա գրականության մեջ ամենազորեղն անկեղծության լարն է. ո՛ւմ կամ ինչի՛ մասին էլ գրել է, գրել է սերունդների համար՝ դառնալով մեր երկրի, ժողովրդի պատմության մի մեծ ժամանակահատվածի յուրատեսակ մատենագիրը։
Մկրտիչ Սարգսյանի գրականության հիմնական հարցերից են մարդը և սերը ժամանակների խաչմերուկում։ Այդ սերն սկսվում է Աբուլի սպիտակափայլ գագաթից, անցնում «պատմական հնություն ունեցող աչքերով» հայրենակիցների ու հատկապես գեղեցկուհի հարևանուհիների, դասընկերուհիների անմոռաց հուշերով, Հայրենական մեծ պատերազմի թատերաբեմով և հասնում 21-րդ դար։ Այս տասնամյակների ընթացքում գրողը չկորցրեց ուղենիշը՝ հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը, սերը և անձնազոհ խիզախությունը։
Ճակատագիրը Մկրտիչ Սարգսյանին շնորհեց բացառիկ պատեհություն. տեսավ Արցախյան ազատամարտի հաղթական ավարտը։ Բայց նրա աչքի առաջ բեկվեց երկրի ու ժողովրդի պատմությունը։ Ազնիվ մարդու, գրողի ընդվզումը դարձավ վեպ-մենախոսություն («Դարավերջի հայը», 1999), որտեղ պատկերված է մեր ոչ վաղ անցյալի անբարեհույս, բայց հավաստի նկարագիրը։ Մարդու՝ օրերի հրամայականին հարմարվելու ճիգերը, երկրի իշխանավորների անհեռատես քայլերը պարզապես անհասկանալի էին հայրենիքի զինվորի պատասխանատվության ամենօրյա բեռը կրող գրողին։
Հետաքրքիր փաստ. միայն մեր օրերում ազգովին հասկացանք (ավելի ճիշտ՝ փորձում ենք հասկանալ) տագնապի այն շեշտերը, որոնք հնչում էին գրողի երկերում հայ-վրացական՝ անամպ թվացող հարաբերությունների մասին։ Նա տասնամյակներ առաջ տեսավ դեպքերի ընթացքը, իսկ հաճախ լսում էինք ու տարակուսում։
Վերջին շրջանում լույս տեսած անտիպ հրատարակություններն ամբողջացրին գրողի գրական դաշտի պատկերը։ Կարևորն այն է, որ նա այսօր էլ ամենաընթերցվող հայ գրողներից է, ունի տարբեր տարիքի ընթերցողներ, որոնց միավորում են գրքի նկատմամբ սերը և խոնարհումն այն գրական արժեքների նկատմամբ, որոնք մեր մշակույթի անբաժան մասն են։


Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ