Լիտվայի կառավարությունը չի փոխել դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության առնչությամբ: Այս դիրքորոշումը միշտ արտահայտվել է Լիտվայի՝ բոլոր մակարդակների պաշտոնական անձանց Ադրբեջան այցելությունների ընթացքում: Ըստ apa.az-ի՝ այս մասին ասվում է Ադրբեջանում Լիտվայի դեսպանության մեկնաբանության մեջ, որն արվել է կապված լիտվական հեռուստաալիքով Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմի ցուցադրության հետ:
«Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը ցուցադրվել է արտասահմանյան ֆիլմերի փառատոնի շրջանակում: Նույն հեռուստաալիքով ցուցադրվել են նաև Ադրբեջանի և Վրաստանի արտադրության ֆիլմեր: Մենք համոզված ենք, որ լիտվացիները, այնպես՝ ինչպես ադրբեջանցիները, կարողանում են գեղարվեստական ֆիլմերը տարբերել քարոզչությունից: Լիտվան միշտ հարգանքով է վերաբերվել միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականությանը, և երբեք չի փոխել իր դիրքորոշումը»,-ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Կայքը նշում է, որ օրերս լիտվական «LRT Kultūra» մշակութային հեռուստաալիքով ցուցադրվել է Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը, որի մասին հայկական ԶԼՄ-ների անդրադարձից հետո ադրբեջանցիները աղմուկ էին բարձրացրել: