ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին:
Զրույցի ընթացքում Հ. Պողոսյանն ընդգծել է, որ հայ-մեքսիկական իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և մշակութային փոխանակումների իրականացման լավագույն դրսևորումն է առաջիկայում «ՀՀ կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում 2015-2019 թթ. համար» համագործակցության ծրագրի ստորագրումը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` նախարար Պողոսյանը կարևորել է «ՊՌՈՏՌԱԴ» մեքսիկական ստեղծագործությունների թարգմանության աջակցության գրական հրատարակչական ծրագիրը և դրա շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև Գվադալախարայի գրքի միջազգային տոնավաճառին հայկական կողմի մասնակցությունը, որը իսպանալեզու գրահրատարակչական արտադրանքի ամենակարևոր հարթակներից է: Զրույցի ընթացքում քննարկվել է նաև 2015-ին Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրեր անցկացնելու հարցը: