ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Խաչատրյանական փառատոնի յուրաքանչյուր համերգ նվիրված է մեր մեծերին

Խաչատրյանական փառատոնի յուրաքանչյուր համերգ նվիրված է մեր մեծերին
13.10.2014 | 12:28

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում շարունակում են Հայաստան ժամանել և դասական երաժշտության սիրահարներին գեղեցիկ անակնկալներ մատուցել անվանի երաժիշտներ։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ իտալացի հանրաճանաչ ջութակահար Աննա Տիֆուն, ով ներկայացրեց Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը։ Հնչեցին նաև Շոստակովիչի Տոնական նախերգանքը, Անտոնիո Կառլոս Գոմեսի, Հեյտոր Վիլլա-Լոբոսի, Օսկար Լորենցո Ֆերնանդեսի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարեցին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանն ու Էդեր Պաոլոցին։

Խաչատրյանական փառատոնի յուրաքանչյուր համերգ նվիրված է Հայաստանի, հայ ժողովրդի պատմության այս կամ այն փուլում մեծ ներդրում ունեցած անձանց։ Հերթական երեկոն նվիրված էր Իտալիայի դիմադրության շարժման հերոս Մկրտիչ Դաշտոյանի 100-ամյակին։ Համերգն անցկացվում էր Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ բոլորիս պարտքն է հիշել մեր մեծերին ու նրանց գործը հաղորդել հետագա սերունդներին։ Եվ խորհրդանշական է, որ Իտալիայի դիմադրության շարժման հերոս Մկրտիչ Դաշտոյանին նվիրված համերգին նվագում է հենց իտալացի Աննա Տիֆուն։
Ինքը՝ ջութակահարուհին, առաջին անգամ է ելույթ ունենում երիտասարդական նվագախմբի հետ։ Աննա Տիֆուն նշում է, որ թեև դեռևս չի նվագել Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, սակայն կարծում է, որ հրաշալի ստեղծագործություն է, և ցանկություն ունի հետագայում այն սովորել ու ներկայացնել հանդիսատեսին։ Հայաստանյան հաջորդ այցին նա խոստացավ նվագել Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Եվ ընդհանրապես, ջութակահարուհին խոստովանում է, որ հայկական երաժշտությունը շատ նման է հենց այն երաժշտությանը, որն ինքը սիրում է լսել։
Բրազիլացի դիրիժոր Էդեր Պաոլոցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցում է երկրորդ անգամ. առաջին հանդիպումը իտալական Մուզիկա Ռիվա փառատոնի շրջանակներում էր։ Նշում է, որ հայ երաժիշտները մեծ էնտուզիազմով են աշխատում և հաճույք են ստանում երաժշտություն ստեղծելիս։
Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 19-ին. աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին հատուկ հայաստանյան համերգի համար սովորել է և կներկայացնի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ