ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կյանքի լույսն ու մութը «Վերնիսաժ»-ում

Կյանքի լույսն ու մութը «Վերնիսաժ»-ում
27.05.2014 | 11:54

«Հրաշալի է, որ իջնում են ձյան ճերմակ փաթիլները: ՈՒ սպիտակով է ծածկվում ամեն-ամենը: Եվ սպիտակում են մեր բոլոր մտքերը»:
Տոնինո ԳՈՒԵՐԱ

Այս բնաբանն է ընտրել արձակագիր Լևոն Ջավախյանն այս տարվա սկզբին լույս աշխարհ եկած իր «Վերնիսաժ» ժողովածուի 55-րդ էջում տեղ գտած «Անդրադարձ» պատմվածքի համար: «Հիսունհինգ»: Հենց այդպես էր վերնագրված 2005 թ. հրատարակված նրա 3-րդ գիրքը: Եվ այդ նախախնամության կամ թե զուգադիպության ուժով էլ առաջինն այդ էջը բացեցի ու սկսեցի կարդալ հենց այդ պատմվածքը:
-…Չինգիզ խանի նման ես էլ դեպի չարն եմ գնում, որ բարին արարեմ: Իհարկե, բնավորությանս որոշ գծեր նույնն են մնացել: Դրանք ողնաշարիս այն կարծր ողերն են, որոնց վրա դեռևս երևում է նախամարդը: Միշտ անդավաճան իմ ուղեկիցներն են փնթիությունը, անկեղծությունը, հետաքրքրասիրությունը, կենսախնդությունը, զարմացկոտությունը, բերանբացությունը, ճշմարտախոսությունը: Պարզապես ես չեմ կարող ստել: Օղորմածիկ Հովհաննես Մելքոնյանը ինձ ասում էր.
-Լևոն, գրականության հենքը սուտն է: Ես էլ եմ մեկ-մեկ ստում… Իսկ դու սուտը միջից հանում ես:
Եվ ի՞նչ: Սուտը մեծերին թողած` ես ճշմարտությունն եմ գրի առնում ու տարին տարվա վրա մեծանում, - գրում է Լևոն Ջավախյանը, ինքը դառնում իր քննադատը, հավատարիմ մնալով իր առաջին ժողովածուում («Ամենաանկեղծ մարդը») ինքնաներման ու ինքնահաստատման իր իսկ սահմանած չափորոշիչներին:
…Ահա «Վերնիսաժի առավոտ»-ը` անկախությունը եկավ և ինձ դուրս շպրտեց վերնիսաժ` արծաթ ծախելու:
Այստեղ են Աբոն, Նապոն, Վահագնը, Ջեմման, Շինպիոն, …մենք:
Առավոտը լույսն է: Օրը` կյանքը «Վերնիսաժ» պատմվածքում: Այստեղ երազային մեկնարկ է ու մտքում մանրածախ առևտրի խոսակցական-բացատրական բառարանը, որը, ըստ հեղինակի, ամբողջական չէ, բայց միանգամայն օգտակար է առօրյա առուծախում:
Հանրահայտ մեկնաբանությունների կողքին կարդում եմ «Դիվիդի անել», - էլեկտրոնային կշեռքի հարմարեցումը ձեռնտու օգտագործողին, որը, ըստ ցանկության, ապահովում է թերակշռում կամ գերակշռում: Վայ միամիտներիս, ինձ նման քանի քանիսն են հավատացել այդ էլեկտրոնային սարքի անմեղությանը:
Ամենաանկեղծ, ամենամաքուր ու ճշմարիտ մարդը հենց այդպես պիտի լինի, և հենց այդ են մեզ ուսուցանում իմ հայրենակից, ավագ ընկեր Լևոն Ջավախյանի պատմվածքները ու «Ժամանակի շունչը» խորագրված հրապարակախոսական հոդվածները, ակնարկները, նամակները։
Վերնիսաժ` մի կողմում Ավարայրում մարտնչած Վարդան Մամիկոնյանի ջղաձիգ արձանն է, իսկ մյուսում՝ Պատմության թանգարանը: Սրանք վերնիսաժի արժետիպերն են: Իսկ վերնիսաժում մեր կյանքի լույսն ու մութն են: Այստեղ գալիս են մուրացկաններ, գնորդներ, դիտորդներ՝ և՛ հայազգի, և՛ օտարազգի: Շուկայում նրանք անգամ տուփերով օդ են գնում, որ տանեն որպես հուշ, և նմաններն անգամ դառնում են թալանչիների և գրպանահատների զոհ: ՈՒ ծնվում է Լևոն Ջավախյանի «Ախ, վերնիսա՛ժ, վերնիսաժ»-ը՝ ոստիկանությանը հասցեագրված «Ի՞նչ է, նրանք չե՞ն ճանաչում գողին» հարցադրումով և «Գործեք, եթե գործունյա եք» կոչով:
Գրքի էջերում նաև Լևոն Ջավախյանի «Գրչեղբորս` Աքրամ Այլիսլիին» նամակն է՝ «Քարե երազներ» վիպակի համար ադրբեջանական լայն շրջանների հալածանքին արժանացած ադրբեջանցի գրողին, որի ավարտին կարդում եմ.
Լևոն Ջավախյան (2010 թ. մայիսի 23-ին Հարավային Կովկասում հանդուրժողականություն և խաղաղություն քարոզելու անվանակարգում «Քիրվա» պատմվածքի համար արժանացել է Բաքվի հանդուրժողականության կենտրոնի մրցանակին), 07.02.2013 թ.։
ՈՒզում եմ ավելացնել, որ Ջավախյանի ժողովածուն բացվում է հենց «Քիրվա» պատմվածքով, որը կյանքի մի փոքրիկ դրվագի ճշմարիտ նկարագրից այն կողմ չի անցնում: Չեմ ուզում այս թեմայով նոր քննարկում սկսել, ժամանակին դրանով ողողված էին մամուլն ու հեռուստատեսությունը:
Ոչ այս պատմվածքի հետ կապված ուզում եմ ասել, որ ճշմարտությունը ներկայացնելու համար հաճախ նաև ծայրահեղ մոտեցումներ են պահանջվում: Լևոն Ջավախյանի տողերում մի կարևորեք դրանք: Նա դրա փոխարեն ունի համարձակ գնահատականներ ու հարցադրումներ, բնապահպանության, խաղաղության թեմաներով լուրջ մտահոգություններ: ՈՒնի մամուլի հրապարակումների արձագանքման իր յուրատիպ ոճը, ազատագրման իր տարբերակը, երջանկության իր բանաձևը, ճակատագրի նկատմամբ իր հավատը, նույնիսկ նիհարելու իր դեղատոմսը: Այս ամենը կգտնեք ժողովածուի էջերում, որ նաև եզրահանգումներ ունի. «Սիրեցե՛ք զմիմեանս», «Հայրենասիրությունը մի մարդու «գործ» չէ»: Նա չի մոռացել անգամ իր փոքրիկ թոռնիկի` Նելսոնի ծննդյան օրը (23.04.2012 թ.) բերել գրքի 63-րդ էջ ու «Համբարձում» պատմվածքով մերը դարձնել իր մանկության օրերը, ճառագելով սեր ու հավատ հայրենի եզերքի հանդեպ, մանկացնելով մեծերիս ու մեծացնելով, պաշտպանելով մանկանց:
Ես գրքի մասնագիտական գնահատականները թողնում եմ գրականագետներին, բայց ընթերցողին կոչ եմ անում, որ չսպասեն դրանց, ոչ էլ նայեն Լևոն Ջավախյանի դեմքին, այլ կարդան նրա գրքերը:
Որքան էլ հզոր լինեն ձյան փաթիլները ու ծածկեն ամեն-ամենը, մի օր ձնհալ է լինելու, և բաց ճակատով բոլորս մնալու ենք մեր դավանած ճշմարտության հետ: Հեռու չէ 2015 թվականը, Լևոն Ջավախյանը դառնալու է 65 տարեկան: Սպասենք նրա մտքի ու գրչի նոր առկայծումներին ու հավատանք, որ Մեծ եղեռնի 100-ամյակի տարում արդար լուծում է ստանալու հայ դատի հիմնախնդիրը: Արդյունքում հնարավոր է, որ նույն գրքում տեսնենք «Քիրվա» պատմվածքը ու «Քարե երազներ» վիպակը ոչ միայն հայերեն: Ոչ ոք թող չկասկածի, որ ես կամ Լևոն Ջավախյանը ուրիշ որևէ մեկ հայից պակաս ենք ատում թուրք եղեռնագործներին, քնած սպային կացնահարող ադրբեջանցուն, ադրբեջանական կողմից իրականացվող կամ թե պատվիրվող դիպուկահարների կրակոցներ արձակողներին ու պատվիրողներին:
…Ես գլուխ եմ խոնարհում մեր բոլոր զոհերի ու կորուստների հիշատակի առաջ, բայց դեռևս չեմ պատրաստվում իմ գրադարակից դեն նետելու խորհրդային տարիներին ադրբեջանցու ընծայագրով ստացած ռուսալեզու գիրքը: Հավատում եմ, որ առնվազն գրականության ու մշակույթի համար սահմանները մի օր բացվելու են: Գոնե ես դրան հավատում եմ:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ