ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արա Ալոյան բանաստեղծի Լույսը

Արա Ալոյան բանաստեղծի Լույսը
03.10.2014 | 15:31

Արա Ալոյան բանաստեղծին բացահայտեցի, երբ 2005 թվականին Դոնի-Ռոստովում ծանոթացա նրա «Լույս դառնալուց առաջ» խորագրով ժողովածուին:

Գրքի վերնագիրն րագիրն արդեն իսկ ինձ հուշեց հեղինակի զարմանահրաշ ու բովանդակ հոգետան մասին: Նոր շնչով ու մատուցման նոր ձևով իմ դեմ բացվեց Արա Ալոյան մարդ-բանաստեղծ-մեծ երազող արարածի ներաշխարհը. նարոտ ու գունագեղ, բառերին տիրապետող վարպետի վստահությամբ ու նրա իշխանության տակ հեղինակը կառուցել է մի աշխարհ՝ ներդաշնակ իր սիրոն ու տառապանքին, մտացածինին ու իրականին:

Բայց խոսքս հիմա ոչ թե նրա այդ ժողովածուի մասին է, այլ հետայդու բանաստեղծության լույսով ու լույսի ներքո հասունացած նրա նոր ստեղծագործությունների և ընդհանրապես նրա պոետական արարչագործության մասին: Նրա մեկ բանաստեղծությունն անգամ, եթե վերլուծենք, ապա կնկատենք, թե որքան բազմանկյուն, բազմաշերտ ու խորածավալ է նրա հոգեոլորտը, որքան սուր է նրա տեսանող աչքը, որքան սլացիկ է նրա միտքը և, որքան նկատելի են դառնում իրեղեն ու հոգևոր աշխարհի փոխկապակցումը՝ միմյանց հաջորդելով, լրելով, բացասելով ու հաստատելով:

Նարեկացու ավանդական դպրությամբ՝ մակդիրներով հարստացրած, սեփական ձևավորմամբ լրելով, բանաստեղծի ասելիքը մի դյուրահունչ մեղեդայնությամբ հնչում է, տարածվում է , աճում, բարձրանում՝ հասնելով իր եզրահանգմանը: Հավերժ պրպտող, ներսույզ, հոգևոր և իրական աշխարհի համեմատություններով նա գտնում է սեփականը՝ եզակին, յուրաշխարհիկ մի գունագեղությամբ՝ ուր օբյեկտի, սուբյեկտի և աշխարհաճանաչողության եռակապում նրա ներխռիվ կիզակենտրոն եսն է.այստեղ է սկսվում ձգողական ու կենսական շարժը՝ ի հայտ բերելով բանաստեղծությունը, ասել է թե՝ իրեն:

Նա ներեզերքներին հասնողի վարպետությամբ թափանցում և հասնում է ճանաչողության այն սահմանին, ուր բացվում է արվեստի բարձրագույն աշխարհը, գեղագիտական մտքերի մաքուր գոյությունը.տարակուսանք չէ սա, այլ գերագույն ինքնորոշիչ տարր, երբ տեսած ու տեղեկացված հեղինակը ճանաչածի ու անհասի, ենթագիտակցականի ու գիտակցականի, զգացմունքի ու մտքի համեմատությամբ փորձում է «աստվածային գեղից» մի անկրկնելի գույն կամ երանգ ձեռք բերել.
« Ես ի՜նչ հանեմ բազում արտասանված խոսքից...
Բառարանից սիրո և սիրաբառ խորքից...»
Մտահոգ ու ներհակ, կշռելով, չափել-ձևելով, հեղինակն ինքը՝ որպես ինֆորմացիոն կենտրոն, իր էներգետիկ միջուկի՝ Սիրո ուղղորդությամբ, «չհոմանիշվող», «չարծաթվող», «իր սեփական ոսկու» մաքրագույն անաղարտությանն է մոտենում՝ իրեն բնորոշ զուլալին, ուր, ասես, յուրային և սոսկական է նույնիսկ զգացմունքը, բույրը, գույնը, լեզվաոճը՝ դյուրին ու անբռնազբոսիկ, թախծալի ու լուսեղ, գեղեցիկ ու սեփական սրտին ռիթմիկ՝ կատարյալ ու ներդաշնակ: Երաժշտական ստեղծագործության պես հաջորդական աճում է թեման. տողը հասնելով իր կուլմինացիոն կետին՝ գալիս է ասելու, տիեզերքի և հոգու նույն կառուցվածքայնության մասին. դա այնքան համասահք է ընթանում, որ տրված ընթերցանության հոսքին հանկարծ հայտնվում ես վերոլորտներում՝ այն բարձունքին, ուր հեղինակի լույսի աղբյուրն է՝ կինը, սիրուհին կամ ընդհանրապես «ճերմակագո» տիրուհին.
«Որ քո ճերմակ Գոյին Ձեռագրվի մաքուր,
Ասեղգործվի ծաղիկ ու անցավել հոգում...»:
Ինձ այս տողերը վարդարանի աղոթքաշար են հիշեցնում, սրբագո արարածին մատուցվող «հոգեքաղ», օծում, մի սրբազան ծիսակատարություն, հատիկ- հատիկ, քայլ առ քայլ մոտեցող անցում, երբ իրեղենը փշրած սուբյեկտը հասնում է ոգեղենի սահմանին, օբյեկտին, ուր և կայանում է մտերմիկ ու միալեզու երկխոսություն՝ պարզ, անմիջական, հասու, անպաճույճ՝ առանց միջնորդի:
Ներխորքերի որոնումներից վերադարձող «ձիթենյաց ճյուղով Ավետաբերը» գտնելով զգացմունքի և գիտակցության անհայտացող սահմանը, հասնելով Ոգու Կոսմիկական նույնությանը, տալիս է հոգեփրկչության «լույս պտուղը»՝ բանաստեղծությունը, որն արդեն անցել է հոգևոր փորձությունների «գողգոթայով» և բյուրեղային լուսարձակմամբ շողշողում է իր հաղթածիրում:

Նաիրա Սիմոնյան
Բանաստեղծ

(Ռուսաստան)

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ