ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեծերի հետ հանդիպման գնաց թեպետ կիսատ, բայց առատ հունձքով

Մեծերի հետ հանդիպման գնաց թեպետ կիսատ, բայց  առատ հունձքով
23.09.2014 | 10:52

Ծանր ու կորստաբեր տարի էր հայ գրականության համար 2013-ը. դեռ չէին թառամել Հովհաննես Գրիգորյանի շիրմի ծաղիկները, մարեց Արամայիս Սահակյանի փշոտ, բայց անչար ծիծաղը, դեռ չէր լռել Վրեժ Իսրայելյանի կրակոցի ձայնը, պայթեց Լևոն Անանյանի մահվան բոթը։
Արամայիս Սահակյանի հուղարկավորմանը, հուզմունքը դժվարությամբ զսպելով, Լևոն Անանյանն ասաց, որ տերևաթափ է հայ գրականության մեջ։ Ի՞նչ իմանար, որ կարճ ժամանակ անց, ի՛նչ տերևաթափ, ծառի նման տապալվելու է նաև ինքը։ Անդառնալի կորուստ, ցավալի, մեծ մի անհեթեթություն։ Գրական կյանքից պակասեց նրա կենսասեր, եռանդուն ներկայությունը, լռեց նրա գեղեցիկ, պատկերավոր հայերենը, գրողների միությունում մարեց նրա սուրացող, հարեհաս ոտնաձայնը։ Գրականության նվիրյալ, գրականությամբ շնչող բարձր, մե՜ծ մտավորական, ով երկրորդ շնչառություն եղավ ՀԳՄ-ի համար, արժանապատվության արյուն ներարկեց պետության արհամարհած գրողին։
Փոխադարձաբար գրականությունն ու Լևոն Անանյանը կյանքի ավիշ ներարկեցին իրար, այլապես անհավատալի է` մեկ մարդ և բազմաճյուղ գործունեություն. հրապարակախոս, բանաստեղծ, խմբագիր, հրատարակիչ, թարգմանիչ, եռանդուն և ստեղծագործ կազմակերպիչ-ղեկավար, գրականության մարտիկ նաև, ով ընկավ հենց գրականության դաշտում։
Իր նախորդներից` ծանրախոհ ու հավասարակշիռ Էդուարդ Թոփչյանի 100-ամյակի միջոցառմանը նա նաև սեփական ցավն ու կրած տառապանքն արտահայտեց` բնորոշելով նաև իրեն. «Էդուարդ Թոփչյանը 21 տարի գրողական անհնազանդ համայնքը ղեկավարեց տաղանդով և ոսկերչի հմտությամբ, նրբությամբ։ Նա չսխալվեց ո՛չ վերևների, ո՛չ ներքևների հետ հարաբերություններում»։
Նրա բազմաճյուղ գործունեության հիմքը հրապարակախոսությունն էր` սրտացավ հայորդու ապրումներով շաղախված։ Նա իրերն իրենց անունով կոչելու խիզախության կնիքն էր դնում իր ամեն բառի, տողի տակ, իր գրքերով և ելույթներով փաստում էր, որ ճշմարիտ գրողի և գրականության համար չկան դիվանագիտական երկակի խաղեր, լավ կամ վատ բեմադրված ներկայացումներ, որ ստի ժամանակակից մայրուղուն զուգահեռ կա ճշմարտության անխոտոր մի արահետ. մայրուղին, ի վերջո, ինչ-որ տեղ ավարտվում է, իսկ արահետը, որքան էլ նեղլիկ ու քարքարոտ, հարընթաց է, ընդհուպ` արդարության լուսե կատարներ։ Նրա գրիչը մեկ առանցք ուներ` մարդկայինի, պարկեշտության, ազգայինի տարփողումը։ «Դիմակայություն» գրքում իր տագնապն էր աղաղակում հրապարակախոս Լևոն Անանյանը, դիմակայության իր պատվարն էր կանգնեցնում և՛ արտաքին ազգակործան արժեզրկումների դեմ, և՛ «գերտերությունների գլոբալ էգոիզմի» դեմ, և՛ «հանրաշահ ունեցվածքը մասնավոր գրպաններում պարտակելու» դեմ, և՛ «մեր երկրում լկտիության լիակատար և վերջնական հաղթանակի» դեմ, երբ «ամեն անգամ պարկեշտությունդ դաժան փորձության է ենթարկվում սեփական զավակներիդ հետ հեռուստացույց նայելիս»։
Ո՞վ անսաց նրա սթափության կոչերին։ Առայսօր օդից առկախ է մնացել նրա` «Ո՞վ պետք է կասեցնի ազգային մշակույթը ծնկի բերելու այս ամոթալի արշավը» հարցը։ Հարցը տվեց, պատասխանը չգտավ, որովհետև իր իսկ նշած կասեցնողների վրա առաջինը ինքը թերահավատորեն խաչ քաշեց (պաշտոնյաներ, կուսակցություններ, հասարակություն)։ Կարծես Խորենացու «Ողբն» էր. նույն մեղեդին, գրեթե նույն տեքստը, բայց դարն ու «ողբասացը»` տարբեր։
Լևոն Անանյանը հրապարակախոս էր` օժտված քաղաքացիական կենսունակ զգայարաններով, գումարած ազնիվ և բեղուն գրիչը։
Ցավոք, արդեն մեկ տարի է` լռել է նրա ճկուն, առինքնող, գրագետ հայերենը, չորացել է նրա սուր և սրտացավ գրչի թանաքը, բայց մխիթարության մի շող կա կորստյան ցավի մռայլության մեջ. իր գործով ոչ թե մեկ էջով, այլ մի ամբողջ հատորով հարստացրեց հայ գրականության պատմությունը, ոչ թե մի քարով ամրացրեց հայ գրականության հիմքը, այլ պաշտպանիչ պատ կառուցեց և հայ գրական մեծերի հետ հանդիպման գնաց թեպետ կիսատ, բայց առատ հունձքով։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ